Ծառուկյանն իր թիմի հետ քաղաքական արժեք է
Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ
- Պարոն Աղազարյան, Ձեր կարծիքով, ո՞րն է Էդմոն Մարուքյանի ու Գագիկ Ծառուկյանի թիմակիցների վերջին օրերի հակամարտության պատճառը։ Ինչո՞ւ է առաջացել մի իրավիճակ, երբ իշխանության դեմ պայքարելու փոխարեն ընդդիմադիրներն իրար դեմ են պայքարում։
- Ես կարծում եմ, որ երկու կուսակցություններն էլ պիտի հասկանան, որ իրենք ընդդիմություն են, հետեւաբար, իրար քննադատելը ո՞րն է, հիմա թե ով իրեն ինչպես կպահի, ում խմբակցության անդամներն իրենց ոնց կպահեն, դա այլ հարց է, իրենց աշխատանքից կերեւա, թե ով է ավելի ճիշտ դիրքերում հայտնվում։ Այնպես որ՝ պետք չէ իրար քննադատել, պիտակներ կպցնել։ Իրենք պիտի դադարեն ընդդիմությանն ընկալել իբրեւ լոկ ընդդիմություն, այլ պետք է լինի հակադիր կողմ, եթե գործադիրում մարդ չունի, պատասխանատվություն չի կրում կառավարության գործունեության համար, ազատ պետք է քննադատի կառավարությանը եւ, առհասարակ, իշխող ուժին, դրանից էլ կշահի պետությունը։
- Բայց, փաստորեն, ունենք մի վիճակ, երբ ընդդիմությունը, իշխանությանը քննադատելու փոխարեն, մեկմեկու է փնովում։ Կա՞ այստեղ իշխող ուժի մեղքի բաժինը, եթե ընտրությունները մի քանի ամսով հետաձգվեին, չե՞ք կարծում, որ ավելի քաղաքական, արմատական ընդդիմության ներկայությամբ խորհրդարան կունենայինք, կշահեր պետությունը։
- Նախ, ես չեմ ընդունում, որ մենք առանց ընդդիմության ԱԺ ունենք, մյուս կողմից էլ՝ երբ ուզում էինք փոխել Ընտրական օրենսգրքի նախագիծը, եթե հայտնի ուժերը կողմ լինեին, մեկը հաստատ կլիներ պառլամենտում, մեկն էլ շանս կունենար։ Բա մենք էլ ի՞նչ անեինք, լավ։ Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք, ու ես չեմ կարծում, որ «Լուսավոր Հայաստանը» վատ ընդդիմություն կլինի կամ ավելի ճիշտ է ասել՝ ԼՀԿ-ն ավելի լավ ընդդիմություն կլինի։
- Իսկ ԲՀԿ-ն։
- Ավելի վատ, քան «Լուսավոր Հայաստանը»։ Եթե իրար հետ համեմատենք, իմ կարծիքով՝ ԼՀԿ-ում մարդկանց մոտ սկզբունքայնության աստիճանը բավականին մեծ է, եւ իրենք շատ հաջող դերակատարում կունենան։
- Այսինքն, Դուք երկու ուժերի հակամարտությունից տպավորություն ունեք, որ ընդդիմության տեղի՞ համար է կռիվ գնում։
- Չեմ կարծում, թե ընդդիմության կռիվ է, ուղղակի ԲՀԿ-ն նախկինում «այլընտրանք» տերմինն է, չէ՞, մտցրել գործածության մեջ, որն արհեստածին մի կատեգորիա է եւ չի կարող այլեւս կյանք ունենալ։ Ի՞նչ է նշանակում «այլընտրանք»․ կա՛մ իշխանություն ես, կա՛մ ընդդիմություն, կա՛մ կիսում ես պատասխանատվությունը, կա՛մ չես կիսում։ ԼՀԿ-ի դիրքորոշումը միգուցե պայմանավորված է նրանով, որ եթե վաղը, մյուս օրը կողմնորոշվելու հարց լինի, ԲՀԿ-ն պետք է իրեն պահի ընդդիմություն, եթե այդպես չի անի, թող ԼՀԿ-ն անի, ես խնդիր չեմ տեսնում, կամ երկուսով էլ միասին անեն, որոշ հարցերում նաեւ միավորվեն եւ այլն, չգիտեմ, իսկապես անհասկանալի է այս ամենը։
- Էդմոն Մարուքյանը կարծում է, որ վեճի պատճառը Հանրայինի հայտնի դեբատն է, որի ընթացքում ինքը Ծառուկյանից հետաքրքրվեց, թե ինչու է խոշոր օլիգարխը ցանկանում շարունակել քաղաքական գործունեությունը։ Մարուքյանը, ի դեպ, այս հարցում նաեւ մեղադրանք-ակնարկներ է հղում Նիկոլ Փաշինյանին ուղղված, այն առումով, որ եթե Ծառուկյանը Փաշինյանի թեթեւ ձեռքով օլիգարխից խոշոր գործարար չդառնար ու քաղաքական գործընթացներից դուրս մղվեր, միգուցե այլ որակի խորհրդարան ունենայինք։
- Տեղին չեն այդ մեղադրանքները, որովհետեւ Ծառուկյանն իր թիմի հետ նաեւ քաղաքական արժեք է ներկայացնում, ի՞նչ պիտի անեինք՝ Ծառուկյանի հետ չշփվեի՞նք, ընդհանուր հարցեր չքննարկեի՞նք, դո՞ւրս մղեինք քաղաքականությունից։ Իրենք երկրորդն են, ինչը նշանակում է՝ այդքան ձայն ունեն։
- Մարուքյանի կարծիքով, Ծառուկյանը կարող է խոշոր բիզնեսմեն լինել, բայց երբ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունի, ապա նաեւ օլիգարխ է։ Իսկ Փաշինյանը վարչապետության առաջին օրից հավաստիացնում էր, որ այդպիսիներ չեն լինելու։
- Ինքը կարող էր իր թիմի միջոցով քաղաքականությամբ զբաղվել, ի՞նչ տարբերություն։
- Եթե Ծառուկյանը չմասնակցեր, կարծում եք՝ իր թիմը կանցնե՞ր խորհրդարան։
- Իհարկե, իմ համակրանքը՝ որպես քաղաքացի, ավելի շատ ԼՀԿ-ի կողմն է, բայց մյուս կողմից էլ՝ մարդիկ ձայն են հավաքել։ Եվ հետո՝ Ծառուկյանն օլիգարխ չէ, օլիգարխն այն է, որ, այ, եթե մենք ԲՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորեինք, ապա Ծառուկյանը, այո, օլիգարխ կլիներ, քանի որ գործադիր իշխանության մեջ կունենար իր մասնակցությունը։ Բայց հիմա օլիգարխ չէ ոչ թե մեր որոշումով, այլ՝ կարգավիճակով։ Հիմա ինքն ընդդիմադիր է։
- Ծառուկյանի կուսակիցները գործադիրում ոլորտներ էին ղեկավարում, երբ Փաշինյանը նրան հռչակեց խոշոր սեփականատեր։
- Դե, որովհետեւ պետք է գնայինք ճշգրտումների, այդ կարգավիճակը պետք է հստակեցվեր, դրա համար ընտրություններից բավական առաջ ինքը կառավարությունում արդեն ազդեցություն չուներ։
- Այսինքն՝ առաջիկա հինգ տարիների՞ն էլ չի ունենա։
- Ես այդպես եմ հասկանում։
- Պարոն Աղազարյան, խորհրդարան անցած Ձեր գործընկերները վերջին օրերին շատ են հայտարարում՝ եթե նույնիսկ իրական ընդդիմություն չձեւավորվի, մեր ներսից կլինի ընդդիմություն։ Դուք համաձա՞յն եք այդ նկատառումներին։
- Գիտեք, որ տարակարծություններ լինելու են, որ տարբեր տեսակետներ են հնչեցվելու, դրանում խոսք չկա, բայց դրանք լինելու են ներկուսակցական մակարդակում, մենք չենք կարող մեզ ընդդիմադիր լինել։
- Կան մարդիկ, որ ուզում են համոզել, որ կարող են կտրել այն ճյուղը, որի վրա նստած են։
- Իհարկե, չենք կարող, մենք ո՞նց կարող ենք ընդդիմություն լինել, թիմային կարգապահությունը միայն վերցնենք․ դա անհնար է։ Մեր կարծիքները կարող են բախվել իրար հետ, բայց որոշումներ կայացնելու դեպքում մենք պետք է կարողանանք ընդհանուր հայտարարի գալ։
Կարծիքներ