Մարզպետն ու քաղաքապետը թույլտվություն չունեին

Մարզպետն ու քաղաքապետը թույլտվություն չունեին

Էջմիածնի հիվանդանոցն օրեցօր քանդվում էր: Հետխորհրդային Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններին դա քիչ էր հետաքրքրում: Առողջապահության մի քանի նախարարներ տարբեր ժամանակներում եկել, տեսել, արձանագրել են վատթար պայմաններն ու գնացել, ամեն գալ-գնալով հիմնանորոգման հույս արթնացրել:

Կարծիքներ էին հնչում, որ հիմնանորոգման պետական ծրագրերը դիտավորյալ են շրջանցում Էջմիածնի հիվանդանոցը, որպեսզի բուժհաստատությունը ցածր արդյունավետություն եւ անբավարար ցուցանիշներ գրանցի ու հայտնվի օպտիմալացվող բուժհիմնարկների ցանկում: Ըստ մեր տեղեկությունների, մասնաշենքերից երկուսը նույնիսկ աճուրդի էին հանելու, անգամ գնորդի մասին էին խոսում: Բայց հեղափոխությունը «ջրեց» նախկինների այդ ծրագիրը, ու հիվանդանոցն իր չորս մասնաշենքով մնաց քաղաքին:

Տասնյակ տարիներ շինարարի երես չտեսած հիվանդանոցում «Արթուր Ասատրյան» հիմնադրամը վերանորոգման մեծածավալ աշխատանքներ սկսեց: Երեք ամսվա ընթացքում ավերակներից նորմալ շենք ստացավ եւ նվիրեց Էջմիածին քաղաքին:

Հիվանդանոցի բացման օրը, սակայն, ո՛չ Էջմիածնի քաղաքապետը կար, ո՛չ Արմավիրի մարզպետը: Ամենայն հավանականությամբ, անհարմար էին զգացել ներկա գտնվել մի իրադարձության, որի կենտրոնում ոչ թե իրենք, այլ հանրահայտ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն պետք է լիներ: Մարդ, որին մարզպետի ու քաղաքապետի հովանավոր Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, լավ աչքով չի նայում:

Մարզպետ-քաղաքապետն էլ, երեւի թե վարչապետի վստահությունը չկորցնելու համար, ռիսկի չէին գնացել ու, չնայած հրավերին, բաց էին թողել մարզի ու քաղաքի համար կարեւոր այդ իրադարձությունը:

Իսկ հետո խոսում են ներդրումների մասին, ռուսաստաններում ու եվրոպաներում «էստի համեցեք» անում, ներդրողներ հրավիրում՝ այն դեպքում, երբ ներսում արված գործերն իրենց չեն հետաքրքրում: Փոխանակ շնորհակալություն հայտնելու, դեռ մի բան էլ պատվից ցածր են համարում միեւնույն վայրում գտնվել մի մարդու հետ, ում ամիսներ առաջ կանդալեցին՝ Մանվելի հետ հավասարություն պահպանելու համար: 

Այսպես էլ հասարակությունը բաժանում են սեւերի ու սպիտակների: