Իրանցիները գալիս են պատվաստման համար. հետո էլի կգա՞ն

Իրանցիները գալիս են պատվաստման համար. հետո էլի կգա՞ն

Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա տարածքներում գտնվող պատվաստման շարժական կետերում իրանցիների կիլոմետրանոց հերթեր են։ Հարևան երկրից գալիս են ավտոբուսներով, ինքնաթիռներով․ հուլիսի 11-14-ը «Զվարթնոցում» օրական 1 ինքնաթիռ է վայրէջք կատարել ու կատարելու։ Նշենք, որ սա այն դեպքում, որ կառավարության որոշմամբ՝ միայն ՀՀ-ում 10 օր մնալու դեպքում, օտարերկրացիներին իրավունք կտրվի պատվաստվել բացօթյա տարածքներում գտնվող շարժական կետերում։ Հաշվարկը պարզ է՝ դրանով ինչ-որ կերպ փորձում են խթանել ներքին զբոսաշրջությունը, որը տեսության ճյուղերից ամենածանր հարվածները կրեց   կորոնավիրուսի համավարակից ու պատերազմից։  

Ի վերջո, այս հարցում մենք միակը չենք, քանի որ 2020 թվականի առաջին 10 ամիսներին ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունների թիվը 70%-ով կրճատվել էր։ Բացարձակ թվերով սա կազմում էր մոտավորապես 900 միլիոն այցելություն: 

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը հաշվարկներով՝ Հայաաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կրճատվել էր մոտ 80%-ով: 

Ցավոք, ժամանող իրանցիների թվերի վերաբերյալ պատկերացում կարելի է կազմել մինչև հունիս տվյալներով․ հունվար՝ 1832 իրանցի, փետրվար՝ 2979, մարտ՝4953, ապրիլ՝ 3874, մայիս՝ 4963 և հունիս՝ 8597։ Տվյալներից, որոնք տրամադրել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Գայանե Այվազյանը, ակնհայտ է, որ իրանցիների Հայաստան այցելությունների դինամիկան կտրուկ սկսել է աճել մայիս-հունիս ամիսներից, երբ նրանց տրվեց ՀՀ-ում պատվաստվելու հնարավորւթյուն։ Ակնհայտ է, որ հուլիս-օգոստոս ամիսներին այս թվերը 1․5 անգամ աճած են լինելու։

«Հրապարակը» տեղեկացրել էր  նաև, որ ՌԴ-ի ներսում վարվող կոշտ առողջապահական քաղաքականության պատճառով Հայաստանում վերջին շրջանում զբոսաշրջիկների հոսք ապահովում է նաև ռուսական ուղղությունը։
Օրինակ՝ Կրասնոդարի երկրամասի գլխավոր առողջարաններ ու հանգստյան տներ երկրամասի նահանգապետի կարգադրությամբ՝ կարող են այցելել միայն պատվաստում ստացած ՌԴ քաղաքացիները։ Ինչի արդյունքում՝ հանվել էին Կրասնոդարի երկրամասի հուլիս ամսվա համար ամրագրումների 50 և օգոստոսի՝ 70 տոկոսը, որը տուրիստական կազմակերպություններում աշխատողների վկայությամբ՝ փոխարինվում է Հայաստանով։

Ինչպես նշեց «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը՝ ՀՀ մտած յուրաքանչյուր զբոսաշրջիկ, 7-10 օր մնալու դեպքում ծախսում է 500-1500 ԱՄՆ դոլար․ ավիատոմս, հյուրանոց կամ այլ կացարան, սնունդ, զբոսաշրջային ուղղություններով այցեր և այլն։

Թվերը հաստատում է նաև «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանն՝ ասելով․ «2013 թվականին արված վիճակագական հետազոտության տվյալ եմ ասում , միջինը մեկ այցելության ընթացքում 1 զբոսաշրջիկը միջինը 700-800 դոլար էր ծախսում։ Դեռ էն ժամանակ, հիմա համոզված եմ, որ այդ թիվը 1000-ին հասած կլինի»։

Գնահատելով, որ իրանցիների այցելութունները ինչ-որ չափով  աշխուժացնում են ՀՀ տնտեսությունը, Մեխակ Ապրեսյանը դեմ է կառավարության նոր կարգին։ Ասում է․

«Ավելի կարևոր է, որ նման սահմանափակում չդնեինք, նման պարտադրանք ու թեկուզ վճարովի դարձնեինք պատվաստանյութն օտարերկրացիների համար։ Իհարկե, խոսքը ողջամիտ գումարի մասին է ու կարելի այդ տասն օրը դարձնել օրինակ՝ 3 կամ 5 օր, ինչը նույնպես ողջամիտ ժամկետ է: Սա մի կողմից և մյուս կողմից, եթե այդ պատվաստանյութը մեր քաղաքացիներին բավականացնում է»։ 

Փորձագետի կարծիքով՝ այս ժամանակային սահմանափակումը ,ի վերջո, իրանցիներին կստիպի գնալ մյուս հարևանների մոտ։ 

Նշեք, որ Իրանի առողջապահության նախարարը վերջերս հայտարարել էր՝ մենակ Հայաստանում չի, որ նման հնարավորություն կա և որպես այլընտրանք նշված երկրների ցանկում առաջին տեղում Թուրքիան ու Ադրբեջանն են։
Մեխակ Ապրեսյանը վստահ է, որ օրերի թիվը կրճատելու դեպքում կշահի և՛ զբոսաշրջությունը, և՛ լրացուցիչ եկամուտ կլինի պատվաստումներից։ 
«Ես կարծում եմ՝ անհրաժեշտ է այդ հնարավորությունը քննարկել ու եթե այն կա, անպայման օգտվել դրանից»,-ասաց նա։