Ճգնաժամ հայ-ամերիկյան հարաբերություններում

Ճգնաժամ հայ-ամերիկյան հարաբերություններում

Հետհեղափոխական Հայաստանի «արեւմտյան ճակատում անփոփոխ է» (կրկնելով Ռեմարկին): ՀՀ արտաքին քաղաքական ողջ ճակատում է իրավիճակն անփոփոխ: Ավելի ճիշտ՝ այստեղ բոլոր փոփոխությունները միայն անհանգստացնող են: Առավել եւս՝ հայ-ամերիկյան հարաբերություններում: Հատկապես՝ հայ-ամերիկյան հարաբերություններում: 

Թվում էր, թե ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության բացասական հետագիծը նոր Հայաստանում պետք է արագորեն փոխվեր՝ այդ հարաբերություններում առկա լարվածությունը, խորքային անվստահությունը հաղթահարելով եւ կերտելով նոր քաղաքականություն եւ նոր որակի երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններ: Սակայն «արտաքին քաղաքական օրակարգ» չփոխած Նիկոլ Փաշինյանը հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման մասին չէր մտածում՝ շարունակելով իր տխրահռչակ նախորդների արտաքին քաղաքական ուղեգիծը: 2018թ. նոյեմբերին, առաջնորդվելով արտերկրում ՀՀ դեսպանների «պրոֆեսիոնալ չափանիշներով»՝ վարչապետ Փաշինյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակեց Սերժ Սարգսյանի երկարամյա օգնական Վարուժան Ներսիսյանին: Ենթադրել միայն կարելի էր, թե այդ ո՞ր կառույցն էր նման կադրային նշանակումներ իրականացնում:

Չփոփոխելով արտաքին քաղաքական օրակարգը, երկյուղելով Մոսկվայի հնարավոր սպառնալիքներից՝ հետհեղափոխական Հայաստանի երիտասարդ կառավարությունը ոչ միայն խորացրեց Հայաստանի ռազմաքաղաքական կախվածությունը Ռուսաստանից, այլեւ հայ-ամերիկյան հարաբերությունները զոհաբերեց Մոսկվայի քմահաճույքներին՝ ռազմական եւ աշխարհաքաղաքական հակամարտության մեջ եռացող Սիրիա հումանիտար գումարտակ ուղարկելով՝ դրանով իսկ նաեւ կտրուկ հակադրվելով տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանը: Ի՞նչ փույթ, թե հայ-ամերիկյան փոխվստահության վերջին պաշարները հողմացրիվ էին լինում: 

Հետհեղափոխական այս ողջ ընթացքն ավելիով ապացուցեց, որ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները ծայրահեղ լարված են: Սակայն Հայաստանում դա քչերին էր անհանգստացնում. Հայաստանի հասարակությանը եւ ինքնահռչակ ընդդիմադիր ՀՀԿ-ին «մտահոգում էին» «Հայաստանի ռազմավարական դաշնակցի»՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները: Ո՛չ նախահեղափոխական, ո՛չ հետհեղափոխական Հայաստանում հասարակությունն ու իշխանությունը այդպես էլ չքննարկեցին, թե ինչու հայ-ամերիկյան հարաբերություններում բարելավում չկա ավելի քան մեկուկես տասնամյակ: 

Հետխորհրդային Հայաստանում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման արգելակները հիմնականում հետեւյալն էին.

1. Հայաստանի հասարակության ռուսական կողմնորոշումը, ՌԴ ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում, Երեւանի ոչ ինքնուրույն արտաքին քաղաքականությունը
2. համակարգային կոռուպցիան եւ ազատական տնտեսության կայացման խոչընդոտները
3. ժողովրդավարական ինստիտուտների կազմաքանդումը, ազատ ընտրական համակարգի ոտնահարումը, հեռուստաընկերությունների ամբողջական վերահսկումն իշխանությունների կողմից
4. կախյալ եւ կոռումպացված դատական համակարգը
5. Իրանի հետ Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները
6. ԱՄՆ-ի դրամաշնորհային քաղաքականության սխալ հասցեականությունը:

Թավշյա հեղափոխություն իրականացրած Հայաստանում, թվում էր, այդ խնդիրների լուծման, քաղաքական փոփոխությունների իրականացման համար հեղափոխական ներուժը բավարար էր, ինչի արդյունքում հայ-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը եւս կարող էր հաղթահարվել: Չնայած ժողովրդավարական հաստատությունների վերականգնման՝ ազատ ընտրությունների եւ ազատ մամուլի կայացման արդյունավետ փորձերին, չնայած կոռուպցիայի դեմ պայքարին, հայ-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամը չի հաղթահարվում, անգամ՝ խորանում է: Մի կողմից, Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարված փոփոխությունների իրական արդյունքները, հավանաբար, մեծ վստահություն չեն ներշնչում Վաշինգտոնում, մյուս կողմից՝ Երեւանի արտաքին քաղաքականության «անփոփոխ օրակարգը» եւ ուղեգիծը նյարդայնացնում են ԱՄՆ-ին: Նաեւ այն պատճառով, որ Երեւանը, կոպտորեն հակադրվելով ամերիկյան շահերին, պաշտպանում է ոչ թե Հայաստանի, այլ օտար պետության՝ Ռուսաստանի շահերը՝ ամերիկյան կառավարող շրջանակների համար շարունակվելով ընկալվել որպես ՌԴ ռազմաքաղաքական կցորդ եւ միջազգային հարաբերություններում այդպես էլ ձեռք չբերելով վստահելի եւ ինքնուրույն գործընկերոջ համարում: 

Սակայն Հայաստանի հեղափոխական իշխանությանը դա բնավ չի հուզում: Ավելին: Այս տարվա ապրիլի 24-ին, «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում, վարչապետ Փաշինյանն առանձնակի հպարտությամբ ընդգծում է. «Հայաստանի որեւէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարեւորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է»: 

Հայաստանի ինքնիշխանության իրական սպառնալիքները չնկատող Փաշինյանը չի բացատրում, թե ինչպես, ինչով եւ երբ է Միացյալ Նահանգները խոչընդոտել Հայաստանի ինքնիշխանության պահպանմանը, եթե ոչ՝ մեծապես աջակցել Հայաստանին: Այսպես: 1991-2001 թթ. ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին է տրամադրել 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի մարդասիրական եւ տեխնիկական օժանդակություն, իսկ 2005-2014թթ.՝ 413 մլն դոլարի աջակցություն: Հայաստանը, բնակչության մեկ շնչի հաշվով, աշխարհում ԱՄՆ օգնության մասով 2-րդ տեղում է՝ Իսրայելից հետո: ԱՄՆ-ն աշխարհում միակ պետությունն է, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Ղարաբաղին: 
Անգամ հարաբերությունների անկման այս պայմաններում, 2019թ. մայիսի 8-ին, ԱՄՆ-ն 7.5 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն հատկացրեց Հայաստանին՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների զարգացման համար:

2018թ. մայիսի 8-ին, ԱԺ հատուկ նիստում, վարչապետի թեկնածուի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «ԱՄՆ-ի հետ բարեկամական գործունեությունը նոր խթանի կարիք ունի: Մենք նպատակադրված ենք հստակ գործնական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալու համար»: Սա հեղափոխության առաջնորդ Նիկոլի բազում չկատարած խոստումների շղթայի մեկ օղակն է: 

Դրա մասին է վկայում նաեւ ՀՀ ԱԳՆ 2018թ. տարեկան հաշվետվությունը, ուր հայ-ամերիկյան հարաբերությունների հետ առնչվող երեք դիտարժան փաստեր կան՝ մայիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի այցը Հայաստան, հունիսի 29-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցն ԱՄՆ եւ նրա հանդիպումը պետքարտուղար Պոմպեոյի հետ, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան: Սակայն այս այցերի արդյունքներն անհայտ են:
ՀՀ արտաքին քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի լրագրության մեջ գրեթե տեղ չի գտել՝ դուրս մնալով նրա լրագրային նախասիրություններից: Այն տեղ չի գտնում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախասիրություններում: Հայ-ամերիկյան հարաբերություններն այդպես հայտնվեցին նաեւ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության չիմացության դասագրքում: Հանգամանք, որ Հայաստանին կագնեցնում է հին ու նոր խնդիրների առջեւ:

Մինչդեռ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը նոր Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն ՌԴ ներկայությունն ու գործոնը հավասարակշռելու, ոչ միայն արեւմտյան քաղաքակրթությունը եւ ԱՄՆ քաղաքական համակարգին ներդաշնակ լինելու համար, այլեւ Հայաստանի տարածաշրջանային եւ միջազգային անտեսումը հաղթահարելու, արտաքին քաղաքական վստահելի գործընկերներ ձեռք բերելու համար: 

Սակայն, դատելով ԱՄՆ-ին հերոսաբար քննադատելու Նիկոլ Փաշինյանի վարքագծից, կարելի է ենթադրել, որ հայ-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամը կպահպանվի: Հայկական մոլորակը կշարունակի պտտվել ռուսական ուղեծրում, իսկ հայկական ժամանակի սլաքները կհարվածեն Մոսկվայի ժամանակին համահունչ: Եվ Հայաստանի «արեւմտյան ճակատում» ամեն ինչ դարձյալ անփոփոխ կմնա: