Չարաչար սխալվում է նա, ով մտածում է՝ Կադաստրն ուր, լեզվական  խնդիրներն ուր…

Չարաչար սխալվում է նա, ով մտածում է՝ Կադաստրն ուր, լեզվական  խնդիրներն ուր…

Հայերենի լիակատար կիրառում, անձնանունների, աշխարհագրական անվանումների, տեղանունների, փողոցների և մյուս բոլոր անունների գրանցման միասնականություն, փաստաթղթերում՝ լեզվական ու ոճական ճիշտ, միասնական ձևեր, այս ամենի համար՝ օրենսդրական փոփոխությունների մշակում… Այս հարցերի շուրջ պայմանավորվեցին Լեզվի և Կադաստրի կոմիտեների ղեկավարները։ 

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և տեղակալ Մարատ Յավրումյանը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի, գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանի, գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանի և խմբագիր Լիլիթ Ազատյանի հետ Կադաստրի կոմիտեում ավելի քան մեկ ժամ քննարկեցին… լեզվական հարցեր։  

Չարաչար սխալվում է նա, ով մտածում է՝ Կադաստրն ուր, լեզվական խնդիրներն ուր… Տարրական բան. մարդու հայրանունը սխալ հոլովելու մեկ հարվածով նրան կարող ենք զրկել իր սեփականած անշարժ գույքից… Բայց սա Լեզվի և Կադաստրի կոմիտեների համագործակցության միակ եզրը չէ և ոչ էլ առաջին դեպքը։ 

Դավիթ Գյուրջինյանը հանդիպման սկզբում գոհունակությունը փոխանցեց, որ Կադաստրի կոմիտեն հայերեն հեռախոսագրերը (sms-ները) պարտադիր է դարձրել, հետաքրքրվեց դրա տեխնիկական հնարավորություններով՝ Հայաստանում առավել լայնորեն կիրառելու համար։ 

Սարհատ Պետրոսյանը խոստովանեց, որ հատկապես հին և «հայերեն չկարդացող հեռախոսների» գոյության պայմաններում դա բավական բարդ էր, բայցև «մի կերպ հաղթահարեցինք այդ մարտահրավերը»։ Կարևոր բան էր։ Պետք է հարգել պետական լեզուն, մայրենի լեզուն, Սահմանադրությունն ու Լեզվի մասին օրենքը։ Իսկ Կոմիտեն տարեկան նվազագույնը 160 հազար հեռախոսագիր է ուղարկում իր կոնկրետ հաճախորդներին։ Կոմիտեի ղեկավարը նշեց նաև, որ հեռախոսագրերի անհրաժեշտությունն ու դրանց ծախսերը շուտով կվերանան, քանի որ կնիքի գործածումն օրենսդրորեն վերացնելուց հետո ծանուցումները հաճախորդներին կուղարկվեն էլեկտրոնային փոստով։

Այստեղ կա Լեզվի կոմիտեի հետ համագործակցության մյուս եզրը. գրագրությունը, Կոմիտեի տրամադրած վկայականները, մյուս փաստաթղթերը բերել ճիշտ և միասնական տեսքի։ Կոմիտեի գլխավոր քատուղար Գոհար Գրիգորյանի հետ պարբերական շփումներով կհստակեցվեն «ճիշտ կամ երկու տարբերակներից առավել ընդունելի» լեզվական ձևերը, կետադրական նրբությունները, կմշակվեն «ստանդարտներ»։    

Համագործակցության մյուս եզրը, որի արդյունքը բազմաթիվ այլ ոլորտների համար ևս կիրառելի է դառնալու, աշխարհագրական անվանումների, տեղանունների և ներբնակավայրային փողոցների անունների ճշգրտումն է, միասնականացումը։ Աշխարհագրական անվանումների հանձնաժողովի նոր կազմն առաջիկայում ներկայացվելու է Կառավարության հաստատմանը (հանձնաժողովն ի պաշտոնե նախագահում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը)։ Հանձնաժողովի ստեղծումից անմիջապես հետո «գործին լծվելու» պայմանավորվածություն ձեռքբերվեց։ Կադաստրի կոմիտեն շուտով կգործարկի հասցեների ռեգիստրը, կմիասնականցնի  հասցեավորումը։ 

Մարատ Յավրումյանը նկատեց, որ Քաղավիացիան ևս աշխարհագրական անվանումները, ինչու՞ չէ, ուղևորների անունները միասնականացված ձևով գրելու խնդիր ունի։ Այստեղ կարևոր են նաև տառադարձության կանոնները (այլ լեզուներից փոխադրելիս հայերեն գրության ի′նչ կանոններ պետք է լինեն, կամ պարզապես ամեն անուն հայերեն ինչպե′ս պետք է գրվի ու արտասանվի (օրինակ, Պրագա՞, թե Պրահա. ճիշտը հ-ովն է)։ Տառադարձության խնդիրներն արևելահայերենում բավական բարձիթողի են մնացել։ Դավիթ Գյուրջինյանը տեղեկացրեց, որ իր օգնականն արդեն 2-3 ամիս է, զբաղվում է դրանով, փորձում գտնել քիչ թե շատ ընդունելի լուծումներ։ 

Խորեն Գասպարյանը միասնականացման մեկ այլ նրբության մասին խոսեց՝ փաստաթղթերում մարդու անունը, ազգանունը և հայրանունը գրելու պարտադիր հերթականություն սահմանելու, հայրանունը գրել-չգրելու կամ հոլովելու մասին։ Պատմեց, որ օտարերկրյա մի քաղաքացի հինգ անգամ հետ է բերել Կադաստրի տված փաստաթուղթը, քանի որ ամեն անգամ կա′մ նրա հայրանունն է շփոթվել ազգանվան հետ, կա′մ անունը, կամ էլ հոլովվելիս լրիվ այլ բան է դարձել։ Այսինքն, մարդուն նույնականացնելու բազում խնդիրներ են առաջանում ստանդարտների բացակայության պատճառով, ինչը պետական այլ մարմիններում էլ կարող է լուրջ հարց լինել։ 

Գյուրջինյանն ավելացրեց, որ ճիշտ է, բացի Կադաստրի կոմիտեից, պետական այլ մարմիններ Լեզվի կոմիտեին չեն դիմել նման հարցերով, բայց քաղաքացիները շատ են դիմում. օրինակ, Սարգիս կամ Եսայի հայրանուններն ինչպե՞ս պետք է հոլովել։ Յավրումյանը նշեց, որ ՀՀ քաղաքացու անձնագրի և ՀՀ քաղաքացու նույնականացման քարտերի մասին օրենքներից բխում է, որ այլընտրանքյին տարբերակների դեպքում պարզաբանումը պետք է տա Լեզվի կոմիտեն։ Առաջարկեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ մշակել Կադաստրի կոմիտեի հետ, տվյալների բոլոր բազաներում անվանումները միասնականցնելու խնդիրը լուծել, ինչի շուրջ ևս պայմանավորվածություն ձեռք բերվեց։  

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ բազմաթիվ հայերեն նոր տարբերակներ գործածության մեջ ամրացնելու խնդիր է վերջին ամիսներին լուծում Կոմիտեն, օրինակ, «ավտոմատ» բառը՝ ինքնաշխատ, «օնլայն»-նն՝ առցանց, որոշ տեղերում՝ անթուղթ (paperless) և այլն։ Միայն «ռեգիստր» բառի համար առայժմ լավագույն հայերեն տարբերակը չի գտնվել… 


ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Հանրային կապերի բաժին