Լեւոն Արոնյանը երկրորդ անգամ հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին

Լեւոն Արոնյանը երկրորդ անգամ հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին
Լևոն Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ Սենթ Լուիսի մրցաշարում (St. Louis Rapid & Blitz)։ Արագ շախմատի մրցաշարից հետո գրոսմայստերները երկու օր կմրցեն կայծակնային խաղում։

Բլիցի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, իսկ երկրորդ պարտիայում սեւերով 82-րդ քայլում հաղթեց Մամեդյարովին, որին հաղթել էր նաեւ ռապիդի պարտիայում։

Բլիցի մրցաշարը երկու շրջանով է։ Ամեն զույգում կլինի նաեւ պատասխան մրցախաղ։

Բլիցում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոչ ոքիի համար՝ կես միավոր եւ գումարվում է արագ շախմատի մրցաշարում վաստակած միավորներին։

Արոնյանն այժմ 14,5 միավորով միանձնյա առաջատարն է։ Երկրորդ տեղում ընթացող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ունի 13 միավոր, որը վաստակել է արագ շախմատում։ Կայծակնային խաղի առաջին երկու պարտիաներում Վաշյե-Լագրավը պարտվեց՝ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ հունգարացի Ռիչարդ Ռապորտին։

Սենթ Լուիսի մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։