Օրինավորության ու արդարության պահանջով…

Օրինավորության ու արդարության պահանջով…

Օրինավորության ու արդարության պահանջով 2018-ի գարնանը ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ մերժելու Սերժին: Սերժի դեռեւս գործող իշխանությունն ամբողջովին կորցրել էր իրականության զգացողությունը, հաբռգել: Մերժողն էլ Նիկոլն էր՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորը եւ ընդդիմադիր օրաթերթի նախկին խմբագիրը: Իսկ ընդդիմադիր օրաթերթի խմբագիրը լինելը նշանակում էր ազնվության ու օրինավորության մարմնավորում: Համենայնդեպս, այդպիսի պատկերացում ուներ հանրության գրագետ հատվածը եւ այն տարածում էր լայն զանգվածների շրջանակում: Եվ երբ Նիկոլը կարգվեց վարչապետ, փողոց փակող ժողովուրդը ցնծում էր: Մարդիկ դարձել էին քույր եւ եղբայր՝ երջանկությունն էր թեւածում հայոց երկնակամարի ներքո: 

Սակայն վարչապետ կարգվելուց հետո պիտի իմանայինք, որ ընդդիմադիր օրաթերթի նախկին խմբագիրը կարող էր նաեւ բարոյականության հետ խնդիրներ ունենալ: Կարող էր, օրինակ, «մասնագիտանալ» շորթման մեխանիզմների մեջ եւ թերթը ծառայեցնել կեղտոտ փողեր վաստակելու նպատակին: Հետո էլ պիտի գիտակցեինք, որ ինքը «մոռանում» է բոլոր այն խոստումները, որ տվել էր 2018-ի գարնանային իրադարձությունների օրերին: Եվ որոնք զուտ պոպուլիստական էին՝ նույնիսկ տեսականորեն անիրագործելի: Որ գրագետ, խելացի ու ինքնուրույն անձանցից բաղկացած թիմ հավաքելու փոխարեն իրեն շրջապատել է թեեւ գրագետ, սակայն ոչ այնքան խելացի ու հատկապես կամազուրկ մարդկանցով: Որ տնտեսություն զարգացնելու փոխարեն զբաղվում է աննշան կամ կեղծ փաստերի հանրահռչակմամբ: Օրինավորություն ու արդարություն հաստատելու փոխարեն փորձում է բավարարել անձնական վրեժխնդրության մոլուցքը ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ: Ու այդ նպատակը կյանքի կոչելու համար պիտի փորձեր վերացնել դատական համակարգի՝ նոր-նոր ձեւավորվող անկախությունը: Պիտի իմանայինք, սակայն, խայտառակ պարտությունից հետո, որ Արցախը բեռ համարելով՝ որոշել է այն հանձնել թշնամուն մի քանի հազար զոհերի գնով: 

Եթե տողերիս հեղինակը լիներ ոչ թե հայաստանցի, այլ, ասենք, այլմոլորակային, ու մեզ հետ հավասար ու զուգահեռ իմանար այն, ինչ մենք իմացանք, ապա оրինավորություն ու արդարություն հաստատելու պահանջը Նիկոլի միջոցով կյանքի կոչելը կդիտարկեր որպես ավելի լայն ներկայացման տրագիկոմիկ արար: Ու հայաստանցիների նկատմամբ նրա վերաբերմունքը կտրուկ կփոխվեր. 1991-1994 թվականների պատերազմի հաղթող ժողովուրդը 2018-ի գարնանը ցնծություն ապրելուց հետո նույն անձի առաջնորդությամբ հայտնվում է խոր անդունդում: Ու պիտի խղճար այդ ժողովրդին: Իսկ 2021 թվականի խորհրդարանական ընտրության արդյունքների հրապարակումից հետո պիտի ուղղակի արհամարհեր հայաստանցուն: Բոլոր հայաստանցիներին՝ գիտակից թե զոմբիացված: Գիտակից, որ Նիկոլից ազատվելու գործը հասցրինք ընտրությանը, իսկ զոմբիներին... դե, նրանց հիշատակելն է նույնիսկ ամոթ:

Բայց երեւի այլմոլորակայինի կարիք չկար, որպեսզի գիտակցեինք, որ նախկինների բացթողումների, ձախորդությունների եւ հանցագործ արարքների շրջափուլից ազատվելն ու օրինավորություն եւ արդարություն հաստատելը չէին կարող տեղի ունենալ Նիկոլի եւ նրա ուսապարկերի տեսքով հանդես եկող՝ ամեն ինչ քանդող եւ ավերող ուժի միջամտությամբ: Որ ամեն ինչ քանդող եւ ավերող չարքը պետք է հեռացվեր իշխանությունից դեռ մինչեւ պատերազմը: Հեռացվեր, որպեսզի մեր գիտակցումը տեղի չունենար ողբերգական իրադարձությունների միջով անցնելու հաշվին: Գիտակցեինք, որ օրինավորություն ու արդարություն հաստատելը կարող էր կյանքի կոչվել ինքնուրույն մտածելու եւ ստեղծելու ունակ անհատների հայրենանվեր աշխատանքի շնորհիվ: Գիտակցեինք, որ աղքատ ու պարտություն կրած երկիր զարգացնելը պահանջում է նվիրյալների ինքնազոհություն եւ ոչ թե չինովնիկական արտոնությունների ու պարգեւավճարների տեսքով վայելքների ըմբոշխնում: Որ իշխանությունը տրվում է երկիրն առաջ տանելու եւ հարեւանների ու նույնիսկ թշնամիների հարգանքը ձեռք բերելու նպատակով: Եվ հաստատ այն ձեռք չի բերվում, որպեսզի դժգոհների բերանը փակվի վիրավորանքի համար (պաշտոնյային ուղղված) մեկ միլիոնի փոխարեն մինչեւ 3 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար 2 միլիոնի փոխարեն մինչեւ 6 միլիոն դրամ տուգանք նշանակելու համար: