Ինչո՞ւ ոչ մի իշխանության հետ Գագիկ Ծառուկյանի եվ ԲՀԿ-ի ջրերը մի առվով չեն գնում

Ինչո՞ւ ոչ մի իշխանության հետ Գագիկ Ծառուկյանի եվ ԲՀԿ-ի ջրերը մի առվով չեն գնում
Վարդեւան Գրիգորյան

Գագիկ Ծառուկյանի ու իր  քաղաքական ուժի հարաբերություններն օրվա իշխանությունների հետ՝ Սերժ Սարգսյանից մինչեւ Նիկոլ Փաշինյան, ժամանակ առ ժամանակ վատանում են։ Վատթարացման աստիճանը տարբեր ժամանակներում տարաբնույթ դրսեւորումներ է ունեցել․ օրվա կառավարության ու վարչապետի վարած ներքին եւ տնտեսական քաղաքականության վերաբերյալ կսմիթներից մինչեւ անխնա քննադատություն ու ամենադրամատիկ դրվագներ, երբ, օրինակ, Սերժ Սարգսյանի օրոք ՀՀԿ ԳՄ փետրվարի 12-ի հայտնի նիստում Ծառուկյանին պատերազմ հայտարարեցին եւ հեռացրին քաղաքական դաշտից։ Եվ հաջորդ օրն իսկ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա ազատվեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, իսկ նրա թիկնազորը մեկ օրվա մեջ զինաթափվեց։ 

Ասում են՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թեւավոր խոսքը՝ «սա փոքր երկիր է», ծնվել է հենց այդ ժամանակներում։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Գագիկ Ծառուկյան-վարչապետ հարաբերություններում մոտ 3 սրում է եղել, որոնցից առավել դրամատիկը հոկտեմբերի 2-ի «պուտչից» հետո Նիկոլ Փաշինյանի հանրահավաքն էր, երբ վարչապետն ուղղակի հանրահավաքում ստորագրեց ԲՀԿ-ական նախարարների ազատման հրամանները, չնայած այդ գործառույթը Սահմանադրությամբ պատկանում է ՀՀ նախագահին։ Դրանից հաշված օրեր անց՝ հոկտեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը ստորագրեցին հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ինչից հետո իրավիճակը սրվեց մեկ էլ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի քրեական հետապնդման, ապա դատապարտման որոշմամբ։

Հետո մի անգամ էլ հարաբերությունները սրվեցին, երբ Նաիրա Զոհրաբյանի հրավիրած լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդերը։ Դրան հաջորդեցին գազալցակայանների մեծ տուգանքները, պետտուրքի մասին օրենքում ի վնաս «Արարատ ցեմենտ»-ի փոփոխությունը եւ վերջապես՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանի՝ հանցագործության մասին  դիմումն ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հիմքով։ Իշխանություն-ԲՀԿ սրացման այս վերջին դրվագում Արարատ Միրզոյանի կայծակնային արձագանքն էր, թե «Պետական տուրքի» եւ «Գործունեության իրականացման ծանուցման» մասին օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում Ծառուկյանի ելույթում եւ հաջորդիվ տված հարցազրույցներում նրա  հնչեցրած հայտարարությունները հուշում են, որ նա պատգամավորի կարգավիճակին զուգահեռ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Տեղեկացանք, որ Միրզոյանի հարցադրումների կապակցությամբ Ծառուկյանը հանդես է գալու լրացուցիչ պարզաբանմամբ։

Առնվազն անհասկանալի է, թե ինչու Արարատ Միրզոյանի մոտ ողջամիտ կասկածներ չէին առաջանում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանին անվանում էր խոշոր սեփականատեր, իսկ ԿԸՀ-ն նրան գրանցում էր որպես պատգամավոր, իսկ ընտրությունների արդյունքներն էլ բոլորը ճանաչում էին՝ ոչ մեկը չէր վիճարկում։ Միգուցե իրավիճա՞կ է փոխվել վերջին 4-5 ամիսների ընթացքում։ Բնավ ոչ․ Ծառուկյանը նախկինում եւս տնտեսական օրենքների վերաբերյալ մշտապես եւ հրապարակային արտահայտվել է։ Ըստ որում, այդ ելույթները մամուլի ու հանրության կողմից ընկալվել են  որպես քաղաքական դիրքորոշում։ Մեկ համեմատություն եւս․ Սերժ Սարգսյանի օրոք Ծառուկյանի քաղաքական ամբիցիաները սպառնում էին սահմանափակել հարկեր չվճարելու մասին (օդում կախված) կասկածներով ու ԱԺ նիստերից անհարգելի բացակայություններով։ 

