Դուրս ենք եկել մի ճանապարհ, որը պետք է լավ «ասֆալտապատել»

Դուրս ենք եկել մի ճանապարհ, որը պետք է լավ «ասֆալտապատել»

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային պատկերասրահում ամփոփեց իր պաշտոնավարման մեկ տարին եւ 100 կետով ներկայացրեց այն քայլերը, որոնք կատարվել են նոր Հայաստանում։ 

Երգահան Եղիշե Պետրոսյանի համար այս պահին այդքան էլ կարեւոր չէ, թե ասուլիսի ընթացքում վարչապետը քանի հարց ամփոփեց եւ քանի հարցի անդրադարձավ, որովհետեւ «մի մեծ փորձանքից պրծել ենք, բայց դեռ շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու, եւ այդ ճանապարհին այդ թվերը պստլիկ քայլիկներ են, բայց նաեւ՝ շատ կարեւոր։ Ես չեմ ուզում մանրանամ այդ թվերի ճշմարտացիության կամ պոպուլիստական լինելու մեջ, որովհետեւ գլոբալ առումով այն, ինչը ձեռք ենք բերել, շատ մեծ ու կարեւոր արժեք է։ Հետո՝ ամենակարեւորն այն է, որ տեսնում եմ ինչ-որ բան փոխելու կամք։ Շատ բաներից դժգոհ եմ, շատ բաներ ինձ թվում են դանդաղ, միգուցե՝ ոչ տեղին, ուշացած, բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ փաստել, որ մենք դուրս ենք եկել մի ճանապարհ, որը պետք է լավ «ասֆալտապատել» ու առաջ ընթանալ»։ 

Թե ինչից է դժգոհ, Պետրոսյանը կետերով մանրամասնում է․ «Անցումային արդարադատությունն ուշանում է։ Իմ եւ ոչ միայն իմ կողմից հարգված, գնահատված շատ պրոֆեսիոնալներ մասնակից չեն կառավարության գործերին։ Սահմանադրության փոփոխության թեման երբեմն բարձրաձայնվում է ու նորից անտեսվում։ Բողոքներից մեկն այն է, որ Արցախը ոնց կար, այդպես էլ մնաց՝ իր ղեկավարությամբ հանդերձ, եւ կարծես հեղափոխությունն այնտեղ չհասավ։ Հին տրամաբանությամբ մարդիկ չպետք է այսօր լինեին իշխանության գլխին։ Այսինքն՝ տրամաբանությունը պահանջում էր միասնական լուծումներ գտնել։ Հիմա սեպ են խրել Արցախի եւ Հայաստանի արանքում, բայց ո՞վ չգիտի, որ Արցախը Հայաստանն է։ Այդ շատ նուրբ թավիշն իմ սրտով չէր»։ 

Ինչ վերաբերում է նոր կառավարության նոր կադրերին, ապա Եղիշե Պետրոսյանն ըմբռնումով է մոտենում դրան․ «Գերմանացի երկու ուսանողի, ովքեր մասնագիտացել են կոշիկի արտադրության մեջ, ուղարկում են Աֆրիկա, որ տեսնեն, թե ինչ հեռանկարներ կան այնտեղ։ Մեկը հեռագիր է տալիս, որ այստեղ ոչ մի հեռանկար չկա, ոչ ոք կոշիկ չի հագնում, բոլորը բոբիկ են, մյուսն էլ հեռագիր է տալիս ու ասում, որ այստեղ շատ մեծ հեռանկար կա կոշիկի արտադրության համար, որովհետեւ բոլորը բոբիկ են։ Այսինքն՝ կախված, թե հարցին որ կողմից ես նայում։ Պետք է որոշ հարցերում ներողամիտ լինել, իհարկե՝ շատ պրոֆեսիոնալների ուղղակի անտեսել են, որը համարում եմ շատ մեծ թերացում»։

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի կարծիքով, մեր երկիրն այնպես է քայքայված, որ մեծ սպասելիքներ չենք կարող ունենալ, հատկապես մեկ տարվա մեջ։ «Երկիրն ամբողջովին քայքայված ու թալանված է, մեկ տարվա մեջ այդ բոլորը վերադարձնելն այդքան հեշտ բան չէ»,- ասում է նա ու նկատում, որ թեպետ 15 տարեկանից աշխատում է, բայց ստանում է 36 հազար դրամ թոշակ, ու գոնե իր վրա չի անդրադարձել վարչապետի մատնանշած թոշակների բարձրացումը։ 

«Բոլորս ուզում ենք, որ Հայաստանը միանգամից դրախտ դառնա, բայց մի քանի ամիս է, որ նոր կառավարությունը, խորհրդարանը սկսել են գործել, եւ մենք ավել սպասելիք չէինք կարող ունենալ»,-ասում է Շահումյանն ու նշում, որ, օրինակ, աղբի խնդիրը թե՛ հին, թե՛ նոր իշխանությունների օրոք իր շենքում միշտ էլ եղել է․ «5 տարի է արդեն՝ մեր վերելակը փչացած է, քանի անգամ դիմել եմ, որ վերանորոգեն, բայց՝ անարդյունք։ Ամեն դեպքում՝ այն, ինչ լսեցի վարչապետից, հուսադրող է, հանգամանորեն տիրապետում է իրավիճակին, եւ, իհարկե, մենք գիտենք, որ ամեն իշխանության կողքին կհավաքվեն նաեւ պատեհապաշտներ, կարիերիստներ․ դա էլ կլինի։ Ես միշտ ասել եմ, որ կուսակցական կառավարումը մեր երկրի համար ճիշտ չէ, եւ կարծում եմ՝ մենք պետք է վերանայենք մեր կառավարման համակարգը»։ 

Նկարիչը կարծում է, որ երբ քաղաքում շատ խնդիրներ կան չլուծված, եւ դրանց ֆոնին քննարկվում է քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերի հարցը, դա, իհարկե, ժողովրդի աչքին միանգամից երեւում է․ «Եթե կարողանան բոլորինը բարձրացնեն, շատ լավ է, բայց գիտնականի, ուսուցչի աշխատավարձը չբարձրացնեն՝ դա վատ է»։ 

Ինչ վերաբերում է նորաբաց այգուն, ապա դեռ միայն լուսանկարներով է տեսել ու կարող է ասել, որ այգու քանդակներն ահավոր վատն են․ «Շատերն ասում են՝ դե, դրված է երեխաներին ուրախացնելու համար, բայց դա դրված է այգում, եւ դրսից օտար մարդիկ էլ են գալիս մեր երկիր։ Ի վերջո, մեր երեխաները դաստիարակվում են այդ մշակույթով։ Ես չէի ուզենա, որ այդ քանդակները լինեին անարվեստ, պետք է արվեր այնպես, որ արժանի լինեին մեր ժողովրդի պատմությանը։ Ենթադրում եմ, թե այդ քանդակներն ովքեր են արել, դրանից կարող եմ ասել, որ դա եղել է նաեւ բիզնես»։