Ինքնասիրությո՞ւն… Չունենք, չենք ստացել
Քրիստոսի սուրբ Հարության տոնի նախօրյակին Փաշինյանն ու նրա ողջ ՔՊ-ականությունը, հերթական «շնորհավորանքները» ստացան Մոսկվայից՝ այս անգամ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայից և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից: Թե ինչու էր Փաշինյանը կրկին հայտնվել նշված անձանց ուշադրության կենտրոնում, չեմ կարող ասել, բայց «շնորհավորանքներից» պարզորոշ հասկացվում էր, որ ՌԴ թիվ 1 դիվանագետն ու նրա ներկայացուցիչը խոսում են դիվանագիտական տոնը հազիվ պահելով: Այլ խոսքով ասած՝ զգում էի, որ Փաշինյանին ու նրա կառավարությանն են «քֆրտում», բայց անընդհատ հիշատակում էին Արևմուտքը, որ ահա, քիթը խոթել է տարածաշրջանային գործերի մեջ ու բոլոր հնարավոր միջոցներով փորձում է վիժեցնել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործընթացները:
Փաշինյանից ու նրա կառավարությունից առայժմ ոչ մի արձագանք չկա այս «քֆրտոցին»: Նույնիսկ կասկածներ ունեմ, որ ոչ թե Փաշինյանը, այլ ես լավ չեմ հասկացել ռուս դիվանագետներին: Բայց, ահա, Լավրովը դիվանագիտորեն, սակայն բաց տեքստով ասում է, որ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին (Ալիևի հետ) քարշ տալով տարավ Բրյուսել, Հետո Պրահայում ստորագրել տվեց մի բազմակողմ թուղթ, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս և այլն և այլն: Փաշինյանի ինքնասիրությունը, ես զարմանում եմ, չի՞ վիրավորվում Լավրովի այս արտահայտությունից: Ավելին ասեմ: Լավրովը բացահայտում է, որ չնայած Փաշինյանը Ռուսաստանին քանիցս խնդրել է նպաստել Արցախի հարցի կարգավորմանը, բայց հենց ինքն է եղել ամենաակտիվը՝ ռուսաստանյան բանակցային հարթակները եվրոպականով փոխարինելու գործում: Բա ավելի պարզ ինչպե՞ս ասեր, որ Փաշինյանը երկերեսանի է:
Մարիա Զախարովայի «շնորհավորանքը», պետք է ասեմ, շատ ավելի կանացի էր՝ վույ, աման, հանկարծ Հայաստանը Արևմուտքի զոհը չդառնա: Ճիշտը որ ասեմ՝ ես հասկանում եմ այդ տիկնոջն ու նրա մտահոգությունները: Զախարովան, ի վերջո, այն ռուս բարձրաստիճաններից է, որ նույնիսկ արձակուրդ է անցկացրել Հայաստանում և ամենավառ տպավորություններով է հեռացել Հայաստանից: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Պարտվելով Ուկրաինայում՝ Արևմուտքը նոր ուղղություններ է փնտրում Ռուսաստանին վնասելու համար, մտել է հարաբկովկասյան տարածաշրջան ու փորձում է Ռուսաստանից պոկել նրա դարավոր բարեկամին: Զախարովան, ընդ որում, շատ բարձր է արտահայտվել Հայաստանի մասին՝ նշելով, որ առանց Հայաստանի կայունության ու բարգավաճման, Հարավային կովկասում չի կարող կայունություն լինել: Զախարովան նախկինում էլ նման կամ գրեթե նույնաբովանդակ «շնորհավորական» ուղերձներ է հղել ՀՀ վարչապետին և նրա կառավարությանը, բայց դրանք, կարելի է ասել, հիմնականում մնացել են անպատասխան: Մեկ անգամ միայն Փաշինյանը փորձեց անձամբ պատասխանել մի այդպիսի «շնորհավորանքի» և, ինչպես իր մյուս գործերը, այդ գործն էլ փառավորապես տապալվեց: Հայտարարեց, թե իր «կալիբրը» չի ներում, որ Զախարովային արձագանքի: Զախարովան ո՞վ ա, է՞, ես Պուտինի հետ եմ խոսում, նստում-վեր կենում: Ի՞նչ ասեմ, մարդն իրեն արդեն Բայդենի տեղն է դրել:
Ի դեպ՝ Զախարովայի՝ Փաշինյանին ուղղված «շնորհավորանքին» արձագանքել է Սպիտակ տունը: Սա գիտեք չէ՞ ինչի նման է: Ենթադրենք Սամվելիկին բակում մեկը ծեծում է, իսկ Սամվելիկի պապան հինգերորդ հարկից հաթաթա է տալիս ծեծողին՝ որ իջել եմ ներքև, ի՞նչ է… Ու միայն այդքանը: Սպիտակ տունը, ավելի ստույգ՝ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով Զախարովայի անհանգստությունը, նշել է, որ դա ընդամենը խանդ է, որովհետև Բրյուսելյան առաջիկա հանդիպումը (Փաշինյան, ԵՄ ղեկավարություն, ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն) կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա: Սա որքան էլ ծիծաղելի, բայց այնուամենայնիվ արձագանք է, ու կարող ենք ասել, որ Արևմուտքը որոշակի դիսկոմֆորտ է զգում, երբ Մոսկվայում իր անունն են շոշափում: Բայց մի՞թե Փաշինյանը չի կարող անձամբ արձագանքել Մոսկվայից իր քայլերին տրվող գնահատականներին: Սա է խնդիրը:
Եվ ավարտենք Լավրովի «շնորհավորանքով», որտեղ ի թիվս Փաշինյանի մյուս բարեմասնությունների, խոսվում է նաև Հայաստանում եվրոպական դիտորդներին ՆԱՏՕ-ի «դիտորդներով» փոխարինելու մասին: Թերևս կարելի է Միլլերի պես կատակի տալ ու ասել, որ Լավրովը խանդում է, բայց իր խորքում Լավրովի հայտարարությունը բավականին մտահոգիչ է: Բանն այն է, որ նա ՆԱՏՕ-ի մասին խոսում է ՀԱՊԿ-Հայաստան համատեքստում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանին ճիշտ ուղու վրա դնելու համար Ռուսաստանը նույնիսկ սեփական «ձեռքերը չի կեղտոտի», այլ դա կանի ՀԱՊԿ-ի ուժերով, ինչպես մի անգամ արեց Ղազախստանում: Փաշինյանը պետք է որ այդ օպերացիան լավ հիշի, քանզի հենց ինքն էր ղեկավարում այն՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի վարչապետ:
Կարծիքներ