Մոսկվայում հարցերը լուծվում են հայերի անձնական կապերի միջոցով

Մոսկվայում հարցերը լուծվում են հայերի անձնական կապերի միջոցով

Վերջին օրերին Մոսկվայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումները կարող էին ունենալ ամենաանկանխատեսելի ու վատ հետեւանքները: Ըստ մեր աղբյուրի, եթե այդպես շարունակվեր, ապա հայերն արդեն ավելի հուժկու եւ կազմակերպված գործողություններով կպատասխանեին ադրբեջանցիների  բռնություններին: Ինչը, բնականաբար, կարող էր ունենալ ամենավատ հետեւանքները: Մոսկվայի որոշ թաղամասերում, ինչպես նաեւ մերձմոսկովյան շատ քաղաքներում, հայերն ու ադրբեջանցիները այս լարված օրերին նույն բնակելի շենքերում շարունակում էին ապրել հաշտ ու խաղաղ, նույն շուկաներում խաղաղ համատեղ աշխատել: Բայց որոշ թաղամասերում իրավիճակը շատ  լարված էր. ադրբեջանցիները խմբակային հարաձումներ էին գործում հայերի ու նրանց բիզնես օբյեկտների վրա ու ակնթարթորեն փախչում-անհետանում էին տեսադաշտից, հասկանալով, որ ամեն տեղ շատ հայեր կան եւ ակնթարթորեն կարող էին հավաքվել եւ իրենց «ինքնադատաստանի» ենթարկել:

 Մոսկվաբնակ հայերի մոտ մեծ հիասթափություն է առաջացել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից, որն ի զորու չի կարգավորել խնդիրը եւ ապահովել իր հայրենակիցների անվտանգությունը: Հայկական համայնքի բնակիչներից կազմված խումբը հանդիպել է դեսպանի հետ, հասկանալու համար, թե նա ինչ քայլեր է ձեռնարկել խնդրի լուծման համար: Դեսպանը պատասխանել է, որ դա կարող է լուծվել միայն ՌԴ իշխանությունների կողմից եւ իրավապահների միջնորդությամբ: Համայնքի բնակիչները հասկացել են, որ դեսպանի վրա հույս դնել չի կարելի. նա չունի այն անհատական իմիջը եւ կշիռը, որ կարողանա նման հարցեր լուծել:

Չի կարելի հույս դնել նաեւ Հայաստանում սփյուքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի վրա, որն այդ օրերին հարկ չհամարեց լինել «դեպքի» վայրում եւ իր դերակատարումն ունենալ հարցի կարգավորման համար: Ավելորդ է խոսել Ռուսաստանում հայերի Միության ու նրա նախագահ Արա Աբրահամյանի մասին, որի նշանակությունն արդեն Ռուսաստանում երկար տարիներ մոռացության է մատնվել: Իսկ նրա եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո բռնությունների միջադեպերի թիվն ավելանում էր:

ՌՀՄ կառույցի փոխարեն  Մոսկվայում գործում են հայկական տարբեր համայնքներ, որոնք կազմակերպչական մեծ աշխատանքներ են կատարում թե Ռուսաստանի հայերի, թե իրենց  ծննդավայր- համայնքների համար: Այս ամենից մոսկվաբնակ հայերը հասկացել են, որ որեւէ պաշտոնական պետական կառույցի վրա չի կարելի հույս դնել, եւ գործի են դրվել անձնական կապերը: Երեկ Մոսկվայի Հայկական եկեղեցու տարածքում մի քանի հարյուր հայեր աղոթքից հետո անցել են իրենց աշխարհիկ հարցերը կարգավորելու. լուսակերտցի մոսկվաբնակ գործարար Սարիբեկ Գեւորգյանը, ով «ծիրանային պատերազմի» ժամանակ տարածք էր հատկացրել Հայաստանից ՌԴ ծիրան արտահանած բեռնատարներին եւ օժանդակել դրանց վաճառքին, իր հարենակիցներից  մի քանի ժամ էր խնդրել հարցերը կարգավորելու համար: Թե ում հետ է հանդիպել գործարարը, ովքեր են դերակատարում ունեցել այդ հանդիպումների ժամանակ, հայտնի չէ:

Միայն հայտնի է, որ արդեն երեկ երեկոյան նա կոչ է արել իր հայրենակիցներին, չտրվել ադրբեջանցիների սադրանքների, որեւէ քայլ չձեռնարկել, հավաստիացնելով, որ ադրբեջանցիները դադարեցնում են իրենց բռնի գործողությունները: Ու  քանի որ Մոսկայի հայ համայնքը բավականին համախմբված է, որն ավելի ուժեղացավ այս վերջին օրերին, մշտապես կապի մեջ են իրար հետ, կոչը շատ արագ իր տարածումն ունեցավ ոչ միայն Մոսկվայում, այլ նաեւ ՌԴ տարբեր քաղաքներում: Ըստ մեր աղբյուրների, երեկ երեկոյից սկսած իրավիճակը թե Մոսկվայում, թե ՌԴ տարբեր քաղաքներում խաղաղ է, որեւէ կողմից նոր միջադեպ տեղի չի ունեցել: 

Իսկ վաղը Մոսկվայում հանդիսավորությամբ ու մեծ համերգով բացվելու է Սարիբեկ Գեւորգյանի բացած «Золотой абрикос» գյուղմթերքի շուկան, որտեղ հայերը վեց ամիս առանց տարածքի վճարի կարող են վաճառել իրենց գյուղմթերքը: «Տաշիր» գրուպն էլ է  վեց ամսով անվճար տարածք տրամադրել արտահանող հայաստանցիներին: Իսկ նախկինում, երբ հայերը իրենց բեռնատարները կանգնեցնում էին ադրբեջանցիներին պատկանող շուկաներում, դրանց համար վճարում էին հազարական  ԱՄՆ դոլար վարձավճար: Կարապետյանի տրամադրած տարածքում մի քանի օր ոչ միայն իրացվել է ադրբեջանցիների կողմից մերժված ծիրանը, այլեւ գործարարի կողմից ճոխ հյուրասիրություն է կազմակերպվել ոչ միայն բեռնատարաների վարորդների, այլեւ հերթում կանգնած հայերի համար: Ըստ ականատեսների, այդ օրերին Մոսկվայում հայերի համախմբման յուրահատուկ մթնոլորտ է տիրել: