Ռեկտորները թույլ չեն տվել, որ Գեղամ Գեւորգյանը նիստը վարի

Ռեկտորները թույլ չեն տվել, որ Գեղամ Գեւորգյանը նիստը վարի

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ անցել է խորհրդարանում, կրկին բուռն քննարկումների տեղիք է տվել, եւ հատկապես ընդվզում է բուհական հանրությունը՝ գիտակցելով, թե այդ օրենքով ինչ փորձանքներ են բերել բարձրագույն կրթության ոլորտի գլխին։

Օրինագիծն օրերս քննարկվել է նաեւ ԿԳՄՍ նախարարությունում հրավիրված բուհերի ռեկտորների խորհրդի նիստում, որին մասնակցել է Հայաստանի պետական բուհերի 13 ռեկտոր: Ներկա չի եղել միայն Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, թերեւս այն պատճառով, որ իշխանությունը որոշել է, որ նա պետք է ազատվի աշխատանքից, իսկ նա չի ենթարկվում այդ կամայականությանը։

Մեզ պատմեցին, որ նիստը միանգամից սկսվել է սկանդալով։ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը գնացել նստել է նիստը վարողի՝ խորհրդի նախագահի տեղում, ինչը դուր չի եկել ներկա ռեկտորներին։ Նրանք ասել են, որ նա իրենց կողմից բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ չի ընտրվել, ժամանակին ընտրել են Արամ Սիմոնյանին, վերջինիս հեռանալուց հետո ընտրություն չի կայացել։ Գեւորգյանն առարկել է, թե, ավանդույթի ուժով, ռեկտորների խորհրդի նախագահը լինում է ԵՊՀ ռեկտորը՝ մոռանալով, որ ինքն անգամ ռեկտոր էլ չի ընտրվել։ Ապա Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, որն օրենքի եւ մյուս բոլոր հարցերում բացառապես իշխանական դիրքորոշումներն է պաշտպանում, առաջարկել է հենց տեղում ընտրել Գեւորգյանին, սակայն ներկաներն առարկել են, թե դա հատուկ նիստի թեմա է, իսկ այս նիստը հրավիրվել է պատուհաս օրինագիծը քննարկելու համար։

Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նա հավատացրել է, թե ռեկտորներն իզուր են օրենքի հետեւում իրենց դեմ ուղղված դավեր տեսնում, վստահեցրել է, որ նրանց վտանգ չի սպառնում։ Սակայն ռեկտորները նկատել են, որ իշխանությունները փոխվել են։ Երկար քննարկումից հետո ռեկտորներին առաջարկվել է կրկին իրենց առաջարկներն ուղարկել նախարարություն, թեեւ անցյալում արդեն դրանք ուղարկվել էին, խոստացվել է դրանք ուսումնասիրել եւ ընդգրկել օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունելու ժամանակ։
Առհասարակ, ռեկտորները հասկացել են, որ այս օրինագծի նպատակը մեկն է՝ կոտրել բուհերի ընդդիմադիր ողնաշարը, հնազանդեցնել ռեկտորներին եւ նրանց միջոցով՝ նաեւ բուհերի կոլեկտիվներին ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին։

Նրանք կարծում են, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքն իշխանությունը որոշել է դարձնել մահակ՝ բուհերի եւ գիտական հիմնարկների գլխին։ Այս պատժամիջոցը մտածել են հատկապես այն բանից հետո, երբ բուհական եւ գիտական հաստատությունների մի մասը, ԳԱԱ-ն, դասախոսների մեծ խմբեր սկսեցին հանդես գալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Որոշել են պատժել պրոֆեսորադասախոսական անձնակազմին։

Եթե մինչ այդ օրենքի նախնական տարբերակում ֆիքսված էր հոգաբարձուների խորհրդի 12 հոգանոց կազմ՝ նախկին 32-ի փոխարեն, ապա պատերազմից հետո, ընդամենը 2 օրում, կտրուկ որոշում է փոխվել, եւ խորհրդի կազմը նախագծում դարձրել են 9 հոգանոց․ 4-ը՝ բուհից, 5-ը՝ լիազոր մարմնի՝ կառավարության կողմից նշանակված։ Իսկ դա նշանակում է, որ բուհերը կառավարության կողմից կդառնան բացարձակապես կառավարելի եւ այլեւս երբեք չեն կարողանա հրաժարականի պահանջով կամ հակակառավարական նախաձեռնություններով հանդես գալ։

Ի դեպ, նախորդ նախագծում, որտեղ 12 հոգանոց հոգաբարձուների խորհուրդ էր նախատեսված, ռեկտորին 5 տարով նշանակելու կետ կար, ինչի հետ կապված՝ մեծ աղմուկ բարձրացավ, եւ իշխանությունը ստիպված եղավ զիջել այդ հարցում՝ ամրագրելով, որ բուհի խորհուրդն ընտրելու է 3 թեկնածու, որից մեկին կնշանակի նախարարը։ Բայց հիմա էլ իբրեւ թե խորամանկություն են արել՝ 3 հոգի ընտրելու իրավունքի կողքին ամրագրել են իրենց գերակշռությունը խորհրդի կազմում, եւ այդ պարագայում բուհի 4 հոգին խորհրդում երբեք չեն կարող անցկացնել իրենց ուզած թեկնածուին։ Բնականաբար, ընտրվելու է այն անձը, ում կուզենա լիազոր մարմինը՝ հանձին կառավարության։

Այս օրինագծի «հայրը» համարվում է կրթության նախկին փոխնախարար, սորոսական շրջանակներին հարող, այժմ ԱԺ պատգամավոր, կրթության հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։ Ռեկտորների պաշտոնը նշանակովի դարձնելու գաղափարն ի սկզբանե ուղղված էր Երեւանի պետական համալսարանին, որտեղ հոգաբարձուների խորհուրդը դիմադրում է ու իշխանությունների ուզած թեկնածուին դեմ է արտահայտվում, եւ դա է պատճառը, որ մոտ 2 տարի ԵՊՀ-ն ռեկտոր չունի։ Իշխանությունը վտանգ է տեսնում, որ կարող է հակաիշխանական անձը, համալսարանի թեկնածուն, ասենք՝ Ռուբեն Մելքոնյանը, ընտրվել, դրա համար էլ փորձում է օրենքով ամրագրել իրենց իրավունքները։

Սակայն այս խնդրին հետագայում ավելացավ նաեւ հետպատերազմյան ընդվզումը, երբ վարչապետի հրաժարականի պահանջով սկսեցին հանդես գալ ԵՊՀ-ի, Բրյուսովի անվան համալսարանի դասախոսները, Գիտությունների ազգային ակադեմիան եւ այլն։