Կալանավորվածների համար հատուկ բաժանմունքներ՝ բժշկական կենտրոններում

Կալանավորվածների համար հատուկ բաժանմունքներ՝ բժշկական կենտրոններում

Այս տարվա մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել է վարչական համաներում․ արդյունքում 108 հազար 916 անձանց նկատմամբ կիրառվել է համաներում․ կարճված կատարողական վարույթների թիվը 1 մլն 259 հազար 177 է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նրա պաշտոնավարման ընթացքում նախարարության կատարած աշխատանքները ամփոփ ներկայացված են հաշվետվության մեջ, որը տեղադրված է նախարարության moj.am կայքում։

Ըստ այդ հաշվետվության՝ իրականացվել է քրեական համաներում․ արդյունքում ՔԿՀ-ներից ազատված դատապարտյալների թիվը դեկտեմբերի 14-ի դրությամբ 553 է, իսկ պրոբացիոն ծառայությունում համաներում է կիրառվել 1012 շահառուի նկատմամբ։ Սրանից զատ՝ Երեւանի 4 բժշկական կենտրոններ ունենալու են կալանավորվածների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ։ Իսկ բարեփոխումների արդյունքում 236 անձ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է․ առկա են նաեւ ընթացիկ գործեր, որոնք գտնվում են դատարանների վարույթներում։

Կառավարությունը նաեւ 270 միլիոն 858 հազար դրամ է տրամադրել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Սեւան» ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար։ «Ներման մասին» նոր օրենքի հիման վրա արդարադատության նախարարությունը կազմել եւ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել 196 անձնական գործ՝ ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով։