Քաղաքականություն եւ բանահյուսություն. փոխներթափանցումներ

Քաղաքականություն եւ բանահյուսություն. փոխներթափանցումներ

Խնձորի ծառի տակին,
Ռուսի զոնտիկի տակին,
Ես ու յարս միասին
Աշխարհ բերինք Մինասին

ԱԺ-ում Փաշինյանի երկարուձիգ մենախոսությունն ինչի՞ մասին էր: Ոչ մի բանի: Ու չնայած դրան՝ այդ մենախոսությունը մեծապես նպաստեց, որ հանրությունը դադարի Սոչին՝ հերթական կապիտուլյացիան, քննարկել: Թեհրանյան այցն այդ հարցը չէր լուծել, եթե չասենք, որ մի բան էլ յուղ էր լցրել Հայաստանի սուվերենության հնարավոր կորստի կրակների վրա: Փաշինյանից առանձնապես մեծ խելք չէր պահանջվում՝ Մոսկվային արված ռեւերանսները կրկնել նաեւ Թեհրանում՝ մենք բարձր ենք գնահատում ձեր դերը, մենք համաձայն ենք ձեր առաջարկին, մենք ոչ մի բանի ընդունակ չենք, փրկեք մեզ: Սոչիում եւ Թեհրանում պարզապես եղանակն էր տարբեր: Անձրեւ լիներ՝ Փաշինյանը կանգնելու էր Ռաիսիի հովանոցի տակ, եւ դրանում երկու կարծիք լինել չի կարող: Սոչիի հանդիպման մասին շատերն ասացին, որ այն ոչ թե եռակողմ, այլ՝ Ռուսաստան-Ադրբեջան հանդիպում էր: Զուտ քննարկումների տեսանկյունից, գուցե, այո, դա Պուտին-Ալիեւ հանդիպում էր, բայց Փաշինյանն առնվազն ֆիզիկապես ներկա էր այնտեղ, ինչը ժխտել չենք կարող:

Եվ ահա, Փաշինյանի ներկայությունը մի շատ կարեւոր մեսիջ էր պարունակում իր մեջ եւ ուղղված էր մեր արեւմտյան գործընկերներին՝ մնաք բարով, տղերք, Հայաստանն ընտրում է ռուսական հովանոցը: Փաշինյանի՝ Սոչիից անմիջապես հետո Թեհրանում հայտնվելն էլ ավելի խորացրեց այդ մեսիջը՝ մնաք բարով, տղերք, Հայաստանը միանում է Ռուսաստան-Իրան առանցքին: Չմոռանանք, սակայն, որ մի քանի օր առաջ ԱՄՆ պետդեպը հայտարարել էր, որ Իրան-Ռուսաստան առանցքի շուրջ համախմբված երկրները լուրջ խոչընդոտ են հանդիսանում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում:

Իսկ ի՞նչ է կատարվում Բրյուսելում Փաշինյանի՝ դեպի Ռուսաստան եւ Իրան այս «խրոխտ» անցումից հետո: Բրյուսելը, եթե հիշում եք, լուրջ ծրագրեր ուներ Արցախն Ադրբեջանին նվիրելու եւ տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Խեղճ Շառլ Միշել, քեզ կհաջողվի՞ արդյոք եւս մեկ հանդիպում կազմակերպել Փաշինյանի եւ Ալիեւի մասնակցությամբ, թե՞ ստիպված կլինես բավարարվել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ «ծիտիկ նկարելով»: Հայաստանն այլեւս Ռուսաստանի զոնտիկի տակ կանգնած ունի, պարոն Միշել:

Այս իրավիճակն անչափ նման է Սերժ Սարգսյանի կտրուկ որոշմանը հետեւած իրավիճակին, երբ 2013-ին դեպի Եվրամիություն գնացող Հայաստանը հանկարծ մտավ ԵԱՏՄ: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր «ուրույն» կարծիքն ուներ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած այդ կտրուկ շրջադարձի մասին: Բայց դա այն ժամանակ էր, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը կրկնեց այդ «հնարքը», եւ Արեւմուտքին պարզ դարձավ, որ 2018-ին Հայաստանում խաղարկված թավշյա իշխանազավթումը ոչ մի սրբագրում էլ չի մտցրել ՀՀ արտաքին քաղաքականության մեջ: Արեւմուտքը հասկացավ, որ ձախողել է թավշյա հեղափոխության ճանապարհով հետխորհրդային հերթական հանրապետությունն իրենով անելու փորձը: Ավելին ասեմ՝ Արեւմուտքը տեսավ, որ Նիկոլը նույնիսկ Սահակաշվիլի չէ, որ մարտահրավեր նետի Ռուսաստանին ու թռնի Ամերիկա: Նիկոլը ուրիշ «ֆռուկտ» է: Նա կարողացավ վատնել Արեւմուտքի ու Հայաստանում բնադրած սորոսական արեւմտամետների ողջ ռեսուրսը եւ կանգնել Պուտինի հովանոցի տակ: Սորոսին դեռ ոչ ոք այսպես դաժանորեն չէր խաբել:

Եվ, ուրեմն, ինչի՞ մասին էր Փաշինյանի երկարուձիգ մենախոսությունն Ազգային ժողովում՝ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը հետաձգել եմ, ուսուցիչների աշխատավարձը պետք է դառնա մեկ միլիոն, ոստիկանության, ԱԱԾ-ի եւ ՊՊԾ-ի աշխատավարձերը պետք է կրկնապատկվեն, ծխողներին պետք է բռնենք, տնտեսական բում, ֆլան-ֆստան: Քիչ մնաց մոռանայինք, թե ինչի համար ենք հավաքվել Սոչիում:

Վաղը հանրահավաք է Երեւանում: Արցախն իր հանրահավաքն արել է, որոշումը կայացրել, մեսիջները հղել՝ ուր որ հարկն է: Հերթը Հայաստանինն է՝ ասելու, որ հայ ժողովուրդը չի պատրաստվում իր հայրենիքն ու իրավունքները զիջել որեւէ մեկին, որ չի հավատում այն կեղծ հեռապատկերին, թե առանց Արցախի կարող է խաղաղություն հաստատվել այս պայթյունավտանգ տարածաշրջանում: 30 տարի շարունակ հայ ժողովրդի կրած զրկանքները, նրան պատուհասած պատերազմներն այն բանի համար չէին, որ Ադրբեջանի գազից ու նավթից կուրացած ինչ-որ քեռիներ գային ու մեզ ասեին՝ տվեք Արցախը, որ խաղաղ ապրեք: Մեր, ներառյալ Արցախի, խաղաղության համար մենք տասնապատիկ գին ենք վճարել ու ոչ մեկին այլեւս տալու բան չունենք:
Նիկոլը կմասնակցի՞ նոյեմբերի 5-ի հանրահավաքին: Հարցն էպիկական է եւ շատ տարօրինակ, բայցեւ հստակ է, որ չմասնակցելու ոչ մի հիմնավոր պատճառ նա չունի: Ավելին ասեմ, սա կարող է լինել նրա վերջին շանսը՝ փրկելու Արցախի հարցով հետագա բանակցություններում իր ներկայության իմաստը: