Դե՞մ է, արդյոք, Էլինար Վարդանյանը զբոսաշրության 600 տոկոսանոց աճին

Դե՞մ է, արդյոք, Էլինար Վարդանյանը զբոսաշրության 600 տոկոսանոց աճին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է. «Հյուսիսային պողոտան վերածվել է մի մեծ պոլիկլինիկայի, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հսկայական, անվերջ ձգվող հերթ է։ Հերթում իրենց պատվաստմանն են սպասում Իրանից և Հնդկաստանից ժամանած հազարավոր մարդիկ»։ Հավանաբար, Էլինարը վրդովված է ոչ թե հազարավոր արտասահ­մանցիների այցից, այլ գոյացած հերթից:

Վարդանյանը թերեւս լավ կիմանա Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպը: Հայաստան, 5-րդ դար: 451 թվականին հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, իբրև թե, ուզում էին հայ ժողովրդին պարտադրել իրենց հավատը։

Մինչև 1828 թվականը, երբ Արևելյան Հայաստանն անցավ ռուսական կայսրության տիրապետության տակ, կարծես, հայերը քրիստոնյա էին: Հետևաբար, այն ժամանակ, գուցե, հայերին կրոնափոխ անելու վերաբերյալ լուրերը չափազանց­ված են եղել: Եվ, հետո, իսկ քրիստոնյա աշխարհը հայերին փրկե՞ց ցեղասպա­նությունից կամ 2020 թվականի սպանդից: Վստահաբար, եթե Իրանը պատժա­միջոցներից զերծ լիներ, ապա իրադարձություններն այլ կերպ կզարգանային և կրո­նը ոչ մի նշանակություն չէր կարող ունենալ; Իրանցիներն արդարամիտ ժողովուրդ են:

15 դար անց, 1990-ականների սկզբին, երբ փոքրիկ, ահավոր երկրաշարժից արյունահոսող Հայաստանը ենթարկվել էր դաժան շրջափակման, մեր «կյանքի ճանապարհն» անցնում էր Իրանով, ինչի հա­մար հայ ժողովուրդը միշտ պետք է երախտապարտ լինի Իրանի ժողովրդին: Գուցե մեր եղբայրական իրանցիներին անվճար պատվաստելով պետք է ազդակ ուղար­կենք, որ Ավարայրի ճակա­տա­մարտը և ընդհանրապես մեր ժողովուրդների միջև երբևէ եղած պատե­րազմները ոչ մի կերպ արդարացված չեն եղել:

Ինչ վերաբերում է որոշ գլուխգովաններին, թե տեսեք, զբոսաշրջությունն ինչ թռիչք է ապրելու, ապա խորհուրդ կտայի ամեն առավոտյան իրենց տաք գլուխներն ընկղմել սառը ջրի մեջ, քանզի իրենց հրճվանքը՝ կապված զբոսաշրջության զար­գացման հետ, նշանակում է, որ իրենք ուրախ են Հայաստանը միշտ աղքատ տես­նելու համար: Զբոսաշրջություն, հանքարդունաբերություն և գյուղատնտեսութ­յուն, ահա աղքատ մնալու գրավականները: Բացի դրանից, իսկ այդ մարդիկ ի՞նչ կա­րող են ունենալ տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացման հետ:

Ինչ վերաբերում է այս առնչությամբ, թեկուզև ազնիվ դրդապատճառներով, հեգնողներին, թե արտասահմանցիների պատվաստման հաշվին է աճ լինելու զբո­սաշրջության ոլորտում, ապա այստեղ պետք է շատ զգույշ ու նրբանկատ լինել. հա­մաշխարհային հանրությունն իր ջանքերը համախմբել է համավարակի դեմ պայ­քարելու համար և որևէ նշանակություն չպետք է ունենա, թե ում և որտեղ է հար­մար պատվաստվել: Ավելին, գուցե, անվճար պատվաստանյութը չէ գլխավոր շար­ժա­ռիթը, այլ հայ բժիշկների նկատմամբ վստահության ավելի բարձր աստիճանն է (աս­վածը որևէ կերպ միտված չէ վիրավորելու որևէ երկրի բժիշկներին, առավելևս, որ հայերն էլ հաճախ ապավինում են արտասահմանցի բժիշկների օգնությանը): 

Կարելի է համաձայնել Էլինար Վարդանյանի հարցադրմանը. «Ինչո՞ւ հենց հատկապես Հյուսիսային պողոտա։ Ինչո՞ւ է օտարերկրացիների պատվաստումն արվում հենց Երևանի կենտրոնում։ Ինչո՞ւ ոչ այլ վայրում, նույնիսկ այլ քաղաքում»։ 

Հ.Գ. Ծանոթներից մեկը, տարիներ առաջ այցելել էր Իսպանիա, Պորտուգալիա: Նա հիացմունքով ներկայացնում էր իր տպավորությունները, որոնք նա ստացել էր պատմամշակութային արժեքների, ճարտարապետական կոթող­ներից: Հետո, մի պահ ընդմիջեց ու ինչ-որ ափսոսանքով, թե ընկճված ասաց. «Այսքան թագավորներ ենք ունեցել, բայց մի թագավորական պալատ էլ չի մնացել, որ հյուրերին ցույց տանք»: Զգալով, որ նրան բարոյական աջակցություն է անհրաժեշտ, հարցրի. «Իսկ այնտեղ Հյուսիսային պողոտա կա՞ր»: Ասաց՝ ոչ: Ես էլ սկսեցի էլ ավելի ոգևորել. «Տեսնում եք, թե մենք ինչքան առաջ ենք»: Իսկ ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես չեմ սիրում Հյուսիսային պողոտան ու չեմ գնում այնտեղ զբոսնելու:

Գագիկ Վարդանյան