Բազմանդամ ընտանիքը հայտնվել է փողոցում

Բազմանդամ ընտանիքը հայտնվել է փողոցում

Մի քանի օր է՝ Սարգիս Բալախչյանի բազմանդամ ընտանիքը հայտնվել է փողոցում։ Նորք-Մարաշի 6-րդ փողոցի 15/1 տունը, որտեղ այս ընտանիքն ապրում էր մինչեւ հունիսի 29-ը, աճուրդով վաճառվել է այլ քաղաքացու։

Ամեն ինչ սկսվել է Բալախչյանների խանութի գողությունից։ Վնասը վերականգնելու եւ զրոյից ոտքի կանգնելու համար Սարգիս Բալախչյանն Արդշինբանկից 12 մլն դրամ վարկ է վերցրել՝ գրավ դնելով սեփական կացարանը։ Վարկի մարման ժամկետը 3 տարի էր՝ ամսական 450 հազար դրամ վճարելու պայմանով։ Բալախչյանները, սակայն, 3 մլն 850 հազար դրամ վճարելուց հետո կանգ են առել․ չեն կարողացել վարկը մարել, եւ տունը մնացել է բանկին։

«Շատ ծանր շրջան էր․ ես ու հայրս «Աշտարակ կաթում» էինք աշխատում, այնտեղից էլ ազատեցին, մնացինք առանց աշխատանք ու անփող։ Չկարողացանք վարկը մարել, եւ տունն անցավ բանկին»,- պատմում է Սարգիս Բալախչյանը։

Տունը, սակայն, Սարգիսենց բակում միակը չէ։ Նույն հասցեում, բայց տարբեր տներում են ապրում նաեւ Սարգիսի 2 հորեղբայրները՝ իրենց ընտանիքներով։ «Վերցնելուց բանկն ուշադրություն չէր դարձրել այդ հանգամանքին։ Երբ հասկացավ, որ նման պայմաններում գնորդ գտնելու դժվարություն կունենա, իմ տունը հիպոթեքով վաճառեց ինձ, բայց արդեն՝ թանկ գնով։ Ինձանից գնել էր 12 մլն-ով, վաճառեց 14 մլն 500 հազար դրամով»։ Իրենց տունը, թեկուզ թանկ գնով, նորից հետ բերելու առաջարկն այնքան է գայթակղել Սարգիսին, որ չի էլ զգացել, թե ինչպես է բանկի հետ գործարքի գնում առանց փաստաթղթերի։ «Ես գիտեի, որ հիպոթեք ձեւակերպելու համար մի շարք փաստաթղթեր են պետք, բայց քանի որ բանկը չպահանջեց, ես էլ կարեւորություն չտվեցի։ Այդ պահին միայն տունս հետ բերելու մասին էի մտածում»։ 

Սարգիսը բանկին 2 մլն 200 հազար դրամ կանխավճար է տվել։ Տունը գնելուց հետո 7 ամիս էլ վճարում է արել ու նորից կանգնել նույն խնդրի առաջ։ «900 հազար դրամ վճարեցի ու նորից վճարման դժվարություն ունեցա։ Բանկն էլ, առանց ժամանակ տրամադրելու, որ փող ճարենք, դիմեց դատարան։ Մի բան էր միայն ասում․ 10 հազար դոլար տվեք՝ ժամանակացույց կազմենք»։ 
Եվ ահա, հունիսի 29-ին հարկադիր կատարողները, առանց նախազգուշացնելու եւ վտարման մասին ոչ պատշաճ ծանուցելու, «այցելում» են Բալախչյաններին ու վտարում տնից։ Նույնիսկ հաշվի չեն առնում երկու անչափահաս երեխաներին, որոնցից մեկն այդ պահին անկողնային հիվանդ է եղել։ Սարգիսն ու փաստաբանը հարկադիր կատարողներից խնդրել են երկու շաբաթ ժամանակ տալ, մինչեւ ապրելու տեղ գտնեն-տեղափոխվեն, բայց հարկադիրը մերժել է։ Ընտանիքը, հիվանդ երեխայով, հայտնվել է փողոցում։ Սարգիսն ասում է, որ վտարման ծանուցում չեն ստացել, որոշման մասին չեն տեղեկացրել նաեւ փաստաբանին։ Վերջինս աճուրդի վիճարկման հայց է ներկայացրել դատարան։ Բանն այն է, որ տան բակում գտնվող այլ շինություններ էլ կան, որոնք եւս դատարանը վաճառել է աճուրդով։

«Երբ եկել էին տունը գնահատելու, այդ կառույցները չնկատեցին ու չներառեցին տան արժեքի մեջ, բայց հիմա դրանք էլ են տանում»,- ասաց Սարգիսը։ Նրա կարծիքով՝ բանկը թիրախավորել էր իրենց, որպես անվճարունակ ընտանիքի՝ տունն ամեն գնով խլելու նպատակով։