Ի՞նչ երաշխիքներով  արտագաղթած հայերը կարող են վերադառնալ Հայաստան

Ի՞նչ երաշխիքներով  արտագաղթած հայերը կարող են վերադառնալ Հայաստան

Հայաստանում երկու տասնամյակ շարունակ մարդու իրավունքների զանգվածային խախտումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների հետապնդումներն ու հալածանքները իրավապահ կառույցների եւ օլիգարխիկ շրջանակների կողմից առիթ դարձան, որ նրանցից շատերն արտագաղթեցին, քաղաքական ապաստան խնդրեցին օտարերկրյա պետություններում, սակայն չկորցրեցին երբեւէ Հայաստան վերադառնալու հույսը։ Դատելով   սոցցանցերում արած  գրառումներից՝ դժվար չէ եզրակացնելը, որ անգամ եվրոպական բարեկեցիկ երկրները նրանց համար «մանանա» չեն դարձել, հայտնվելով օտարության մեջ մեր հայրենակիցները ստիպված են եղել հաղթահարել տարբեր խոչընդոտներ։

Հիշենք, որ ամեն մի համապետական ընտրություն, որն ավարտվում էր իշխանության «պյուռոսյան հաղթանակով», արտագաղթի նոր դուռ էր բացում ընդդիմադիրների համար, որոնք ոչ միայն ենթարկվում էին հետապնդումների, ազատազրկվում էին, այլեւ՝ իշխանությունները խլում էին նրանց ունեցվածքը, մատնում գործազրկության։ 

Այդպես եղավ 2003թ․ ՀՀ նախագահի ընտրություններից հետո, 2004թ․ ապրիլի 12-ին  ԱԺ-ի դիմաց ընդդիմադիր ցուցարարների դեմ կիրառված բռնություններից հետո, 2008թ․ մարտի 1-ի սպանդից հետո։ Դժվար է ստույգ վիճակագրություն նշել, թե ամեն մի կեղծված ընտրություն, դրան հաջորդող բռնություններն ու հետապնդումները  քանի-քանիսին են մղել հարկադրված արտագաղթի։ 
2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիներից ոմանք հետաքրքրվում են, թե ինչպես կարող են վերադառնալ Հայաստան, կա՞ն երաշխիքներ, որ իրենք նախկինի պես չեն ենթարկվի հետապնդումների, որքանո՞վ կարող է պետությունը երաշխավորել իրենց անվտանգությունը։ 

Այդ առթիվ հարցում էինք հղել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ իմանալու, թե ինչ կոչ կամ ուղերձ կարող են հղել ներկայիս իշխանությունները արտերկիր մեկնած եւ վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցներին։

Վարչապետի աշխատակազմն էլ, իր հերթին հղում անելով Արդարադատության նախարարությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվությանը, արձագանքել է մեր հարցմանը։

«ՀՀ կառավարության ծրագրով արդեն իսկ թիրախավորված նախանշված են այն ուղղությունները, որոնք միտված են հայրենադարձության ապահովմանը։ Կառավարության ծրագրի համաձայն՝ գործադիրը գործելու է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանության ուղղությամբ։ Կառավարությունն առաջնահերթություն է համարում հայրենադարձության խթանումը եւ իր ներուժն օգտագործելու է ծրագրով նախատեսված խնդիրներն իրագործելու նպատակով։ Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդման զոհերին, ապա հարկ է նշել, որ Կառավարությունը պատրաստակամ է քննարկել  յուրաքանչյուրի դեպքն անհատապես՝ իր առանձնահատկություններով եւ անհրաժեշտության դեպքում ապահովել ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ վերացնել ՀՀ վերադառնալու խոչընդոտները։ Նոր իրողության պայմաններում Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինները գործում են բացառապես ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։

Բռնությունների, հետապնդումների, մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված, ինչպես նաեւ այլ հանցագործությունների վերաբերյալ փաստերով քաղաքացիները կարող են հաղորդում ներկայացնել համապատասխան իրավապահ մարմիններ։ Միաժամանակ, ՀՀ իրավապահ մարմինները պատրաստակամ են իրենց իրավասության սահմաններում հնարավոր ոտնձգություններից պաշտպանել ՀՀ-ում բնակվող  յուրաքանչյուր անձի իրավունքները»,- նշված է մեզ ուղարկված պատասխանում։