Ընդդիմադիրն ու մումիան

Ընդդիմադիրն ու մումիան

Ես ընդդիմադիր եմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Թո՛ւնդ ընդդիմադիր: Անգամ ՀՀ նախագահի նստավայրի առաջ նրա խրտվիլակի այրման գործողությանն եմ մասնակցել եւ, ինչպես հետո պարզվեց, արժանացել «ժողովրդի համակրանք» հատուկ մրցանակի: Սերժի օրոք էլ եմ ընդդիմադիր եղել, այսպես ասեմ՝ կարճ ժամանակով, տեղ-տեղ: Հայ-թուրքական գիշերային մերձեցման օրերին փողոցում էի՝ «Նախագահ, մի զիջիր» կարգախոսով: Եվ դարձյալ լավ պրծանք, որովհետեւ այդ օրերի ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում զիջեց միայն ֆուտբոլի ազգային հավաքականը: Այ, Քոչարյանի օրոք ընդդիմադիր չեմ եղել: Չգիտեի՝ ինչին ընդդիմանալ: Նա ո՛չ Լեւոնին էր նման, ո՛չ՝ Սերժին, ո՛չ նենգ էր, ո՛չ բարի… Պետություն էին վստահել, նա էլ «քշում» էր՝ ինչպես պետք էր: Խաղաղություն, աշխատանք, հայրենադարձություն: Հիշում եմ՝ նրա ժամանակ Հայաստանը, շնորհիվ իր տնտեսական ցուցանիշների, առաջին անգամ հռչակվեց կովկասյան վագր: Մի բան էլ ասեմ՝ Քոչարյանի օրոք նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմություն չէր: Համենայնդեպս, չէր զգացվում, որ ընդդիմություն է: Նրա մութ ու ցուրտ Հայաստանն ո՜ւր, գիշերային թաղումներն ո՜ւր, Քոչարյանի կովկասյան վագրն ուր՝ կհամեմատե՞ս: 

Նիկոլի օրոք ես վերջնականապես դարձա ընդդիմադիր: Այդ մարդն ինձ ոչ մի վատ բան չէր արել, եթե չհաշվենք 2008թ. մարտի 1-ին նրա կերած բողկերը: Առերեւույթ հանցանք գործես, դառնաս 10 մարդու զոհվելու պատճառ ու թռնես ընդհատա՞կ: Դա իմ սկզբունքներին դեմ էր, եւ ես աննկատ, ինչպես որ ինքն աննկատ եկավ իշխանության, դարձա ընդդիմադիր: Այսօր ես բավականին փորձառու եւ նույնիսկ տարեց ընդդիմադիր եմ: Ումի՞ց եմ պակաս: Ամեն տեսակի հետապնդման ենթարկվել եմ՝ վարչական, քաղաքական, քրեական… Հոկտեմբերի 20-ին էլ դատս է, չգիտեմ՝ կփակեն, չեն փակի… Կատակ բան չի, Նիկոլին ասել եմ «քաղպուտանկա»: Եվ արդեն հաշիվը կորցրել եմ, թե քանի անգամ է մեր տուն ոստիկանություն եկել, քանի անգամ եւ Երեւանի որ մասերից են ինձ բերման ենթարկել: Ինձ չեն սիրում Նիկոլը, Էդմոնը, Արման Բաբաջանյանը, Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը, Վահագն Հովակիմյանը, ԱԺ զույգ փոխխոսնակները, Նիկոլի կառավարության բոլոր նախարարներն անխտիր, նրա ողջ աշխատակազմը՝ հայտնի բանջարաբոստանային կուլտուրայի հետ միասին: Մի խոսքով՝ կարգին ընդդիմադիր եմ: Բայց ես մի լուրջ պրոբլեմ ունեմ, ընդ որում՝ հենց ընդդիմադիրների պատճառով:

