Հրաչյա Հակոբյանն ինքնաբացարկ է ներկայացրել ՔՊ վարչության ընտրությունից

Հրաչյա Հակոբյանն ինքնաբացարկ է ներկայացրել ՔՊ վարչության ընտրությունից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այն 65 թեկնածուներից է, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամության հայտ են ներկայացրել։ Երեկ տեղեկացանք, որ Հակոբյանն ինքնաբացարկի դիմում է գրել։

Պատգամավորը հաստատեց մեր տեղեկությունը։ Ինչո՞ւ առաջադրվեցիք եւ ինչո՞ւ եք բացարկ ներկայացրել։ «Առաջադրվելու համար վերջնաժամկետ կար դրված, ես էլ այդ պահին չէի որոշել՝ առաջադրվե՞մ, թե՞ ոչ, ամեն դեպքում՝ հայտը լրացրեցի, որպեսզի մինչեւ վերջնաժամկետը հանկարծ չուշանամ, բայց հետո փոշմանեցի»,- ասաց նա։ Փոշմանեցիք, որպեսզի չասե՞ն, թե Փաշինյանի բոլոր ազգականները կուսակցության ղեկավար կազմում են։

«Ոչ, ոչ, ուղղակի իրականում գործ ունենք ընտրությունների հետ, վարչությունն էլ է ընտրություններով ձեւավորվելու, նշանակովի չէ, ես որոշեցի, որ այս անգամ չմասնակցեմ»։ Կասկածնե՞ր ունեիք, որ փակ քվեարկության արդյունքում չեք դառնա վարչության անդամ։ «Ոչ, ոչ, բնավ չէի կասկածում, ուղղակի իրոք չուզեցի այս փուլում առաջադրվել»։