ՌԴ-ն Սոչիում հասավ իր ուզածին. Հայաստան-Ադրբեջան ստատուս քվոն պետք է պահպանվի

ՌԴ-ն Սոչիում հասավ իր ուզածին. Հայաստան-Ադրբեջան ստատուս քվոն պետք է պահպանվի

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը եթե նայելու լինենք հանդիպման կազմակերպչի` Ռուսաստանի շահերի տեսակետից, կտեսնենք, որ Ռուսաստանը կարողացավ հասնել իր առջեւ դրված խնդրի եթե ոչ լուծմանը, ապա գոնե փաստաթղթային ձեւակերպմանը` թույլ չտալ Հայաստան-Ադրբեջան հակամարտության ծավալումը եւ հասնել ներկա իրավիճակի կոնսերվացմանը, բայց ո՛չ վերջնական ինչ-որ լուծումների:

Ի տարբերություն Եվրամիության եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանին պետք չէ Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերջնական կարգավորում, բայց պետք չէ նաեւ այդ հակամարտության վերածումը պատերազմի: Ռուսաստանն առանց այն էլ լուրջ խնդիրներ ունի արեւմտյան ճակատում, որտեղ Ուկրաինայի բանակն արդեն երկու ամիս հաջող մարտեր է վարում ռուսական բանակի դեմ, եւ, չնայած գործադրվող ջանքերին, Ռուսաստանին չի հաջողվում կայունացնել ռազմաճակատի գիծը: Հարավային Կովկասում, Միջին Ասիայում կամ Արեւելյան Եվրոպայում Սերբիա-Կոսովո նոր հակամարտության բռնկումը, որին Ռուսաստանը պարտադրված պետք է լինի միջամտել, կարող է ծանր հետեւանքներ ունենալ Ռուսաստանի տնտեսության եւ բանակի համար: Չմիջամտելը կառաջացնի հեղինակության կորուստ. առաջին երկու դեպքում Հայաստանը, Տաջիկստանը եւ Ղրղզստանը Ռուսաստանի հետ կապված են դաշնակցային պայմանագրերով, իսկ Սերբիան Եվրոպայում Ռուսաստանի հետ չթշնամացած եւ նրա հետ բարեկամական հարաբերություններ պահող միակ սլավոնական երկիրն է: Հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը հրաժարվում են ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից, իսկ խնդրահարույց հարցերը լուծվելու են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա: Այսպիսով Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիա իրականացնելուց: Կպահպանի՞ իր այս պարտավորությունը Ադրբեջանը, ցույց կտա ժամանակը, բայց որ նա Սոչիում նման պարտավորություն է ստանձնել, ֆիքսված է հայտարարության մեջ:

Ի տարբերություն Պրահայում ստորագրված հայտարարության, որտեղ խաղաղության պայմանագրի նախապատրաստման կոնկրետ ժամկետներ էին նշված, Սոչիի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա խաղաղության պայմանագրի կամ Ադրբեջանի իշխանությունների եւ Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների ուղիղ բանակցությունների մասին: Հայտարարության մեջ խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դրական մթնոլորտի ձեւավորման եւ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, բայց դա ընդհանուր ձեւակերպում է: Այդ դրական մթնոլորտը կամ հարաբերությունների կարգավորումը պետք է՝ պատերազմի կամ ռազմական ակտիվ գործողությունների վերսկսում բացառելու համար: Հենց խաղաղության պայմանագրի չստորագրումը եւ արցախահայության ճակատագիրն Ադրբեջանի հայեցողությանը թողնելն է, որ Պուտինն անվանում էր վաշինգտոնյան ծրագիր: 

Որքան էլ Իլհամ Ալիեւը հայտարարի, որ ինքը լուծել է Արցախի հարցը, եւ դրան անդրադառնալու անհրաժեշտություն չկա, Սոչիում ստորագրված հայտարարության մեջ նշվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում՝ անվտանգության ապահովման գործում: Ալիեւը շատ լավ հասկանում է, որ, անկախ իր հայտարարություններից, քանի դեռ Արցախում տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբ եւ այդ զորախումբն է ապահովում անվտանգությունն իր տեղակայման գոտում, Արցախի հարցը լուծված չէ: Արցախի հարցը լուծված չէ այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիներն ունեն Հայաստանի քաղաքացիություն, ունեն ուղիղ եւ Ադրբեջանի կողմից չվերահսկվող կապ Հայաստանի հետ եւ չեն գտնվում Ադրբեջանի ուղիղ ենթակայության տակ: 

Երրորդ խնդիրը, որ լուծում է Ռուսաստանը` շարունակել մնալ միջնորդ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ: Սոչիում ստորագրված՝ մի քանի պարբերությունից կազմված փաստաթղթում մի քանի անգամ նշվում է, որ հենց Ռուսաստանի միջնորդությամբ են կողմերը դրական մթնոլորտ ձեւավորելու կամ հասնելու հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ ընդգծվում է խաղաղապահ զորախմբի՝ «տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի արդիականությունը»:

Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը ցանկանում են ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ հնարավորինս շուտ հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման, որն Ադրբեջանին հնարավորություն կտա վերջնականապես լուծել Արցախի հարցը` այն հայաթափելու ճանապարհով, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կհասնեն Արցախի եւ Հայաստանի տարածքը ռուսական բանակից ու ազդեցությունից ազատելուն: Մինչդեռ Ռուսաստանը ցույց է տալիս, որ արցախահայությունն իրեն պետք է այդ տարածքում խաղաղապահ առաքելություն իրականացնելու, իր ռազմական ներկայությունն ապահովելու համար: Ռուսաստանի եւ արցախահայության շահերն այս հարցում համընկնում են, քանի որ արցախահայերն էլ ուզում են մնալ եւ ապրել իրենց հայրենիքում՝ չենթարկվելով Ադրբեջանի կողմից ֆիզիկական ոչնչացման կամ բռնի տեղահանման վտանգին: Թե չէ՝ հեշտ է գլխացավի դեմ պայքարել գլուխը կտրելով, կամ, ինչպես սիրում էր ասել ԱԺ նախկին նախագահներից մեկը` գիլյոտինը թեփի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը չէ:

Ավետիս Բաբաջանյան