Ինչքա՞ն կարելի է հայերի արյունը «փոխանակել» նավթի ու գազի հետ, ոչ այնքան հարգելի եվրոպացիներ

Ինչքա՞ն կարելի է հայերի արյունը «փոխանակել» նավթի ու գազի հետ, ոչ այնքան հարգելի եվրոպացիներ

Թբիլիսիից Reuters-ը (Gabrielle Tétrault-Farber) փոխանցում է Chatham House think tank-ի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լուրենս Բրոերսի կարծիքն Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ. «Կարծում եմ, որ ռիսկը կապված է մի տեսակ նոր բուֆերային գոտիների, անվտանգության գոտիների, Հայաստանի առնվազն հարավային հատվածի մի տեսակ մասնատման եւ դա կասեցնելու՝ արտաքին դերակատարների անզորության հետ»: 

Հոդվածագիր Գաբրիել Թետրո-Ֆարբերը հարցադրում է անում ու պատասխանում. «Ինչո՞ւ պատերազմը սկսվեց այժմ: Ժամանակը կարեւոր է, որովհետեւ Ռուսաստանը նախկինում եղել է ազդեցիկ միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Թեպետ Կրեմլը երեքշաբթի հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն անում է հնարավորը՝ Հարավային Կովկասում արյունահեղությունը կանխելու համար, Ուկրաինայում պատերազմը խարխլել է Մոսկվայի՝ որպես տարածաշրջանի խաղաղության երաշխավորի կարգավիճակը: Հնարավոր է դա Ադրբեջանին հաղորդել է համարձակություն՝ նոր պահանջներ ներկայացնելու համար»: 

Բրոերսի կարծիքով՝ «Ադրբեջանում կա զգացողություն, որ այժմ եկել է իր հզորությունը, ռազմական առավելությունն օգտագործելու եւ առավելագույնը կորզելու այն բանից, ինչը նա կարող է ստանալ»:
Հենց այնպես, ըստ ցանկության, որեւէ պետություն, այն էլ՝ Ադրբեջանի կարգի, չի համարձակվի պատերազմ սանձազերծել, եթե համապատասխան ուժային կենտրոնների համաձայնությունը չստանա: Ըստ այդմ, վերոնշյալ փորձագետների դատողությունները թեպետ ինչ-որ առումով կարող են հիմնավորված համարվել, սակայն թվում է, թե «մի փոքր» դետալ է պակասում՝ տնտեսական շահը: Սեպտեմբերի 12-ին RFE/RL STAFF-ը հաղորդագրություն է տարածել  «Ադրբեջանը 30%-ով կավելացնի գազի արտահանումը Եվրոպա» (Radio Free Europe, Radio Liberty` «Ազատություն ռադիոկայան»): Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանը 30%-ով կավելացնի գազի արտահանումը Եվրոպա, որովհետեւ ԵՄ-ն ձգտում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ Ուկրաինա Կրեմլի ներխուժման պայմաններում: 

Ահա, այս «լավ» լուրից ոգեւորվածությունը, ի հավելումն վերոնշյալի, որոշիչ դեր է խաղացել սեպտեմբերի 13-ին պատերազմ սանձազերծելու համար: Եվս մեկ լրացում՝ Գաբրիելի նշած «ժամանակը կարեւոր է»-ի առումով: Ժամանակը կարեւոր է ոչ միայն վերոնշյալ իմաստով, այլեւ նրանով, որ առջեւում ձմեռ է, իսկ եվրոպական որոշ երկրների գազապահեստարանները՝ կիսադատարկ: Այսինքն՝ եվրոպացիները մարդկանց արյան դիմաց գազ պահեստավորելու այլընտրանք են ստացել, որը պետք է անվտանգ լինի՝ ի հաշիվ Հայաստանից ինչ-որ միջանցքի անջատման: Բայց խոսքը դրա մասին չէ: 

Կարելի է ենթադրել, որ 2018 թվականին ներմուծված հեղափոխության բուն նպատակը եղել է հենց Հայաստանի հարավի մասնատումը: Սրանից կարելի է եզրակացնել, որ սեպտեմբերի 13-ին սկսված ագրեսիայով փորձ է արվում դյուրացնել «հեղափոխականների» առաքելության իրականացումը: Հավանաբար, միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել իշխանափոխության մասին: Իսկ մինչ այդ, հզոր ուժերը թույլ չեն տա դա անել, եթե, իհարկե, ժողովրդի ուժգին ցասումը, որը ֆանտաստիկայի ժանրից է, չնախորդի Հայաստանի մասնատմանը: Ավելի հավանական է, որ իշխանափոխությունը լինի ոչ թե քաղաքական ուժերի ճնշման կամ ժողովրդի ցասման ազդեցությամբ, այլ կամավոր՝ պայմանավորված իր ստանձնած առաքելությունը կատարված լինելու հանգամանքով:

Գուցե ոչ հանուն հայերի, ոչ ի շահ Հայաստանի, այս առաքելությունը պետք է դառնա անիրագործելի՝ թեկուզեւ ռուսական էներգակիրներից ԵՄ-ի կախվածությունն էլ ավելի մեծացնելու համար: Ինչպե՞ս: Ոչ թե սահմանազատում եւ սահմանագծում, այլ Հարավային Կովկասում տարածքների վերաբաժանում այնպես, որպեսզի գազն ու նավթն անցնեն Հայաստանով…
Ինչքա՞ն կարելի է հայերի արյունը «փոխանակել» նավթի ու գազի հետ, ոչ այնքան հարգելի եվրոպացիներ: 1915 եւ 2020 թվականների ցեղասպանություններով չե՞ք բավարարվել:

Գագիկ Վարդանյան