Պարոն Օսիպյանն եկավ առանց պագոնների, մենք զարմացանք. տուժող

Պարոն Օսիպյանն եկավ առանց պագոնների, մենք զարմացանք. տուժող

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատարանում ցուցմունք տվեց տուժող ոստիկաններից Վլադիմիր Սիրեկանյանը։ Նա դատարանին հայտնեց, որ գնդի ներսում հերթապահություն է իրականացնելիս եղել, երբ ձայն է լսել, մտածել է՝ վթար է տեղի ունեցել. «Գնդի ներսում էի գտնվում, մեքենայի հարվածի ձայն լսեցի, կարծեցի՝ վթար էր։ Եկան, ձեռքերս կապկպեցին, տարան։ Տարան հանգստի սենյակ, մյուս ոստիկաններին բերեցին սենյակ, ճնշումս բարձրացավ, սրտի ճնշում ունեի, հետո ինձ տարան հիվանդանոց։ Իմ մոտ զենք կար, ես թաքցրել էի բատինկայիս մեջ, հետո դրել եմ սեյֆի մեջ։ Ձեռներս կապած մնացինք, պարոն Օսիպյանը նկատեց, որ իմ ճնշումը բարձրացավ։ Ինքը առաջարկեց, որ ինձ տանեն հիվանդանոց։ Այդ պահին պարոն Փաշինյանը նկարահանում էր, վիդեո կա, կարա՝ նայեք»։

Նա նշեց, որ կապկված վիճակում է եղել, երբ իրենց մոտ է եկել այն ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Մենք սենյակում էինք, պարոն Օսիպյանն եկավ առանց պագոնների, մենք զարմանցանք, թե ոնց եկավ էդտեղ»։ Նա նաեւ պատմեց, որ իրենց մոտ են բերել մահացած ոստիկաններից Գագիլ Մկրտչյանին. «Ձեռն էր վիրավոր, շատ ուժեղ արյուն էր գնում, ձեռքն էր բռնել։ Ինձ դիմեց, ասեց՝ մի բան արա, բայց ես ձեռներս կապած, նստած էի։ Ինքը կես ժամ էլ չմնաց, տարան, թե ոնց են տարել, ես չեմ նկատել, իմ տեսադաշտից դուրս էր։ Ճնշումս 240 էր, բայց թույլ չէին տալիս, որ գնայի հիվանդանոց»։

Նա նշեց՝ կոչեր լսել է, մասնավորապես՝ նախագահի հրաժարականի պահանջով։ Տուժողը դատարանին նաեւ հայտնեց, որ մեքենայում 114 հազար դրամ գումար է ունեցել, որը կորել է։