Հարցի շուրջ, թե ինչու Ծառուկյանի եւ իշխանությունների ջրերը երբեք մի առվով չեն գնում, զրուցել ենք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ։

- Պարոն Գրիգորյան, Գագիկ Ծառուկյանին մեղադրում են բիզնեսով զբաղվելու մեջ։

- Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, խոշոր սեփականատիրոջը չի արգելվում ԱԺ պատգամավոր դառնալ։

- Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ խոշոր սեփականատեր։

- Վարչապետն էլ է մի քանի անգամ ասել, որ մեր հանրապետությունում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր, այդ թվում՝ նաեւ Ծառուկյան Գագիկը, եւ խոշոր սեփականատերերն իրավունք ունեն մասնակցել եւ ընտրվել ԱԺ պատգամավոր՝ օրենքի շրջանակներում։

- Գրվեց նաեւ, որ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում ֆրակցիան մի մարդու նման, նաեւ՝ մինչեւ ցուցակի վերջին համարը, բոլորով դնելու են մանդատները։

- Էդպիսի հարց չի քննարկվել։

- Ամեն դեպքում, նման սցենար հնարավո՞ր է։

- Ախր, լրատվությունն էլ մի քիչ բան է անում․․․ մեր աղբյուրները, չգիտեմ ինչ․․․ եթե ֆրակցիայում նման հարց չի քննարկվել․․․

- Բայց տեսականորեն ձերոնք պատրա՞ստ են՝ հանուն Ծառուկյանի, բոլորով մանդատները վայր դնել։

- Եթե անհրաժեշտություն եղավ, քաղաքական առումով, գոնե իմ համար ֆրակցիայի, կուսակցության, խորհրդի որոշումը միանշանակ կատարման ենթակա է։ Ես կարող եմ միայն ինձ համար ասել։ Վաղը կքննարկվի, որոշում կընդունվի, երեւի էն մյուսներն էլ կասեն։

- Ինչո՞ւ են Գագիկ Ծառուկյանի եւ իշխանությունների հարաբերությունները պարբերաբար վատանում։  Ծառուկյանն ի՞նքն է սրում, թե՞ իշխանությունները։

- Չեմ կարող ասել՝ իշխանություններին պիտի հարցնեք։

- Բայց եթե միշտ նույնն բանն է, եւ մյուս կողմում՝ Գագիկ  Ծառուկյանը, միգուցե օրինաչափությո՞ւն է, եւ ձեզ պիտի հարցնենք։ Կամ միգուցե Ձեր առաջնորդի հզորությո՞ւնն է անհանգստացնում իշխանությանը։

- Դուք շատ լավ տեսնում եք իր՝ ժողովրդի կողմից ամեն ձեւով ընդունելի լինելը, ինչ մնում է իրավիճակներին, նորից եմ ասում՝ հարկավոր է իշխանությանը հարցնել։

- Իսկ հնարավո՞ր է՝ խանդում են, նախանձում։ 

- Չեմ կարող ասել՝ խանդում են, որպես ընդդիմություն են նայում, որպես մրցակից են նայում։ 

- Իսկ հնարավո՞ր է՝ իշխանություններին դուր չեն գալիս նրա կապերը Բելառուսի նախագահի, շեյխերի հետ։

- Այնպիսի հարց եք տալիս, որ իրենց տեղը չեմ կարող պատասխանել, թե որն է պատճառը։ Կարող է իրենք ընդհանրապես հիմնավորում են, որ չկա նման բան։ Իրենք ընդունում են․․․