Զերծ մնալ միջազգային քաղաքական ականներից 

Զերծ մնալ միջազգային քաղաքական ականներից 

Հետեւելով լրատվական հոսքին՝ անգամ ոչ քաղաքագետին էլ պարզ է դառնում, որ դրսի այն ուժերը, որոնք մի երեք տասնամյակ առաջ Հայաստանն ու հայերիս «օգտագործեցին» ԽՍՀՄ փլուզման արագացման ժամանակ, հիմա էլ նույն զինանոցով, արդեն պատերազմի հրահրումներով, ուզում են «օգտագործել» Ռուսաստանի մասնատման համար: Դրանից մեզ ոչ մի օգուտ, բացի վնասից... Առավել եւս՝ նրանց պլաններն Ուկրաինայում դեռեւս չեն ստացվում:

Արդեն պարզ է դառնում, որ այդ նույն ուժերի առաջնահերթություններից են Իրանին մեկուսացնելը եւ Անդրկովկասի թուրքացումը (իսկ դեմոգրաֆիայի առումով մեր եղբայր վրացիներից համարյա բան չի մնացել): Այս առումով իրականանում է մեր ոխերիմ բարեկամի՝ Թուրքիայի վաղեմի երազանքը՝ ճանապարհ դեպի Թուրան․ կանաչ, լայնարձակ ու բաց... 

Մեզ սատար կանգնող դրսի չակերտավոր ուժերն էլ դրանով ոչ թե երկու, այլ երեք նապաստակ են խփում:

Առաջին․ Իրանի լրիվ մեկուսացում, երկրորդ՝ Հայաստանի միատարր ազգաբնակչության, դեմոգրաֆիայի փոփոխություն եւ նրա զինված ուժերի անվերապահ թուլացում: Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ լավ ապրելու համար հենց այնպես չէր ասվում․ «Հայաստանին 16 հազար սահմանապահ զորախումբն էլ բավարար է»:

Եվ ամենակարեւորը՝ Իրան-Ռուսաստան-Հայաստան ստեղծվող ապագա ալյանսի կամ առանցքի չեզոքացում:

Դրա համար (տատս կասեր՝ լեզուս չորանա) չպիտի բացառել, որ կարող է Հայաստանում երկրորդ ճակատ բացվել։

Այստեղ մենք լրիվ մենակ ենք՝ հյուսիս լինի, հարավ, թե արեւելք ու արեւմուտք, մենք ենք՝ մեր սարերն ու բանակը:

Եվ ուրեմն... կասեր կլասիկը, պահանջվում է բոլոր ուժերի անվերապահ միավորում, որովհետեւ հետո-ն արդեն ուշ կլինի։ Իսկ իշխանությունները՝ լավ կլինի միջազգային քաղաքական ականներից զերծ մնան:

Ռոբերտ Մաթոսյան