Հայը եւ հայկականը

Հայը եւ հայկականը

Խոսելով Նոբելյան մրցանակի եւ հայերի ունեցած առնչության մասին, արդեն հիշատակել ենք, որ հայ եւ հայազգի գիտնականները վիթխարի ավանդ են ներդրել համաշխարհային գիտության մեջ: Հայ եւ հայազգի գիտնականների անուններն իրենց հաստատուն տեղ են գտել գիտության կաճառում՝ անմահանալով գիտական բազմաթիվ բանաձեւերում, թեորեմներում եւ այլ գիտական ձեւակերպումներում ու բանաձեւերում: 

Աստղագիտության մեջ եւ մյուս բնական գիտություններում միայն Վ. Համբարձումյանի անունով հայտնի են մի քանի տեսություններ ու սկզբունքներ: Շվեյցարահայ մաթեմատիկոս Միրիմանովի անունն անմահացել է մի շարք մաթեմատիկական ձեւակերպումներում: Իտալահայ քիմիկոս Ջ. Չամչյանի ու խորհրդային քիմիկոս Հովհ. Կնունյանցի անուններն անմահացել են քիմիական տեսություններում ու գիտական այլ ձեւակերպումներում: Բազմաթիվ գիտական ձեւակերպումներում անմահացել են նաեւ այլ հայ եւ հայազգի գիտնականների անուններ: 

Աշխատել ենք ներքոշարադրյալ ձեւակերպումներին տալ գիտահանրամատչելի ձեւ, ձեռնպահ մնալով նյութը ծանրաբեռնել գիտական բանաձեւերով ու ֆուրմուլաներով, որոնք ոչ մասնագետ ընթերցողի համար հետաքրքիր լինել չէին կարող:

(մաս 1-ին)
Մաթեմատիկա

Մաթեմատիկայում եւ համակարգչային գիտության մեջ կրիտիկական ոչ կատարյալ գրաֆների վերաբերյալ ձեւակերպումներից մեկը հայտնի է ՀԱՅԿԱԿԱՆ թեորեմ անունով: Այն սահմանել է մաթեմատիկոս պրոֆեսոր Ստեփան Մարկոսյանը (1937-2015)՝ կրիտիկական ոչ կատարյալ գրաֆների համար, որի ուսումնասիրությամբ զբաղվել են նաեւ Գրենոբլի համալսարանի «Արտեմիս» լաբորատորիայի մի խումբ մաթեմատիկոսներ, որոնք Մարկոսյանի եւ նրա աշակերտների ստացած «սիմետրիկ թեորեմը» անվանել են «Հայկական», ընդունելով նրանց առաջնային դերը (A. Sebo, Laboratori ARTEMIS,RR 924, M, Nov. 1993)։ 

ԱԴՈՄՅԱՆԻ համադրության մեթոդ, առաջարկվել է ամերիկահայ մաթեմատիկոս, տեսաբան ֆիզիկոս Ջորջ Ադոմյանի կողմից (1922-1996):

Բարձրագույն մաթեմատիկայի գծային դիֆերենցիալ օպերատորի բանաձեւերից մեկը գիտության մեջ ամրագրվել է հայ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իշխան Խաչատրյանի (1947-2010) անունով:  ԽԱՉԱՏՐՅԱՆԻ բանաձեւը Շտուրմ-Լիուվիլի օպերատորի ավելի ընդհանուր, եզրային պայմանների նկատմամբ անփոփոխ տեսքի նոր բովանդակություն կրող առնչություն է։

ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԻ հավասարում անունով է հայտնի ֆիզիկական կենետիկայի օրինաչափություններից մեկը, որի օգնությամբ մի շարք խնդիրներ են լուծվում: 

Ինֆորմացիայի տեսությունում սֆերիկ գնահատականի ձեւերից մեկը հայտնի է ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ-ԲԼԵՅՀՈւԴԻ (Haroutunian-Blahood form of spheric bound) անունով: Այն առաջարկվել է հայ մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Եվգենի Հարությունյանի եւ ամերիկացի գիտնական Ռ. Բլեյհուդի կողմից: 

Հակադարձ կապով կապուղու ցուցիչը գիտության մեջ ամրագրվել է նույն Ե. Հարությունյանի անունով եւ հայտնի է ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻ ցուցիչ (Haroutunian exponent) ձեւակերպումով:

Մոտավորությունների տեսության կարեւորագույն ձեւակերպումներից մեկը հայտնի է ՄԵՐԳԵԼՅԱՆի բազմություն անունով:  Այս ձեւակերպումն առաջին անգամ առաջ է քաշել ԽՍՀՄ պատմության մեջ

ամենաերիտասարդ դոկտոր (գիտական աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս, 20 տարեկանում) հայ մեծ մաթեմատիկոս Ս. Մերգելյանը (1929-2008):  Ս. Մերգելյանի անունով հայտնի է նաեւ 1951-ին նրա իսկ կողմից ձեւակերպում ստացած բազմանդամներով հավասարաչափ մոտավորության հնարավորության դասական խնդրի վերջնական լուծումներից մեկը, որը գիտության մեջ ամրագրվել է ՄԵՐԳԵԼՅԱՆԻ թեորեմ անունով:
Թվերի տեսության կարեւոր հասկացություններից մեկը հայտնի է շվեյցարահայ մաթեմատիկոս Դմիտրի ՄԻՐԻՄԱՆՈՎԻ բազմանդամ անունով։ Թվերի տեսությունում մեկ այլ մաթեմատիկական ձեւակերպում՝ մոդուլային թվաբանական արտահայտություններից մեկը, որը հիմնավորում է Ֆերմայի թեորեմի ճշմարտացիությունը, հայտնի է ՄԻՐԻՄԱՆՈՎԻ համընկնում (Mirimanow congruence) կամ Միրմանանովի թեորեմ կամ Միրիմանովի համադրություն անունով: Բազմությունների տեսության ձեւակերպումներից մեկը, որն ընդհանրացնում է Բուրալ-Ֆորտի պարադոքսը, մաթեմատիկայում հայտնի է ՄԻՐԻՄԱՆՈՎԻ պարադոքս (բոլոր կուտակային դասերի պարադոքս) անունով:
ՉՈԲԱՆՅԱՆԻ թեորեմ, բանախյան տարածությունում հավանականության տեսության կենտրոնական սահմանային թեորեմ: Թեորեմը ձեւակերպել է վրացահայ մաթեմատիկոս Սերգեյ Չոբանյանը (ծնվ. 1942):

(մաս 2-րդ)
Քիմիա

Հայ եւ հայազգի քիմիկոսները նույնպես զգալի ավանդ են ունեցել քիմիայի զարգացման ասպարեզում, որտեղ մի շարք գիտնականների անուններ անմահացել են գիտական ձեւակերպումներում: Հանդիպելով հայ գիտնականների անուններով ձեւակերպումներին, ներքին հպարտություն է առաջանում, սակայն ցավալին այն է, որ այս գիտնականներն իրենց հայտնագործությունները հիմնականում կատարել են պատմական հայրենիքից դուրս: Այսօր Ջ. Չամչյանն ավելի հայտնի է Իտալիայում, քան Հայաստանում: Նրա անունով է անվանակոչվել Բոլոնիայի քիմիական ինստիտուտը: Նրա անունով սահմանվել է մրցանակ; Մինչդեռ նրա անունը մեզանում հայտնի է միայն մասնագետ եւ հետաքրքրասեր շրջանակներին: Նույնն է նաեւ խորհրդահայ ակադեմիկոս Հովհաննես Կնունյանցի (1906-1990) պարագայում, ում անունը նույնպես միայն նեղ շրջանակների է հայտնի: Ինչեւէ, թող սա մի փոքր փորձ լինի հայ ընթերցողին ծանոթացնել աշխարհում հայտնի, սակայն մեզանում անհայտ կամ քիչ հայտնի մեր քիմիկոս հայրենակիցների հետ:

ԳԱՍՊԱՐՅԱՆԻ եղանակ, աղաթթվի ստացման նոր եղանակ, որը 1946-ին ստացել է քիմիկոս Արծրուն Գասպարյանը, որի համար արժանացել է 1946թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի («Գասպարյանի եղանակի» համար):

 «ԿՆՈւՆՅԱՆՑԻ էլեքսիր», Հովհ. Կնունյանցի գլխավորությամբ հրապարակվել է միջնորդ միացությունների Х սինթեզը, որը ստացել է «Կնունյանցի էլեքսիր» անունը: Արդյունաբերական սինթեզը Х կարող է լինել էթիլենի հիմքի վրա, հետեւյալ սխեմայով.

