Խաղաղությունը փուչիկով փողոց դուրս գալը չի․․․

Խաղաղությունը փուչիկով փողոց դուրս գալը չի․․․

Ամենահեշտ բանը հայտարարություն անելն է , ամենադժվար բանը իրագործելը։ Իշխանության է եկել մեկը, որ ասել- խոսելուց այն կողմ չի անցել։ Եթե փորձենք Փաշինյանին վեց տարին բնորոշել, կարող ենք ասել, որ գալու օրվանից առ այսօր զբաղված է օդ տատանելով։ Տատանվում է օդը, բառեր են դուրս գալիս, բայց այդ բառերի տակ նյութական , շոշափելի ոչինչ չկա։ Խաղաղություն է ուզում, բայց ոնց որ մայիսի մեկին փուչիկը ձեռքին շարքում կանգնած երեխա լինի։ Այդպես է նա պատկերացնում խաղաղությունը։  Դելիմիտացիա ու դեմարկացիա է ուզում, բայց տպավորություն է, թե մկրատը վերցրած իր մոր շրջազգեստն է կտրտում։ Այս ու այն կողմից էլ չեն թողնում, ասում են՝ մայրդ ուրիշ շրջազգեստ չունի որ հագնի։

ՀԱՊԿ-ից դուրս գալ է ուզում, ասես հոր տնից խռոված երեխա լինի։ Ինձ կոնֆետ էիք խոստացել, չտվիք։ Կոռուպցիայի դեմ է պայքարում, ոնց որ կռիվ- կռիվ խաղ  լինի։ Ասֆալտին պառկեցնում, հետո բարձրացնում, փոշիները մաքրում է։ Էս վերջում էլ Տավուշի գյուղեր էր գնացել՝ տան տերերին վախեցրել՝ եթե ձեր գյուղերը չհանձնեք, մինչև շաբաթվա վերջ պատերազմ է լինելու։ Ռուսը մի կողմից,  թուրքը մյուս կողմից թվանգներն առած ձեր վրա են գալու։ Արցախը հանձնել է, ոնց որ իր ձեռքի չսիրած խաղալիքն է տվել հարևանի տղային։ Ոչ մեղքի, ոչ պատասխանատվության, ոչ զղջումի զգացում չունի։ Ասում է՝ ուզել է, տվել եմ։ Հիմա էլ հարևանի տղան մյուս խաղալիքն է ուզում՝ Հայաստանը, ինքը էլի ուզում է տա, բայց ոչ խաղաղասեր, ոչ բարի մարդիկ ասում են՝ մի տուր։ Ինքն էլ զարմանում է ՝ ո՞նց կլինի, ուզում է։ Եթե այս ամենին ավելացնենք, որ այս մարդը երկրի ղեկավար է ու դեռ մնում է՝ կարելի է ապշել։ Նույնիսկ ինքն է ապշած, թե իրեն ոնց են պահում։ Չիմանալու տալով, որ իրեն Հայաստանում պահող չկա, իրեն դրսից են պահում, որ ինչ Հայաստան երկիրն ունի, չունի՝ հանձնի։ Մի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Օրինակ Տավուշի գյուղերում զարմանում են, թե Փաշինյանը ինչու՞ էր եկել Տավուշ ու իրենց վախեցնում, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ է լինելու։ Ասում են՝ բա ու՞ր է պատերազմը։ 

Երկրի ղեկավար ես, գնացել,  մարդկանց ահաբեկել ես՝ ու՞ր է պատերազմը։ Հիմա էլ գնա  ու բացատրի, թե ինչու չեղավ պատերազմը։ Ուինսթոն Չերչիլ անունով աշխարհում ճանաչված մի գործիչ կար, որ ասում էր․ «Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, ի՞նչ տեղի կունենա վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից և մեկ տարուց: Իսկ հետո բացատրել, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ»:  Չնայած քո ասած պատերազմն էլ թաղի երեխեքի կռիվ է քո համար։ Որովհետև ոչ կռվողն ես դու, ոչ զոհվողը։ Դու աթոռդ պինդ պահողն ու փուչիկ փչողն ես։