«Սպայկային» փոխարինելու ծրագրեր ունի Սպարապետի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան

«Սպայկային» փոխարինելու ծրագրեր ունի Սպարապետի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան

«Սպայկա» ընկերության տնօրեն եւ սեփականատեր Դավիթ Ղազարյանը չի բողոքարկել իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Այս մասին մեզ հայտնեց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը։ Իսկ պատրաստվո՞ւմ է դա անել։ Փաստաբանը չպատասխանեց հարցին․ «Հրապարակային ելույթներից զերծ ենք մնում առայժմ։ Ներկայում մենք ԶԼՄ-ների հետ շփումների ֆորմատ չենք համաձայնեցրել մեր պատվիրատուի հետ»։ Դավիթ Ղազարյանի եւ հարազատների հանդիպումները թույլատրված են, քննչական արգելանք գործով դեռեւս չի կիրառվել։ «Հաշիվների վրա կալանք չկա։ «Սպայկան» շարունակում է աշխատել»,- ասաց փաստաբանը։ 

ՊԵԿ-ն ընկերությանը մեղադրում է 2014-2015 թթ․ եվրոպական պետություններից ձեռք բերված եւ Հայաստան փոխադրման ու ներմուծման ենթակա պանրի, տանձի, խնձորի, չինական կաղամբի, լոլիկի եւ այլ ապրանքների համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու եւ մոտ 7,3 մլրդ դրամի մաքսատուրք ու հարկ չվճարելու համար, իսկ Ղազարյանը ժխտում է դա՝ ասելով, որ այդ գումարից մոտ 5,5 մլրդ դրամն ավելացված արժեքի հարկն է, որը, ըստ օրենքի, վերադարձնում են փոխադրող ընկերությանը։  

Ըստ ընկերությանը մոտ կանգնած անձից ստացված տեղեկությունների, «Սպայկայի» համար այժմ ճակատագրական պահ է․ Դավիթ Ղազարյանի անձը մեծ նշանակություն ունի ընկերության գործունեության համար։ Նրա ակտիվների մեծ մասը վարկային միջոցներ են, ու վարկային պայմանագրերով կետ կա, որ եթե Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի, բանկերն իրավունք կունենան գումարը հետ վերցնել։ Եթե բոլոր միջազգային կազմակերպությունները վարկերը միանգամից հետ ուզեն, ապա այդ կազմակերպությունը միանգամից կկորցնի իր ակտիվների 70 տոկոսը։ Հավանաբար, սա հայտնի է նաեւ ՊԵԿ-ին, որտեղ մեծ են հույսերը, որ «Սպայկան» ինչ-որ գումար կմուծի եւ կշարունակի բնականոն աշխատանքը։ Ստացվում է, որ ՊԵԿ-ը բյուջե գումար վերադարձնելու խնդիր է լուծում։

Մինչ ընկերությունում որոշում են իրենց հետագա տակտիկան, շուկայում նոր խաղացողների անուններ են հնչում, փնտրում են, թե ով է զբաղեցնելու «Սպայկայի» տեղը Հայաստանի գյուղմթերքի եւ մթերումների շուկայում։ Երեկ շրջանառության մեջ դրվեց «Բեստ Ֆրութ» ընկերության անունը, որը պատկանում է նոյեմբերյանցի մեծահարուստ Արման Ամիրաղյանին, որը հայտնի է նրանով, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ-ից Հրանտ Վարդանյանի որդու դեմ եւ պարտվեց վերջինիս։ Արման Ամիրաղյանի «Արման-օյլ» ձեռնարկությունների ցանցն ավելի հայտնի է, քան «Բեստ Ֆրութը»։ Բենզինի, յուղերի վաճառքի, ավտոտեխսպասարկման, գազալցման կետեր, նույնիսկ մեկ հյուրանոց կա Ամիրաղյանի տնօրինության տակ։ «Բեստ Ֆրութ»-ը նոր ընկերություն է։ «Հետագայում մենք զբաղվելու ենք նաեւ գյուղմթերքի փոխադրմամբ, բայց առայժմ միայն ավտոփոխադրումներ ենք կազմակերպում, պահեստի շինարարությունը դեռ չենք ավարտել։ Պահեստը, որը կառուցվում է, Արշակունյացի վրա է»,- պատասխանեցին մեզ ընկերությունից։ Մեկ պահեստով կարո՞ղ եք «Սպայկայի» տեղը զբաղեցնել։ «Ոչ, իհարկե։ Կարծում եմ՝ դա թյուրիմացություն է»,- պատասխանեցին «Բեստ Ֆրութ»-ից։ 

