Փաշինյանն ավելի շատ քաղաքական հռետորաբանություն է բանեցնում՝ խոսելով գազի սակագնի իջեցման հնարավորությունից

Փաշինյանն ավելի շատ քաղաքական հռետորաբանություն է բանեցնում՝ խոսելով գազի սակագնի իջեցման հնարավորությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ռուսաստանյան լրագրողներi հետ հանդիպմանը հայտարարել է, թե հույս ունի մինչև այս տարեվերջ «Գազպրոմ»-ի հետ համաձայնության հասնել գազի սակագնի նվազեցման հարցում: «Վստահ եմ, որ հնարավոր է (նվազեցնել գազի գինը): Խնդիրը միայն առանձին գազի սակագնին չի վերաբերում, այդ հարցը վերաբերում է ԵՏՄ-ի արդյունավետությանը: Մենք, ըստ էության, արդեն համաձայնություն ունենք, որ միասնական էներգետիկ շուկա է ստեղծվելու, մեր առաջարկները համապատասխանում են այդ բանակցությունների տրամաբանությանը: Գազի և էներգառեսուրսների ոչ խտրական գները շատ կարևոր են ԵՏՄ-ի արդյունավետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կցանկանար այդ հարցը մինչև տարեվերջ լուծել:

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ»-ը բարձրացրել է Հայաստանի համար գազի սակագինը՝ 1.000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից հասցնելով 165 դոլարի, սակայն գնային տարբերությունը փակում է <Գազպրոմ Արմենիա> ընկերությունը, սպառողի համար գինը մնացել է նախկինը:
Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց, որ վարչապետ Փաշինյանն խոսել է ոչ թե գազի սակագնի իջեցումից, այլ նման հնարավորությունից, նվազեցման առկա ներուժից, «հիմնականում վկայակոչելով ԵԱՏՄ-ի շրջանակներում կիրարկվող մեխանիզմները, որոնց կիրառման արդյունքում պետք է ձևավորվի ընդհանուր էներգետիկ շուկա՝ միասնական սակագներով»։

Փորձագետն անձամբ այս հարցում լավատես չէ։ «ԵԱՏՄ-ում ընթացող ինտեգրացիոն գործըթնացները բավականին խորքային վերլուծության պետք է ենթարկվեն, բայց ըստ իս՝ այդ ինտեգրացիան չի առաջացնում այն կիրառվող գործիքները, որոնք թույլ կտան մոտակա ժամանակահատվածում ունենալ նման էներգետիկ քաղաքականություն։ Հատկապես, երբ խոսքը ընդհանուր գազային շուկայի մասին է, այստեղ առկա են շատ լուրջ տարաձայնություններ ԵԱՏՄ տարբեր անդամների միջև և ես ավելի շատ հակված եմ կանխատեսելու, որ մի շարք դերակատարներ, թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը փորձելու են խոչընդոտել եվրասիական էներգետիկ ինտեգրացիան, քանի որ ընդհանուր ինտեգրացիոն ծրագրերը կյանքի կոչելը կարող է վնասել ազգային էներգետիկ շղթաները»։
Հարցին, թե ի՞նչ է՝ Նիկոլ Փաշինյանն այդ մանրամասներից տեղյակ չէ՞, փորձագետը պատասխանեց․«Չեմ կարող ասել, իրենից պետք է հարցնել»։
Այնուամենայնիվ, նա ասում է, որ պետք է հստակ տարանջատել քաղաքական հռետորաբանությունը, որի շրջանակներում, այո, կարելի է խոսել նման հնարավորության մասին, բայց երբ փորձում ես հարցը դիտարկել կիրառական տեսանկյունից, ապա  գոնե փորձագետները կարող են շատ երկար թվարկել այն խնդիրները, որոնք մոտակա ժամանակահատվածում թույլ չեն տա իջեցնել գազի սակագինը Հայաստանի համար։

Փորձագետը չբացառեց, որ եթե հարցը դրվի հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում, քաղաքական հարթության մեջ միգուցե ինչ-որ դրական լուծում ստանա, բայց ամբողջ խնդիրն այն է, որ կառավարությունն ու վարչապետ Փաշինյանը խոսելով գազի սակագնի իջեցման մասին, չգիտես ինչու, միշտ հղում են անում ԵԱՏՄ ինտերգրացիոն նախագծերին։