ՀՀ քաղաքացու օրը պետք է արտացոլվի տոնացույցում

ՀՀ քաղաքացու օրը պետք է արտացոլվի տոնացույցում

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց՝ մարտի 21-ին,  Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը։ Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր նշվելու է ապրիլի վերջին կիրակի օրը։ 

Այս տարի ՀՀ քաղաքացու օրը կնշվի ապրիլի 27-ին, այդ օրվա միջոցառումների համար  նախատեսված է 124 մլն դրամ։

Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստաբան Նազարեթ Կարոյանը մեզ հետ զրույցում հիշում է, թե ինչպես մեկ տարի առաջ քաղաքացիները ոտքի կանգնեցին եւ պայքարեցին։ Եվ այսօր էլ, ըստ նրա, ինչի հասել ենք, հասել ենք այդ պայքարի արդյունքում։ 
Նազարեթ Կարոյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացու օրը պետք է լինի տոների եւ հիշատակի օրերի ցանկում։ 

«Ես կողմնակից եմ, որ ՀՀ քաղաքացիները հասել են արդյունքի, սակայն պայքարը հանուն սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի փոփոխությունների եւ երկրի բարգավաճման շարունակվում է»,- ասաց արվեստաբանը։

Նազարեթ Կարոյանը չի մտածել այն մասին, թե ինչ միջոցառումներ պետք է անցկացվեն ՀՀ քաղաքացու օրը։

«Ես  կարծում եմ, որ ամեն անգամ այդ տոնը նշելը պետք է նոր դրսեւորումներ ունենա։ Դա շատ լավ գաղափար է։ Միայն մեկ թյուրիմացություն կարող է լինել։ Կա բոլոր քաղաքացիներին վերաբերող մեկ տոն՝ Սահմանադրության օրը։ Կարծում եմ, որ պետք է գտնել այդ տոների բովանդակությունն ավելի հստակ սահմանելու տարբերակ։ Այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, պետք է ինչ-որ ձեւով արտացոլվի տոնացույցում։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե տոնը տասը դրամով կնշվի, թե՞ 124 մլն դրամով, դրանք երկրորդական  խոսակցություններ են»,- նշեց արվեստաբանը։