Երեկ Ֆեյսբուքում ակտիվորեն տարածում էին նոր գյուղմթերողի հայտարարություն, որը խոստանում է ամբողջ Հայաստանի գյուղացիների արտադրանքը բարձր գներով արտահանել  Ռուսաստանի Դաշնություն։ «Մենք արդեն ունենք պայմանագրեր ավելի քան 5 հազար սուպերմարկետների հետ եւ ունենք տարածաշրջանում ամենամեծ արտադրանքը: Ամենաուշը երկու ամսից յուրաքանչյուր գյուղացի հենց ինքը հնարավորություն կունենա մեր միջոցով իր իսկ արտադրանքը հանձնելու ռուսական շուկա։ Սառնարանային կետերն ու պահեստներն արդեն պատրաստ են Կոտայքի մարզում: Մեքենաների հարցն էլ շուտով կլուծվի,- խոստանում են ընկերությունից՝ ավելացնելով։ - Սա ինֆորմացիա է այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ «Սպայկայի» դադարեցումից հետո հայկական շուկան տուժելու է։ Վստահեցնում եմ, որ ոչ մի գյուղացի չի տուժելու»։ 

Ի՞նչ բեռնաշրջանառություն է ապահովելու նոր ընկերությունը, քանի՞ պահեստ ու «ֆուռ» ունի, ի՞նչ հաշվարկներ է կատարել առաջիկա ամառվա համար։ Ի՞նչ ծավալով բերք կընդունի, արդյոք իրե՞նք են գին թելադրելու, թե՞ գյուղացու պահանջած շուկայական արժեքով են առաջնորդվելու։ Հարցերն ուղղեցինք ընկերության հիմնադիր Գրիգոր Տեր-Ղազարյանին։ Նրա եղբայրը, որը նրա փոխարեն պատասխանում է զանգերին, ասաց, որ Գրիգորի հետ հիմա ոչ ոք չի կարող խոսել, նա հիմա ոչ մի հարցի չի պատասխանում, դա կանի հետագայում՝ ասուլիսի միջոցով։ Հնարավո՞ր է, որ նա չգիտի դեռ, թե ինչ պատասխանի։ «Գիտի, ցավդ տանեմ»,- ասաց եղբայրը։ 

«Որպես նախագծին աջակցողներ՝ մեզ համար շատ կարեւոր է գյուղատնտեսության զարգացումը մարզի տարածքում, եւ այդ կոնտեքստում մենք աջակցում ենք ցանկացած նման նախաձեռնություն,- Տեր-Ղազարյանների փոխարեն պատասխանեց Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը։ - Այժմ քննարկում ենք նախագծի իրականացման մանրամասները հիմնադիրների հետ։ Մեր կողմից համակողմանի աջակցություն է ցուցաբերվելու նմանատիպ բոլոր նախաձեռնություններին»։ Այլ մանրամասներ նրան հայտնի չէին։ 

Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը, մեր տեղեկություններով, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Նա վերջին շրջանում ոչխարներ էր արտահանում Արաբական Էմիրություններ եւ պարծենում էր, որ արդեն երկու տարի է, ինչ բացել է հայ ոչխարի ճանապարհն այն ուղղությամբ, որը փակվել էր այն բանից հետո, երբ Էմիրությունների սահմանային ծառայությունները Հայաստանից արտահանված հիվանդ կենդանիներ էին հայտնաբերել։ Անցյալ տարվա սեպտեմբերին նա հրապարակայնորեն քննադատում էր ՊԵԿ-ի եւ գյուղնախարարության աշխատաոճը, ասում, որ ինքը բազմամիլիոնանոց ծրագրեր է առաջարկել, սակայն կառավարության ուշադրությանը չի արժանացել, իսկ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում ներքին օղակներում։ 

Արարատյան դաշտավայրի գյուղերում, որոնք հույս ունեն հունիսին ծիրանի առաջին խմբաքանակը հանձնել, քիչ են հավատում տարբեր արկածախնդիրների խոստումներին։ Նրանք վստահում են միայն «Սպայկային», որը գյուղացու սիրտը շահել է նրանով, որ բերքը վերցրել է ամբողջությամբ՝ մինչեւ վերջին ծիրանը։ Անցյալ տարի, հետհեղափոխական շրջանում, «Սպայկան» վատ վիճակում էր արդեն, նրանք իրացման մեծ բարդություն ունեցան։ Անհատները, որոնք տանում էին ծիրանը, իրենք էին գին թելադրում, նաեւ ի վիճակի չեղան ողջ ծավալով մթերումն իրականացնել, եւ ծիրանը, ինչպես գյուղացին է ասում, «Սպայկայի» բացակայության պատճառով մնաց գետնին։