Տնօրենի «աջ թեւը» Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է․ Ավշարի դպրոցում կրքերը չեն հանդարտվում

Տնօրենի «աջ թեւը» Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է․ Ավշարի դպրոցում կրքերը չեն հանդարտվում

Մի քանի օր է, ինչ Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում կրքերը չեն հանդարտվում, ընթանում է գործադուլ ու դասադուլ։ Ծնողները եւ ուսուցիչները պահանջում են դպրոցի նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։

Հիշեցենք, որ ցուցարարները պնդում են՝ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի եւ կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում ուսուցիչներից Փամբուկյան Կարինեն ասաց, որ այսօր կրկին դասապրոցես տեղի չի ունեցել, իրենք շարունակելու են իրենց պայքարը․ «Մեզ երեկ ասեցին, որ ինքը գնում է դիմում գրելու, բայց դրանից մեկ ժամ հետո մեզ հրավիրեցին մարզպետարան, զրույցներ ունեցանք փոխմարզպետների հետ, մեզ հանդարտեցրին, ընկեր Անդրեասյանին էլ էին հրավիրել։ Պարզապես ընկեր Անդրեասյանը իրեն շատ վատ պահեց հենց առաջին օրվանից։ Մենք մինչեւ երեկ համոզված էինք, որ նա գնաց մարզպետարան հրաժարականի դիմում ներկայացնելու, բայց մարզպետը չի ստորագրում, կամ դիմում գուցե չի էլ եղել, նրա հրամանը մնում է անփոփոխ։ Նա իր ընկերուհուն կանչեց թղթերով՝ Աստղիկ Հարությունյանին, որպես փոխտնօրեն աշխատելու»։
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք չեն պատրասվում աշխատել տնօրենի հետ․ «Մենք այսօր գնացել էինք դպրոց, սակայն  տնօրենը չէր եկել, տեղեկացանք, որ բուլետին ունի, բայց շատ զարմացանք, հիմա ես հարց եմ ուղղել՝ որտե՞ղ է պառկած, որովհետեւ իրեն շատ լավ էր զգում, հետո ծնողները որոշեցին փակել կենտրոնական ճանապարհը, սակայն հետո բացեցին։ Վաղը եւս շարունակելու ենք գործադուլը, մենք  պարզապես չենք կարող իր հետ աշխատել»։

Անդրադառնալով տեղեկություններին, թե տնօրենը ազգակցական կապ ունի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, ուսուցչուհին նշեց․ «Ես չեմ կարող սուտ տեղեկություներ ձեզ տալ, բայց Աստղիկ Հարությունյանը մարզպետի մորաքրոջ հարսն»։

Նշենք, որ այսօր Արարատի մարզպետարանը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: 
Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ եղել է ձեռնպահ։ Հերմինե Անդրեասյանը կշարունակի պաշտոնավարել։ Աշխատանքից չի ազատվել նաև դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը։ Նա նույնպես կշարունակի պաշտոնավարել։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Հերմինե Անդրեասյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է, ապա հայտնում ենք, որ վերջինս ազգակցական որևէ կապ չունի մարզպետ Սարգսյանի հետ։ 
Ուզում ենք շեշտել, որ Արարատի մարզպետարանը և մարզպետ Գարիկ Սարգսյանը հետևողական են լինելու, որ և՛ Ավշարի, և՛ մարզի որևէ այլ դպրոցում կամայական և անօրինական որևէ գործողություններ, ազատումներ չլինեն։ Կոչ ենք անում ծնողներին և աշակերտներին չտրվել որևէ սադրանքի և հաճախել դպրոց»։