Ամեն ինչ արվում էր, որ դատախազ դառնալը հեշտ լինի

Ամեն ինչ արվում էր, որ դատախազ դառնալը հեշտ լինի

Դատախազների նշանակումը, օրենքով նրանց ներկայացվող պահանջներն այս օրերին անսպասելիորեն հանրային ուշադրության կիզակետում հայտնվեցին: Հարցն արդիական դարձավ ՊԵԿ նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդու՝ Հարություն Մաշադյանի՝ զինդատախազության Երեւանի կայազորի զինդատախազ նշանակվելու առիթով։ 
Մենք փորձեցինք ուսումնասիրել, թե ինչպես են ժամանակի հետ փոխվել դատախազ նշանակելու պահանջները։ Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ նախկինում ամեն ինչ արվում էր, որ դատախազ դառնալը հեշտ լինի, որ օրենքով սահմանված նվազագույն պահանջների շրջանակը հնարավորինս սեղմվի։ Սա հնարավորություն է տվել կադրային հարցում առավել անկաշկանդ իրավական հիմքեր ստեղծել։ ՀՀ նախագահը կարողացել է պատասխանատու պաշտոնների նշանակել նաեւ անփորձ, բայց «վստահելի» անձանց: Չափանիշներն աստիճանաբար մեղմացվել են։ 

Դեռեւս 1998 թ. հուլիսի 1-ին ընդունված «Դատախազության մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, գլխավոր դատախազի տեղակալ, Երեւան քաղաքի, կայազորի, մարզի կամ համայնքների դատախազ կարող էր նշանակվել 30 տարին լրացած անձը, որն ուներ առնվազն 5 տարվա իրավաբանի ստաժ: Մյուս դատախազների (նշված դատախազների տեղակալների, օգնականների եւ այլն) համար սահմանված էր 25 տարին լրացած լինելու եւ առնվազն 3 տարվա իրավաբանի ստաժ ունենալու հանգամանքը: Անգամ դատախազության քննիչի համար էր սահմանված մասնագիտական ստաժ՝ առնվազն 2 տարի: 

2007 թ. փետրվարի 22-ի «Դատախազության մասին» օրենքի 32-րդ հոդվածով արդեն կտրուկ հանվեց ոչ միայն տարիքային նվազագույն ցենզը, այլեւ մասնագիտական աշխատանքի պահանջը։ Բավարար համարվեց անգամ բակալավրի դիպլոմը (մագիստրատուրան համարվեց ոչ անհրաժեշտ): Ընդ որում, գլխավոր դատախազի համար օրենքով որեւէ նվազագույն պահանջ չնախատեսվեց, իսկ գլխավոր դատախազի տեղակալների համար հանվեց տարիքային ցենզը։ Թողեցին միայն իրավաբանի ստաժի պահանջը՝ դատավորի, դատախազի, փաստաբանի, քննիչի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 5 տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն 10 տարվա ստաժ (36-րդ հոդվածի 3-րդ մաս): 
Մի փոքր իրավիճակը շտկվեց արդեն 2017 թ. նոյեմբերի 17-ի «Դատախազության մասին» օրենքով, որի 33-րդ հոդվածի համաձայն. «1. Դատախազ կարող է նշանակվել 25-ից մինչեւ 65 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`

1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

2) տիրապետում է հայերենին.

3) որի նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները.

4) ավարտել է համապատասխան ուսումնառությունն արդարադատության ակադեմիայում, եթե սույն օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում չի ազատվում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից.

5) ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն երկու տարվա փորձառություն»: 

Ի դեպ, ըստ նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «դատախազ» եզրույթն ընդգրկում է նաեւ կայազորի զինվորական դատախազության դատախազին։ Այսպիսով, ներկայումս կայազորի զինվորական դատախազության դատախազ կարող է նշանակվել միայն 25 տարին լրացած անձը, որն ունի առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն եւ ավարտել է համապատասխան ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում։ Այս օրենքով արդեն վերականգնվել են, ավելին՝ խստացվել են նաեւ գլխավոր դատախազի տեղակալներին ներկայացվող պահանջները՝ պետք է լրացած լինի 30 տարին եւ ունենա առնվազն 7 տարվա մասնագիտական փորձառություն: 

Հիշեցնենք՝ մինչեւ 2007 թվականը գործող օրենքով դատախազ կոչվում էր միայն ստորաբաժանման ղեկավար դատախազը, մյուսները դատախազի օգնականներ էին կամ դատախազության քննիչներ։ 2007-ի օրենքով արդեն դատախազությունը նախաքննություն անելու լիազորություն չունեցավ, քննիչները կրճատվեցին կամ գնացին նախաքննական մարմիններ, իսկ դատախազների օգնականները կոչվեցին դատախազության դատախազներ, ավագ օգնականները՝ դատախազության ավագ դատախազներ։