Փաշինյանը նոր հեղափոխություն է հասունացնում
Ունե՞ր Փաշինյանը հնարավորություն` Հայաստանն ավելի լավը դարձնելու: Կարծում եմ` այո: Ավելին ասեմ` նրա հնարավորություններն ավելի մեծ էին, քան իր նախորդներինը: Փաշինյանը, սակայն, խճճվեց գլխապտույտ հաջողություններից եւ ամեն ինչ խառնեց իրար: Այսօր նա հայտնվել է մի հանգրվանում, երբ ստիպված է մտածել ոչ թե հաջողությունների, այլ եղածը պահպանելու, բյուջեն մի քանի կոպեկ լցնելու, պետական ծառայողներին աշխատավարձ հասցնելու, թոշակառուներին ու նպաստառուներին կերակրելու, դպրոցներն ու բուժհաստատությունները չփակելու, մի խոսքով` չխայտառակվելու մասին:
Իսկ ինչո՞ւ այդպես եղավ: Մի՞թե Փաշինյանը չուներ ժողովրդի աջակցությունը, մի՞թե մյուս քաղաքական ուժերը սաբոտաժ էին անում, մի՞թե ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն եւ ողջ իրավապահ համակարգը նրան հլու-հնազանդ չեն ծառայում, մի՞թե երկրի սահմանադրությունը նրա հագով չէ, մի՞թե միջազգային հանրությունը նրան չի ընդունում: Ի՞նչ էր պակասում Փաշինյանին ավելի լավ Հայաստան կառուցելու համար: Խե՞լք: Բայց նրա շուրջը քիչ չէին խելացի մարդիկ: «Դո՞ւխ»: Բայց նրանից ավելի «դուխով» արարածի մարդկությունը դեռ չի տեսել: Ծեր էլ չէ, որ ուրիշ բան մտածենք: Եվ ուրեմն ինչո՞ւ է բանը հասցրել այնտեղ, որ ահուսարսափի մեջ են հայտնվել երկիր պահող գործարարները, որ սատկում է տնտեսությունը, որ ներդրողները երեսին ժպտում, իսկ հետեւից ծիծաղում են, որ «օտարների» հարցերը լուծել` անցել է սեփական կադրերին ահաբեկելուն:
Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիան, մենաշնորհներն ու տնտեսության ստվերը վերացրել է, եւ Հայաստանում օլիգարխներ չկան: Սրտանց հավատում եմ նրան: Բայց, գրողը տանի, ինչո՞վ են այս պահին զբաղված ՊԵԿ-ի գրոհային գումարտակները «Սպայկայում», «Առինջ մոլ»-ում եւ այլուր: Միակ ենթադրությունս այն է, որ հեղափոխական վարչապետը փորձում է դառնալ գործարարների «տանիքը», այլ խոսքով` ռեկետ անել: Ինչո՞ւ է նա բարձրացնում ՊԵԿ-ի պարգեւավճարները: Այո, որ սրանից հետո ավելի շատ բռնեն, ավելի շատ կողոպտեն, ավելի շատ քերեն, պլոկեն… Եվ ո՞ւր են մինչ օրս քերած-պլոկած միջոցները` դիպլոմատներով բռնագրաված փողերը, չգիտես ինչ հաշիվներից պետբյուջե հոսած գումարները, որպես փրկագին վճարված միլիոնավոր դոլարների գրավները. ո՞ր մեկը թվես: Իսկ կառավարությունը ծրագիր ունի՞, որ իմանաս` ինչ են անելու այդ ամենը, կառավարությունը հաշվետվություն տալի՞ս է, որ հասկանաս` այդ գումարների որ մասն է հասել բյուջե, իսկ որ մասը կողոպտվել ճանապարհին:
Այս հեղափոխությունից ժողովուրդը մեկ ակնկալիք ուներ` արդարություն: Մեկ տարի անց ամեն ինչ մնացել է առաջվանը, եթե չասենք, որ անարդարությունն ավելի է խորացել: Պոպուլիզմն ու խոստումներն այլեւս չեն կերակրում մարդկանց: Հասարակական տարբեր շերտերում ու սոցցանցերում ահագնանում է դժգոհությունը, իշխանությունների հասցեին ծաղրուծանակը հատել է բոլոր հնարավոր սահմանները: Եվ այս ամենը շատ պարզ զգացվում է նաեւ վարչապետ Փաշինյանի պահվածքում, շարժուձեւում, խոսքում, ելույթներում, հանդիպումներում:
Նա այլեւս «լայվ» չի մտնում, հեծանիվ չի քշում, ոտքով չի շրջում կառավարության տան մայթին, նա իրեն պատնեշել է անցանկալի լրատվամիջոցներից, «ֆեյք» է հայտարարում եւ ձերբակալում իրեն քննադատողներին, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ վիրավորում է շարքային քաղաքացիներին, հրամայում զգաստ կանգնել իր ներկայությամբ, տարածքը մաքրել իր այցի կապակցությամբ, ընդհուպ պահանջում է չդժգոհել իշխանություններից: Իսկ ինչո՞ւ չպետք է բողոքեն մարդիկ: Կյանքը գնալով թանկանում է, դրամի մեծ արժեզրկում եւ նույնիսկ դեֆոլտ է սպառնում, աշխատատեղեր չեն ստեղծվում, թռիչքաձեւ զարգացման, արտագաղթը կասեցնելու, մեծ ներգաղթ ապահովելու, արդարություն հաստատելու մասին խոստումներն այլեւս ծաղր են հիշեցնում:
Կա՞ այսօր մի քաղաքացի, որ մի հարցով դիմել է պետական կառույցներին ու աջակցություն ստացել: Բացառված է: Միայնակ թոշակառու եւ հաշմանդամ կնոջ կացարանը փլվել է գլխին: Հարյուր տեղ է դիմել: Այս մասին մամուլը մի քանի անգամ է գրել, ահազանգել, որ ՀՀ հեղափոխական իշխանությունը, մի բանով օգնելու փոխարեն, այդ կնոջ նպաստն է կտրել, որովհետեւ նա իր տան փլատակների տակ չի բնակվում այս պահին: Իսկ ի՞նչ է մտածում այս կապակցությամբ վարչապետ Փաշինյանը, որ օրեր առաջ ելույթ էր ունենում ապօրինի նպաստառուների նպաստները կասեցնելու անհրաժեշտության մասին: Արդարությունը երկու սայր ունի, պարոն վարչապետ:
Նույնը բացատրեք նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ ի պաշտոնե պարտավոր էր հետաքրքրվել Երեւանի բնակչի այդ ծանր կացությամբ: Չի բացառվում, իհարկե, որ ՀՀ իշխանությունները շատ ավելի լուրջ գործով են զբաղված, քան ժողովրդի խնդիրներն են: Պատկերացնում ենք, թե նրանցից ինչպիսի էներգիա է պահանջվել ԱԺ-ում տրանսգենդեր խաղացնելու համար: Փաշինյանն ասում է` նա էլ է մարդ, ՀՀ լիիրավ քաղաքացի է: Հարց չկա, Դուք ճիշտ եք, պարոն վարչապետ: Իսկ ինչպե՞ս հասկանանք այդ լիիրավ քաղաքացու` ԱԺ ամբիոնից ունեցած խայտառակ ելույթին Ձեր կայծակնային արձագանքը եւ ՀՀ մեկ այլ լիիրավ քաղաքացու խնդրի առնչությամբ Ձեր անտարբերությունը:
Մեր տարբեր հոդվածներով Փաշինյանին զանազան ձեւերով հասկացրել ենք, որ նա ծնվել է բախտավոր աստղի տակ, որ ժողովուրդը հավատում է իրեն, կգա իր հետեւից, եւ պետք է այս շարժումը լավ գործերի ծառայեցնել: Ասել ենք, որ դա դժվար է լինելու, բայց պետք է անել, որպեսզի, Աստված մի արասցե, հրեշին սպանողը հրեշ չդառնա: Ի տարբերություն շատերի` այս խորհուրդների համար մենք Փաշինյանից ո՛չ աշխատավարձ ենք պահանջել, ո՛չ պաշտոն եւ ո՛չ էլ այնպիաի մի բան, որ նրան ստիպեր մտածել, թե այս ամենը սեփական շահի համար ենք ասում: Եթե այս վիճակն իրեն բավարարում է, մենք այլեւս հարցեր չունենք, թող շարունակի նույն ձեւով, բայց դա որեւէ լավ տեղ մեզ չի տանելու: Փաշինյանն այսկերպ նոր հեղափոխություն է հասունացնում, բայց հազիվ թե` թավշյա եւ ոչ բռնի:
Կարծիքներ