Հայրենիքը փրկելու համար անհրաժեշտ է մերժել Փաշինյան Նիկոլին

Հայրենիքը փրկելու համար անհրաժեշտ է մերժել Փաշինյան Նիկոլին

Արցախյան երկրորդ (կամ երրորդ, եթե որպես երկրորդ ընդունենք 2016-ի ապրիլյան քառօրյան) պատերազմի պարտության պատճառների մասին դեռ երկար կմտածենք ու կշարունակենք թղթին հանձնել մեր մտքերը: Եվ դա հասկանալի է, քանի որ շուրջ 900 տարի առաջ մենք պետականություն ենք կորցրել, 100 տարի առաջ էլ վերականգնել, իսկ 25 տարի առաջ ետ գրավել մեր պատմական տարածքների մի փոքր մասը: Ու հետո հանկարծ այդպիսի տապալում… Մարդ քիչ է մնում դա ընկալի որպես վերին ուժերի կողմից պատիժ, քանի որ համաժողովրդական ընդվզում չհետեւեց այն հանգամանքին, երբ քպկականի վերածված ազատամարտի հրամանատարներից Սասունն այն ստորադասեց 2018-ի ապրիլյան իրադարձություններին: Ինչեւէ, այս պահին ունենք այն, ինչին արժանի ենք ազգովի՝ հաշվի առնելով 2018-ին ազգովի Փաշինյան Նիկոլ կոչված անձին իշխանություն նվիրելը:

2020 թվականի աշնանային պատերազմում մեր պարտության պատճառները մի քանիսն են՝ ՀՀ ԶՈՒ-ում եւ Արցախի ՊԲ-ում 5-րդ սերնդի սպառազինության բացակայությունը, մեր եւ թշնամու զինվորականության թվի եւ սպառազինության ծավալների հսկայական տարբերությունը, երկու հայկական պետությունների ռազմաքաղաքական ղեկավարությունում եւ ավելի ցածր մակարդակներում տիրող անկազմակերպվածությունը (ավելի ճիշտ կլինի ասել՝ բարդակը) եւ այդ թվում՝ գերագույն հրամանատար կոչված անձի անձնային հատկանիշները (դավաճանություն թե անմեղսունակություն) եւ այլն, եւ այլն: 

Այս հոդվածում ուզում եմ անդրադառնալ բարդակի դրսեւորումներից մեկին, ինչը, սակայն, ավելի խոր դիտարկման դեպքում կպարզվի, որ այն ոչ թե տարբեր մակարդակների բազմաթիվ սուբյեկտների գործողություններից առաջացած օբյեկտիվ գործոն է, այլ ընդամենը մեկ մարդու գործողության արդյունք: Խոսքը մոբի՝ պահեստազորայինների մոբիլիզացիան կամավորականներով փոխարինելու նիկոլական որոշման մասին է: Ընդհանրապես, ռազմական առումով մոբը նշանակում է բանակում նախկինում ծառայած քաղաքացիների հավաքագրում այն զորամասերում եւ այն մասնագիտական հաստիքներով, որտեղ նրանք գրանցված են խաղաղ ժամանակահատվածում: Ի դեպ, խորհրդային տարիներին, երիտասարդ տարիքում, որպես կրտսեր սպա, մի քանի անգամ կանչվել եմ նման հավաքների, որպեսզի անընդհատ թարմացվեր հետեւակային դասակ կառավարելու իմ ընդունակությունը:

Ինչ մնում է կամավորականներին, ապա նրանց հավաքագրման դեպքում հազվադեպ է պահպանվում թե՛ զորամասային եւ թե՛ հաստիքային գրանցումը կամ, ավելի ճիշտ, ինչպես ցույց տվեց 2020-ի աշնանային պատերազմը, ընդհանրապես չի պահպանվում: Ոչ միայն դա չի պահպանվում, այլեւ համարյա զրոյականի մոտ էր կրակային նրանց վերապատրաստումը մինչեւ առաջնագիծ ուղարկելը: Համենայնդեպս, դրա մասին խոսվել է հազվադեպ, իսկ հակառակի մասին բազմաթիվ փաստեր էին ներկայացվել պատերազմից հետո: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ մոբը փոխարինել կամավորականներով՝ կհարցնեք դուք: Պատասխանեմ՝ որպեսզի մեր հաղթանակի դեպքում թնդա Նիկոլի անունը նաեւ այդ հարցում (չնայած արդեն վստահ չեմ՝ ինքը, ի վերջո, ցանկանում էր մեր հաղթանա՞կը, թե՞ պարտությունը):

Ենթադրենք, որ այդ պահին գլխավոր հրամանատար կոչված անձը ցանկանում էր մեր հաղթանակը, եւ շարունակենք. նա պատերազմին կամավոր մասնակցելու կոչ արեց երկրով մեկ, աշխարհասփյուռ ողջ հայությունով մեկ, եւ ստացավ դրական արձագանք: Եթե համեմատենք կամավորականների մասնակցությունը 2016-ի ապրիլյան քառօրյային եւ 2020-ի աշնանային պատերազմին, ապա տարբերությունը հսկայական է: Ճիշտ է՝ քառօրյան կարճ տեւեց, եւ սփյուռքից ցանկության դեպքում նույնիսկ չէին կարող մասնակցել, սակայն երկրի ներսի առումով էլ էր տարբերությունը մեծ: Եվ դա, բնականաբար, պայմանավորված էր դեռեւս պահպանվող հեղափոխական էյֆորիայով:

Պատկերացնում եք, թե կամավորականների մասնակցության առումով ինչպիսի լրացուցիչ հեղինակություն կունենար Փաշինյան Նիկոլը, եթե պատերազմն ավարտվեր մեր հաղթանակով: Բայց, ինչպես մյուս բոլոր հարցերում, այս հարցում եւս գերագույն գլխավոր կոչված անձն էն գլխից սխալ որոշում կայացրեց, որի արդյունքում տապալեց այն գործը, որն ինքը նախաձեռնել էր, ինչն էլ, իր հերթին, ազդեց պատերազմի ելքի վրա: Այս դրվագը եւս ապացուցում է, որ մեր հայրենիքը փրկելու առաջնահերթ պայման է Փաշինյան Նիկոլին մերժելը…

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