Նրանք պետք է մի փոքր ինքնասիրություն և թասիբ ունենային եւ հեռանային. Լեւոն Քոչարյան

Նրանք պետք է մի փոքր ինքնասիրություն և թասիբ ունենային եւ հեռանային. Լեւոն Քոչարյան

«Եթե կհիշեք, անցյալ տարվա մայիսի ութին՝ Շուշիի ազատագրման օրը, նիստ էին դրել, դատախազներն էլ շատ ցինիկաբար ասացին՝ ձեզ Շուշին ազատագրելու համար չեն այստեղ դատում: Այս ամենի արդյունքը եղավ այն, ինչը մենք և ուրիշները 2․5 տարի շարունակ զգուշացնում էինք»: Այս մասին այսօր Շենգավիթի առաջին ատյանի դատարանի բակում Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը շատ մեծ խայտառակություն է, որը հիմա, ցավոք, ավելի վառ դարձավ. «Հիմա կան շատ բացեր, որոնք բանակցությունների միջոցով հնարավոր է ի օգուտ մեզ արդյունքներ ունենալ։ Ցավոք, մեր հասարակությունը մոլորված էր, և այդ ամենին ականջալուր չեղան»։

Լևոն Քոչարյանի խոսքով՝ իշխանությունների աներեսությունն ապշեցնում է. «Այս ամենից հետո մնալը աբսուրդի ժանրից է, և ես համաձայն եմ այն պնդումների հետ, որ նրանք պետք է մի փոքր ինքնասիրություն և թասիբ ունենային ու հեռանային»։

Հարցին, թե երբ է Ռոբերտ Քոչարյանը մտնելու քաղաքական դաշտ, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ հայրը շուտվանից է քաղաքականության մեջ, դրա մասին բազմիցս ասվել է։ Հետագա գործողությունների մասով դեռ առիթ կլինի խոսելու։