1995-ից 1964 թվականին ծնվածներից՝ 184 դիմորդ, մեկը 56 տարեկան է․ ինչպես են անցնում միասնական քննությունները

1995-ից 1964 թվականին ծնվածներից՝ 184 դիմորդ, մեկը 56 տարեկան է․ ինչպես են անցնում միասնական քննությունները

 Այս տարի միասնական քննություններին 13 առարկայից հայտագրվել է 12 հազար 456 դիմորդ, ևս 2 ու կես հազարի չափ դիմորդ հավակնում է բուհերի ավտոնոմ քննություններով հանձնել. դրանք արվեստի, սպորտի գծով դիմորդներն են՝ Կոնսերվատորիա, Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետ, Գեղարվեստի ակադեմիա և այլն։  Այս մասին «Հրապարակին» փոխանցեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից:

«13 առարկայից մնում է 3 առարկայի միասնական քննություն, որը տեղի է ունենալու հուլիսի 8-ին՝ «Կենսաբանություն», «Հայոց լեզու, Հայ գրականություն» և «Ֆիզիկա» առարկաներից։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաներից հայտագրվել է 1749 դիմորդ, ֆիզիկայից՝ 197 և կենսաբանությունից՝ 1112։ Մնացած առարկաների գծով քննությունները տեղի են ունեցել։ Ամսի 2-ին՝ քննական առաջին օրը, եղել են օտար լեզուները՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, որոնց քննությունների արդյունքներն արդեն հրապարակվել են կիրակի օրը, քանի որ քննությունների գնահատականները, առհասարակ, հրապարակվում են քննությունների 3-րդ օրը: Այդ ցանկերը փակցվում են քննական կենտրոններում, այս տարի ուղարկում ենք նաև իրենց էլեկտրոնային հասցեներին, դրանք նաև հրապարակվում են dimord.am կայքում, որտեղ դիմորդներն իրենց անձնական գաղտնաբառով կարող են մտնել և իրենց գնահատականը տեսնել, ուրիշների գնահատականը չեն տեսնում»,- մեզ հետ զրույցում ասաց ԳԹԿ հանրային կապերի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։

Ինչպես հայտնի է, այս տարի ընդունելությունները կատարվում են ընդամենը մեկ պարտադիր միասնական քննությամբ, մինչդեռ նախորդ տարիներին դրանք 2-3-ն էին։ ԿԳԹԿ-ից փոխանցեցին, որ մեկ քննության հանգամանքով պայմանավորված՝ նախորդ տարվա համեմատությամբ աճել է դիմորդների թիվը, այս տարի շատ են նաև ավելի վաղ տարիների շրջանավարտների դիմումները:

«Դիմորդների թիվն այս տարի ավելի շատ է, անցած տարվա թվից մոտավորապես 2-3 հազարի չափով ավելի է, որովհետև այս տարի, փաստորեն, 3 պարտադիր քննություններից ընտրվեց մեկը։ Ստացվեց այնպես, որ անվտանգության նկատառումներից ելնելով` պետք էր հնարավորինս քիչ հավաքել երեխաներին, նպատակահարմար համարվեց 3-ից մեկն ընտրել, բուհերն իրենք ընտրեցին, թե իրենց մասնագիտության համար որն են առաջնային համարում և, ըստ այդմ, որ քննությունը հանձնեն՝ այդ մասնագիտությամբ ընդունվելու համար։ Գուցե մեր այս տարվա դիմորդների մեջ կան այնպիսիք, որոնք 3 քննության դեպքում չդիմեին, գուցե մտածում են, որ սա հնարավորություն է, որը պետք չէ բաց թողնել։ Բացի դրանից՝ ունենք նաև տարիքով դիմորդներ, նախորդ տարիներին ավելի վաղ տարիների շրջանավարտները միշտ քիչ տոկոս են կազմել, հատուկենտ եղել են, այս տարի բավական մեծ թիվ են կազմում տարիքով դիմորդները՝ նախորդ տարիների շրջանավարտները։ 1995 թվականից մինչև 1964 թվականին ծնված 184 դիմորդ ունենք, մի հոգին` 56 տարեկան։ Պետք է նաև ասեմ, որ բոլորը չէ, որ ներկայացել են, փոքր բացակայություններ կան»,- ասաց Գրիգորյանը։

Արդեն հայտնի են նաև օտար լեզվի միասնական քննությունների արդյունքները։

Հուլիսի 2-ին քննության է մասնակցել ընդհանուր առմամբ 2 հազար 58 դիմորդ, նախապես հայտագրվել էր 2 հազար 102-ը։ Նրանց մեծ մասը՝ 1773-ը, քննություն հանձնել է անգլերենից, ամենաքիչը եղել են իտալերեն հանձնողները՝ 3 հոգի։

Անգլերենի քննության միջին միավորը կազմել է 14.65: Դիմորդներից 524 հոգի հավաքել է 18-20 միավոր․ ստացվում է մասնակիցների 29.6%-ը։ Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 133-ը կամ մասնակիցների 7.5%-ը։ 
Քննություն հանձնողների թվով 2-րդ տեղում ռուսերենն է՝ 169 հոգի։ Այս դեպքում միջին միավորն ավելի ցածր է՝ 12.27։ 18-20 միավոր է ստացել մասնակիցների 10.1%-ը կամ 17 հոգի։ Մասնակիցների 14.8%-ն էլ՝ 25 հոգի, չի ստացել դրական միավոր։

Գերմաներենի դեպքում բարձր միավոր ստացածների թիվն ավելի մեծ տոկոս է կազմում՝ 33.3% կամ 19 հոգի։ Նշենք, որ գերմաներենից քննություն է հանձնել 57 դիմորդ։ Միջին միավորը 15.26 է, դրական միավորի շեմը չեն հաղթահարել դիմորդներից 3-ը։

Թվով մի փոքր ավելի քիչ են մասնակցել ֆրանսերենի քննությանը՝ 51 հոգի, միջին միավորն այստեղ 15.57 է։ 18 դիմորդ ստացել է 18-20 միավոր, այսինքն՝ մասնակիցների 34.6%-ը։ Ի դեպ, մյուս առարկաների հետ համեմատած` սա ամենաբարձր ցուցանիշն է։ Ֆրանսերենից դրական միավոր չի վաստակել 1-ը։
Իսպաներենի քննությանը դրական միավորի շեմը չհաղթահարածներ չեն եղել, իսկ մասնակիցները 5-ն էին։ Միջին միավորն այստեղ 14.15 է, առավել բարձր միավոր ստացել է 1-ը։

Ամենաքիչ դիմորդները եղել են իտալերենի քննությանը՝ 3 հոգի, այստեղ եւս դրական միավորի շեմը չհաղթահարածներ չկան, 18-20 էլ 1 հոգի է ստացել, միջին միավորը 14.5 է։