ԿՆՈւՆՅԱՆՑԻ լակտոն, α-ացետաբուտիրալակտոնի ստացման եղանակ, որն օգտագործվում է B1 վիտամինի արտադրության մեջ:

ԿՆՈՒՆՅԱՆՑԻ վերախմբավորում, 1960-ական թթ. ֆտորկարբանիոնների մեզոմերիայի ուսումնասիրությամբ հայտնաբերված նոր տիպի վերախմբավորում` α-երկֆտորալկիլազիդների վերածումը կաբիլամինաֆտորիդների: Այս փորձերով հաստատվեց, որ պեֆտորաշների մոլեկուլներում գոյություն ունեն ջրածնի պրոտոնացնող ատոմներ, որոնց կարելի է տեղակայել մետաղի ատոմներով: Երեւույթը կոչվել է խորհրդահայ ակադեմիկոս Հովհաննես Կնունյանցի (1906-1990) անունով:

ՄԱԳԵՐՐԱՄՈՎԻ ռեակցիա, կոչվել է Ադրբեջանի ԳԱ-ի թղթ.-անդամ, պրոֆեսոր Աբել Մագերրամովի անունով:  Մագերրամովի հայրն ադրբեջանցի է, մայրը՝ Քնարիկը, հայուհի:

ՉԱՄ(Ի)ՉՅԱՆԻ ռեակցիա, լուսաքիմիական ռեակցիա` պիրոլների եւ ինդոլների փոխազդեցությունը հալոգեն-կարբենների հետ:  Չամ(ի)չյանի ռեակցիան բնութագրում է  օրգանական նյութերի վրա լույսի քիմիական ազդեցության հետեւանքները: Այս ռեակցիան ընդհանրացվել է 1908-ին` Ֆրանսիական քիմիական ընկերության  նիստում:

ՉԱՄ(Ի)ՉՅԱՆ-ԴԵՆՇՏԵԴԻ ռեակցիա, պիրոլի արոմատիկությունը հաստատող բանաձեւ: Առաջին անգամ այս ռեակցիայով է բացատրվել պիրոլի արոմատիկությունը, երկհալոգենկարբենների ներգործությամբ պիրոլային օղակի մեծացումը, որի հետեւանքով առաջանում են եռտեղակալված պիրիդիններ եւ քինոլիններ, որը գիտության մեջ հայտնի է դարձել Չամչյան - Դենշտեդի ռեակցիա անունով:

1881-ին այս ռեակցիան համատեղ առաջին անգամ ստացել են իտալահայ քիմիկոս Ջ. Չամչյանը եւ գերմանացի քիմիկոս Դենշտեդտը:

ՉԱՄ(Ի)ՉՅԱՆԻ վերախմբավորում, օ-նիտրաբենզալդեհիդի լուսաքիմիական փոխարկումը օ-նիտրազաբենզոյական թթվի: Նման վերախմբավորումները գիտության մեջ հայտնի են դարձել Չամչյանի անունով:

ՎԱՐԴԱՆՅԱՆԻ վերախմբավորում, պոլիֆունկցիոնալ միացությունների սինթեզի մեթոդների մշակման եւ ացետիլենալլեն-կումուլենային վերախմբավորում, որին Ս. Վարդանյանը հանգել է ացետիլենի, վինիլացետիլենի եւ նրանց ածանցյալների պարբերական ուսումնասիրությամբ: Վերախմբավորումը բացահայտել է քիմիկոս, ակադեմիկոս Սարգիս Վարդանյանը: 

Ացետիլենային γ-գլիկոլների սինթեզի եղանակ, որը գիտության մեջ է մտել ՖԱՎՈՐՍԿԻ-ԲԱԲԱՅԱՆԻ ռեակցիա անվանումով: Բաբայանը 1939-ին հայտնաբերել է Ֆավորսկու ռեակցիայի դարձելիությունը, մշակել գլիկոլների ստացման մատչելի եղանակ։

ՖՐԻՍՄԱՆ-ԴԱԴԻՎԱՆՅԱՆԻ էֆեկտ, պոլիմերաքիմիական էֆեկտ: Պոլիմերների լուծույթներում մակրոմոլեկուլների եւ լուծիչի մոլեկուլների օպտիկական անիզոտրոպության կոռելյացիոն էֆեկտ: Այս հայտնագործությունը 1963-ին կատարել է խորհրդահայ ֆիզիկոս Ա. Դադիվանյանը, հայտնագործությունը 331 համարով 1987-ին գրանցվել է ԽՍՀՄ հայտնագործությունների պետական մատյանում: 

Գագիկ Արծրունի