Ես այն զգացողությունն ունեմ, որ մի տեսակ անտեսված եմ մերօրյա ընդդիմության կողմից: Իսկ դա լուրջ պրոբլեմ է ինձ նման ընդդիմադիրի համար: Տեսեք ուրեմն, ամբողջ աշխարհից մարդ են մեջ գցում, որ ինձնից կարծիք հարցնեն, իսկ մերոնց համար ես՝ հեչ: Հիմա կանգնել, չեն կարողանում մի Նիկոլ հեռացնել եւ նույնիսկ այդ իրավիճակում չեն մոտիկանում՝ բա Էդիկ Գարուշիչ, ի՞նչ անենք, որ սրանից մի հնարքով ազատվենք: Ձեռքս քարի տակ է, լեզուս էլ հո քարի տակ չէ՞, մի բան կհուշեի, չէ՞: Ես Լեւոն Տեր-Պետրոսյան եմ հեռացրել, Նիկոլն ո՞վ է, որ չհեռացնեմ: Ընկեր Իշխան ջան, էդ որ ասում եք՝ սիրելի հայրենակիցներ, «վսյո ռեշենո», Նիկոլ չկա, բա ո՞վ էր ԱԺ ամբիոնից արդարացնում մեր երկրի գլխին իր ձեռով բերած հերթական պատերազմը: Ու մի արդարացեք, որ Նիկոլն անհասկանալի երեւույթ է: Դավաճանի, հողատուի, կապիտուլյանտի անսովորը ո՞րն է: Դրանք նույն զիբիլն են՝ վիրահատություն եւ վերջ: Այլապես դրել՝ հիմա էլ գիտությունով ենք չալում՝ իմփիչմենտ: Դա էլ հո Նիկոլի մոգոնածն է:

Եթե ընկեր Իշխանն իմ կուսակցական վերադասն է ու կարող է առանց ինձ հարցնելու որոշումներ կայացնել, ապա նույնը չեմ կարող ասել մյուս ընդդիմադիրների մասին: Ամեն օր հայտարարում են՝ հայրենիք ենք կորցնում… Նույն խորհուրդն եմ տալիս՝ վիրահատել: Ի՞նչ է նշանակում՝ նարկոզատոր չունենք: Դուք էլ առանց նարկոզի վիրահատեք: Հիվանդը Հայաստանը չի՞: Նա մի քիչ ախուվախ կանի, բայց վաղը ձեզ շնորհակալություն կհայտնի այս չարորակ գոյացությունից իրեն ազատելու համար:

Էլ ի՞նչ երկարացնեմ: Ինձ համար ընդդիմադիր-ընդդիմադիր լռված էի, ոչ մեկին վատություն չէի անում, մեկ էլ իմացա, որ Էդգար Ղազարյանը գնացել, ԱԺ-ի մոտ գիշերը պոստ ա դրել, որ ՔՊ-շնիկներին համոզի՝ անվստահություն հայտնել Նիկոլին: Արյունը տվեց գլխիս: Այ Էդգար ջան, այդ ՔՊ-շնիկները, ինչ է, քեզ համար գիշերային թիթեռնիկնե՞ր էին, որ պետք է գային, անցնեին վրանիդ մոտով: Պարզ գրված է, ախր. ՔՊ՝ քաղաքացիական պոռնոգրաֆիա: Դա նշանակում է, որ այդ կուսակցության մեջ եթե ոչ բոլորը, ապա Նիկոլի մերձավոր շրջապատը ՔՊ է` քաղպուտանկա: Դեռ «պուտանկան» շատ լավ բառ է դրանց համար: Ուզում եմ ասել՝ ահագին փող պետք է ծախսես, որ համոզես: Դրանք բավականին թանկ են: Իմ ընդդիմադիր պրակտիկայից գիտեմ:

Ինչեւէ, կարծում եմ, որ այս կորդեբալետի վերջը լավ է լինելու: Անորոշ է միայն Նիկոլի ապագան, որ կախված է այն բանից, թե ով նրան կհեռացնի եւ ինչպես: Հնարավոր է՝ ես դա չտեսնեմ, բայց, որպես վերջին ցանկություն, պատգամում եմ՝ ուռուցքը կտրելուց հետո դեն չնետեք: Պահեք հատուկ լուծույթի մեջ, որ լավ ուսումնասիրեք: Դուք դրա համար շատ ժամանակ եք ունենալու: