Տվեք մեզ Քաղաքացու օր

Տվեք մեզ Քաղաքացու օր

Ամեն տարի նոյեմբերի 26-ին Էստոնիայում նշում են Քաղաքացու օրը: Այդ օրը մեծարանքի արարողություններ են կատարվում հասարակության կյանքում մեծ ակտիվություն ու նախաձեռնողականություն ցուցաբերած քաղաքացիների պատվին: Օրվա նպատակը երկրի քաղաքացիների գիտակցության մեջ քաղաքացիության արժեքների ամրագրումն է, կարեւորվում է տվյալ երկրի եւ, առհասարակ, քաղաքացի լինելու առաքելությունը: Կախված անցնող տարվա առանձնահատկությունից, Քաղաքացու օրը կարող է ունենալ տարբեր կարգախոսներ: 2015 թվականին, օրինակ, Քաղաքացու օրն ունեցել է «Երաժշտությունը միավորում է» կարգախոսը, որովհետեւ 2015-ը հայտարարված էր Երաժշտության տարի, իսկ երաժշտությունը, ինչպես գիտենք, համամարդկային երեւույթ է:

Նոյեմբերի 26-ը պատահական ամսաթիվ չէ: 1918թ. այդ օրը Էստոնիայի պառլամենտն օրենք է ընդունել «Էստոնիայի քաղաքացիության մասին», որից էլ ծագել է «Էստոնիայի քաղաքացու օր» պաշտոնական անվանումը: Այն նվիրված է Էստոնիայի բոլոր քաղաքացիներին եւ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Էստոնիայի քաղաքացիություն ստանալ: Այդ օրը քաղաքացիների ուշադրությունը հրավիրում են իրենց իրավունքների եւ պարտականությունների վրա, ոգեւորում նրանց քաղաքացիական զգացմունքները:

Քաղաքացու օրվա հանդիսավոր արարողության ժամանակ ներքին գործերի նախարարը երկրի արժանավոր քաղաքացիներին Քաղաքացու օրվան նվիրված պատվո նշաններ է հանձնում, իսկ մշակույթի նախարարը հայտարարում է տարվա քաղաքացու անունը:

Նոր քաղաքացիներին Էստոնիայի քաղաքացիության վկայագրեր են հանձնում բացառապես Քաղաքացու օրվա հանդիսավոր արարողությունների ժամանակ, որոնք անցկացվում են Տարտուում, Նարվայում եւ Տալլինում: 

Ուշադրություն, Էստոնիայում Քաղաքացու օրը նշվում է 1998 թվականից:
Ռուսաստանում «քաղաքացու օր» հասկացությունը բոլորովին այլ ընկալում ունի: Պաշտոնապես այդպիսի օր չկա, սակայն համացանցում ակտիվորեն քննարկվում է «Ռուսաստանի քաղաքացիների համաշխարհային օր» հռչակելու գաղափարը: Նույնիսկ առաջարկում են այդ օրը գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Օգտատերերի մեծ մասը գտնում է, որ ՌԴ քաղաքացու օր պետք է հռչակել ամեն շաբաթվա երկուշաբթի օրը, քանի որ շատ դժվար է հանգստյան օրերից հետո հաղթահարել խումհարն ու գնալ աշխատանքի: Մեր քաղաքացիներն իսկական սթրես են տանում՝ գրում են ՌԴ քաղաքացիները:  «Երկուշաբթի օրվա միջոցառումներով քաղաքացիներին պետք է աստիճանաբար տրամադրել աշխատանքային շաբաթին»,- նրանց միտքն են շարունակում բլոգերները:

Գալով Հայաստանի կառավարության ընդունած օրինագծին՝ Քաղաքացու օր հայտարարելու մասին, կարելի է մեկ-երկու առանձնահատկություն նշել, որով ՀՀ նոր իշխանությունները փորձել են մի կողմից ընդօրինակել Էստոնիայի քաղաքացու օրվա գաղափարը, բայց մյուս կողմից էլ՝ չգիտեն, թե ինչպես հիմնավորել եւ ինչպես նշել այդ օրը: Նույնիսկ օրը չեն կարողանում կոնկրետացնել, որովհետեւ նախապես շրջանառության մեջ դրված ապրիլի 23-ը հարմար չէ, որովհետեւ հաջորդ օրն ապրիլի 24-ն է, իսկ ապրիլի 25-ն էլ հարմար չէ, որովհետեւ, երբ Հայաստանում ապրիլի 25-ն է լինում, աշխարհի արեւմտյան կողմում հայությունը տակավին ապրիլքսանչորսյան արարողությունների մեջ է, եւ սիրուն չի լինի Հայաստանում տրնգի պարելը: Ապրիլի 26-ը շատ է հեռանում ապրիլի 23-ից (Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն է), իսկ ապրիլի 22-ն էլ, հակառակի պես, մեկ այլ հեղափոխականի՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան օրն է, եւ Փաշինյանի ասած «ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը» կարող է լղոզվել: 

Իհարկե, շատ վատ է, որ անկախություն ձեռք բերած Հայաստանը՝ 30 տարի է անցել, բայց Քաղաքացու օր չունի: Այս տեսանկյունից ողջունում ենք Փաշինյանի կառավարության քայլը, բայցեւ մեզ համար վիրավորանք ենք համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը մինչեւ 2018 թվական հասցնելն ու այն թավշյա հեղափոխության հետ կապելը: Մեր կարծիքով՝ Լեւոն պապին շատ կնեղվի, որովհետեւ, եթե չենք սխալվում, նա է ստացել Հայաստանի Հանրապետության թիվ 1 անձնագիրը: Կարծում ենք՝ պետք է նայել պապիի անձնագիրը եւ այն տալու օրն էլ հայտարարել ՀՀ քաղաքացու օր: Իսկ մնացածն արդեն՝ ինչպես Էստոնիայում: Հա, եւս մեկ նկատառում․ պետք է ստեղծել նաեւ ներքին գործերի եւ մշակույթի նախարարների հաստիքներ, որոնք ի պաշտոնե պետք է իրականացնեն օրվա հանդիսավոր արարողությունները: