Հայաստանի տրոյական պատերազմը

Հայաստանի տրոյական պատերազմը

Երբ հին հույների դաշնակցային զորաբանակները տարիներ շարունակ չէին կարողանում գրավել հին Տրոյա քաղաք-պետությունը, Ոդիսեւսի խորհրդին ականջալուր՝ աքայացիները մի հսկա փայտե ձի պատրաստեցին, որի մեջ տեղավորեցին հույն զինվորներին: Ձին թողնելով Տրոյայի դարպասների մոտ՝ աքայացիներն իբր հեռացան քաղաքից: Տրոյացիները, անտեսելով քրմապետի հորդորները եւ հույն լրտեսի խորհրդին հետեւելով, փայտե ձին տեղափոխեցին դարպասներից ներս: Գիշերը ձիու միջից դուրս եկած հույն զինվորները բացեցին քաղաքի դարպասները աքայացիների զորքերի առջեւ, որոնք գրավեցին եւ կործանեցին Տրոյան։ Անառիկ Տրոյան ընկավ դավաճանության, դավադրության եւ կարճամտության հետեւանքով: 

Հայաստանի տրոյական՝ ղարաբաղյան վերջին պատերազմը եւս ավարտվեց հայկական Տրոյայի՝ Ղարաբաղի հանձնմամբ եւ բերդաքաղաք Շուշիի անկմամբ: Իրականում ղարաբաղյան պատերազմում տրոյական ձիերի պակաս չկար: Դրանցից առաջինը լցված էր թուրք եւ ադրբեջանցի զինվորներով, երկրորդը՝ սիրիացի եւ պակիստանցի ահաբեկիչներով, երրորդը՝ ռուս խաղաղապահներով, չորրորդը՝ հայ դավաճաններով: Ի վերջո, ո՞վ խորհուրդ տվեց բացել դարպասները, ո՞վ ներս թողեց տրոյական փայտե ձիերը ազատագրված Ղարաբաղ: 

Միջին վիճակագրական հայը համոզված է. 2020թ. 44-օրյա ղարաբաղյան պատերազմում Հայաստանի աղետալի պարտությունը դավաճանության եւ դավադրության հետեւանք է: Այս համոզմունքի շուրջ համազգային միասնական տեսակետ եւ համաձայնություն է ձեւավորվել, սակայն տարբեր են դավաճանների եւ դավադրության մեղավորների անունները: Հենց այստեղ էլ պառակտվում է հայ ժողովուրդը, որին պատերազմը միավորում է, խաղաղությունը՝ բաժանում: Թեպետ իրականում այս անհաստատ խաղաղությունն արդյունք է ոչ թե հայկական կողմի ռազմական հաղթանակի, այլ ընդհակառակը՝ աղետալի պարտության եւ նվաստացուցիչ կապիտուլյացիայի: 

Ներհայաստանյան իրադարձությունների զարգացման հարահոսում մեծաթիվ մեղավորների եւ դավաճանների փնտրտուքն ու բացահայտումը, նրանց գանահարումը օրինաչափորեն նոր ուժգնություն է ստանում նաեւ այն պատճառով, որ ռազմական պարտության եւ դավադրության համար ոչ ոք ռազմական տրիբունալի առջեւ չի կանգնել, մինչդեռ դավաճաններին եւ մեղավորներին ոչ միայն պետք է փնտրել, բացահայտել, վեր հանել նրանց մեղքի իրական բաժինը, այլեւ Սահմանադրության եւ Քր. օրենսգրքի ծանրագույն հոդվածներով պատասխանատվության ենթարկել: Իրավիճակն ավելի է բարդանում, լարվածությունը՝ աճում նաեւ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը համառորեն հրաժարական չի տալիս վարչապետի պաշտոնից:

Միաժամանակ, պատասխանատվությունից համառորեն խուսափելու հին հայկական սովորույթը հետպատերազմական Հայաստանի միակ ցավալի եւ հուսահատեցնող իրողությունը չէ: Հետպատերազմական եռամսյա այս ժամանակահատվածում փոխադարձ մեղադրանքների, մեղավորների եւ դավադիրների բացահայտման ավելի ու ավելի պղտորվող գետը նոր հորձանք է ստանում, երբ զարնվում է վերարթնացած վտանգավոր մրրիկին, որի անունը նույնն է արդեն 23 տարի՝ ինչպես հանձնել Ղարաբաղը: Հանրային վտանգավոր բանավեճում հայտնված այս պղտոր հորձանքի ժամապահները նոր ամոթալի ձեւակերպում են ասպարեզ նետել, համաձայն որի՝ եթե Ղարաբաղը պետք է հանձնեինք, ապա հանձնեինք Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ, Ռ. Քոչարյանի ժամանակ, Ս. Սարգսյանի ժամանակ՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» քաղաքական ծրագրով, Քի Վեսթի, Մադրիդի, պետերբուրգյան սկզբունքներով, Կազանյան ծրագրով կամ «Լավրովի պլանով»: 

Այս անհեթեթ եւ դավադիր հանրային բանավեճը հայ ժողովրդին կանգնեցնում է փակուղու առջեւ, թե Ղարաբաղի հանձնումն անխուսափելի էր, թրատում է հայ ժողովրդի ազգային դիմադրողականությունը եւ կամքը: Այս բանաձեւի ջատագովները քիչ են, բայց հայ են, որոնք, կոպտորեն խաղալով խաղաղության հաստատման Հայաստանի ժողովրդի ձգտումների հետ, ջանում են հայ ժողովրդին հաշտեցնել Ղարաբաղի կորստի հետ: 

1997թ. ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռամբ ասպարեզ նետված խաղաղության եւ պատերազմի կեղծ երկընտրանքը երիտհեղափոխականների իշխանության ժամանակ նոր թափով սկսել աճել ու գլորվել՝ իր ճանապարհին ոտնատակ տալով Ղարաբաղի եւ ազատագրված տարածքների պահպանման ազգային ձգտումները: Այդպես էլ չհասկանալով ազատագրված Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի մի քանի սերունդների համար՝ Փաշինյանի ընտանեկան իշխանության, նրա ապազգային քաղաքական թիմի՝ պացիֆիզմի քարոզչությունը սկսեց արագորեն ավերել ազգային արժեքները, անտեսել ազգային խնդիրները, վտանգել Հայաստանի եւ հայ ժողովրդի վերջին կենսական նվաճումը՝ ազատագրված Ղարաբաղը: Դրանից հետո Ղարաբաղի հանձնման համար ընդամենը Փաշինյանի տաղանդն էր պետք: 
Վերջին երկու տասնամյակում Ղարաբաղն ու ազատագրված տարածքները պահպանելու, զարգացնելու, վերաբնակեցնելու ազգային ձգտումները որակվել են «մաքսիմալիզմ», «առավելապաշտություն», «ոչմիթիզհողականություն»: Աշխարհում դժվար է գտնել մեկ այլ ժողովուրդ, որի իշխանությունն ու ընդդիմությունը հավասարապես ձգտում են հանձնել սեփական կենսական տարածքները՝ մարտնչելով դրանց պահպանման դեմ: Սակայն հայ ժողովրդի դեպքում ամեն ինչ այլ է. այստեղ ե՛ւ ճախրանքն է հիասքանչ ու հզոր, ե՛ւ անկումը՝ անպատվաբեր ու մահաբեր:

Ղարաբաղի հանձնմանը հաջորդած եռամսյա այս ժամանակահատվածում հայ ժողովրդի մեջ նորից գլուխ բարձրացրին հին հիվանդությունները, որոնց համար հասարակական, քաղաքական կենսունակ պատվաստանյութ դեռ չկա: Նորից բացվեց ազգային հին ճեղքը՝ հայաստանցիներ-ղարաբաղցիներ տարանջատումը, սրվեց Հայաստան-Ղարաբաղ հակադրությունը: 

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորումից փաստացի հրաժարված ԼՂՀ նախկին եւ ներկա իշխանությունները կամա թե ակամա ազգային այդ ճեղքը մեծացնելուն են նպաստել: Քաղաքականության եւ բնության օրենքների համաձայն՝ ցանկացած ճեղք, ի վերջո, կա՛մ լցվում է, կա՛մ մեծանալով՝ խոր վիհ է առաջացնում: Վերամիավորումից հրաժարումը խորացրեց Հայաստան-Ղարաբաղ ճեղքը: Հայաստանի երկու մասերի հակադրությունը ծնում էր նոր անհեթեթություններ, երբ Ղարաբաղը բեռ է ընկալվում, երբ հայ ժողովրդի վերջին 30 տարիների դժվարությունների եւ ձախողումների պատճառը համարվում է Ղարաբաղը: 

Հայկական պետական կառավարման հողը վաղուց էր հերկվել տարանջատման վնասաբեր սերմեր ցանելու համար: Տարիներ շարունակ պետական կառավարումից օտարվեցին ազգային գործիչները, ազգային արժեքներն արհամարհվեցին: Սա՝ մի կողմից: Մյուս կողմից՝ ազգային քաղաքականությունը պարզունակացվեց: Բացի այդ, հայկական միջավայրում ազգայինն ու ժողովրդավարականը միշտ հակադրվել են՝ միմյանց լրանցելու փոխարեն: Եթե Ղարաբաղի ազատագրումը հնարավոր դարձավ ղարաբաղյան Շարժման ազգային վերելքի շնորհիվ, ապա նրա հանձնումը՝ ապազգայնության հաղթանակի հետեւանքով: Դրան գումարվեցին նոր իշխանությունների գաղափարազրկությունը, ազգային իղձերի, նպատակների, քաղաքական ծրագրերի եւ սկզբունքների չգոյությունը պետական եւ քաղաքական համակարգում: Բացի այդ:

Հայաստանում քաղաքական միտքը շարունակ հալածվեց՝ ճանապարհ բացելով ապաքաղաքականության հաղթանակի համար: Հայ քաղաքական մտքի այս մացառների մեջ անհնար էր նկատել նաեւ աշխարհաքաղաքական հարաճուն փոփոխությունները, միջազգային հարաբերությունների խութերը, երկկողմ եւ բազմակողմ միջպետական հարաբերությունների երկդիմի բնույթը. այն ամենը, ինչին բախվեց նաեւ Հայաստանի տրոյական պատերազմը՝ հող պատրաստելով նաեւ Ղարաբաղի հանձնման համար: 

Հայաստանի պարտության եւ կապիտուլյացիայի, Ղարաբաղի հանձնման տրոյական ձիերից մեկի մեջ էին Հայաստանը տարիներ շարունակ թուլացնողները, երկրի անվտանգությունն օտար պետությանը հանձնած, երկիրը կողոպուտի, ապօրինությունների, ընտրակեղծիքների, արտագաղթի եւ անհուսության մատնող Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը: Այդ ձիու մեջ էին Ղարաբաղի ազատագրված տարածքների հանձնման եւ պարտվողականության գաղափարախոսական դրոշակակիրը՝ Լ. Տեր-Պետրոսյանը, Ղարաբաղի եւ Հայաստանի ռուսահպատակության գաղափարախոս եւ քաղաքական դավադիր ծրագրի հեղինակ Զորի Բալայանը, կորսված Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը: Տրոյական այդ ձիու առջեւ հայկական դարպասները բացեց ձիու մեջ բազմած Երկպառակչության եւ քաոսի Աստվածը՝ Նիկոլ Փաշինյանը: Հենց նա էլ առաջնորդեց Հայաստանի տրոյական պատերազմը դեպի կապիտուլյացիա՝ չնայած մեր հերոսների խիզախումներին, սխրանքներին եւ հայ ժողովրդի միասնականությանը: 
Ղարաբաղի հանձնման տրոյական ձիերն այժմ ընդհուպ մոտեցել են Հայաստանի անկախ պետականության դարպասներին, եւ հայ դավադիրները փորձում են բացել դարպասները նրանց առջեւ: 

Հայաստանի տրոյական պատերազմը իրականում դեռ չի ավարտվել, պարտությունն ու կապիտուլյացիան խաղաղություն չեն բերում, այլ՝ հուսաբեկություն ու քաոս: 
Հայկական աննկուն Տրոյան ընկել է, սակայն Տրոյայի ավերակների վրա դեռ կբարձրանա միավորյալ Հայաստանը՝ ի սարսափ հայ ժողովրդի թշնամիների եւ դավադիր բարեկամների, ի հեճուկս տրոյական ձիերի, ի զարմանս հայ ժողովրդի բարեկամների եւ ի տրիտուր այն հերոսների, որոնց թանկ արյունը թափվեց հանուն արդեն՝ վաղվա հաղթանակի: