Դորա՞ կեթաս, ումուդ…

Դորա՞ կեթաս, ումուդ…

Եթե հենց վաղը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տա, ես պարտավորվում եմ այնպես անել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իրենց անձնական միջոցներով մինչեւ Ռուբեն Հայրապետյանի թոշակի անցնելը ապահովեն նրա աշխատավարձը, հավելավճարները, պարգեւատրումներն ու միջին վիճակագրական կաշառքը, որ նա, ամենայն հավանականությամբ, ծրագրում է ստանալ ռեկտորի պաշտոնում: Վատ առաջարկ չեմ անում, կարծես: Մնում է՝ դոկտոր Ռուբեն Հայրապետյանը համաձայնի:

Իսկ ինչո՞ւ հենց Ռուբեն Հայրապետյանը: Չգիտեմ: Ինձ պարզապես թվում է, որ այդ երիտասարդը լավագույնս է մարմնավորում Նիկոլ Փաշինյանի «հիմնադրած կառավարման համակարգի» ողջ պերճանքն ու թշվառությունը: Եվ բացի այդ, մենք նաեւ հիանալի հնարավորություն կստանանք դուրս գալու փաշինյանական ամենախայտառակ եւ ամենասկանդալային դրածոներից մեկի՝ Արայիկ Հարությունյանի վրա եւ հենց նրա գրպանի վրա ծանրացնել Ռուբեն Հայրապետյանի պահման հոգսը: Բանն այն է, որ Արայիկ Հարությունյանի սխալների պատճառով երբեք ու երբեք չի կարելի ծանրաբեռնել պետության բյուջեն: Նա առանց այն էլ, որպես 3 ոլորտի գերնախարար, արդեն իսկ թանկ է նստում պետության վրա: Դեռ չենք խոսում այն մասին, որ նրան տալով մշակույթն ու սպորտը՝ մենք ոչ միայն մշակույթ ու սպորտ չունենք արդեն, այլեւ կրթություն ու գիտություն: Այսօր մեր առաջատար բուհերից առնվազն 2-ը՝ ԵՊՀ-ն եւ ՀՊՏՀ-ն, հոգեվարքի մեջ են, եւ դրանում մեծ է «ռեկտորների սարսափ» անվանակարգում իր հավասարը չունեցող Արայիկ Հարությունյանի դերակատարությունը: Ասենք նաեւ, որ անհամբեր սպասում ենք այս տարվա ընդունելության քննությունների արդյունքների ամփոփմանը, որպեսզի իմանանք, թե ում երեխան որ բուհն է ընդունվել, եւ ըստ այդմ կողմնորոշվենք՝ ընդունելության քննություններ՝ որպես այդպիսին, տեղի՞ են ունեցել, թե՞ ընդունել են անգամ դեբիլներին՝ նրանց ծնողներից ուսման վարձ շորթելու նպատակով:

Ինչո՞ւ եմ այս ամենն ասում, որովհետեւ օրերս ՀՊՏՀ-ի հետ կապված դեպքեր տեղի ունեցան, որոնց արդյունքում պարզվեց, որ այդ համալսարանը ոչ միայն նորմալ ռեկտորի պաշտոնակատար, այլեւ դասախոս եւ ուսանող չունի: ՀՊՏՀ-ն, եթե չեմ սխալվում, պետական բուհ է, իսկ դա նշանակում է, որ չափազանց մեծ շռայլություն ենք թույլ տալիս մեզ՝ տնտեսագիտական համալսարան անվանելով մի հաստատություն, որտեղ ղեկավարներից սկսած մինչեւ ուսանողություն զբաղված են բացառապես բանսարկություններով եւ միմյանց վրա տակառ գլորելով: 
Լրագրողն ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող դատավոր լինել, բայց նա բոլոր իրավունքներն ունի ՀՀ վարչապետին, նրա նախարարին, այդ նախարարի գործունեության արդյունքում համալսարանի ռեկտորի աթոռին հայտնված անձին, այդ անձի կամակորության պատճառով նվաստացած բոլոր դասախոսներին եւ իրենց դասախոսների վրա մատնություն անող ուսանողներին հրավիրելու փողոց եւ առաջարկելու՝ կողքից նայել իրենց ու գնահատական տալ սեփական պահվածքին: Հենց դա եմ ես առաջարկում անել, որպեսզի թավշյա հեղափոխությամբ խանդավառված ժողովուրդը տեսնի, թե ինչ է արել ինքն իր հետ՝ իշխանության բերելով մարդկանց, որոնք որեւէ առնչություն չունեն ո՛չ պետական մտածողության, ո՛չ կրթության, ո՛չ գիտության, ո՛չ մանկավարժության, ո՛չ սերունդ դաստիարակելու եւ ո՛չ էլ նույնիսկ այդքան չարչրկված «հայրենասիրություն» հասկացության հետ:

Ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ Ռուբեն Հայրապետյանը գիտությունների իսկակա՞ն դոկտոր է, թե՞ սարքովի: Ինձ հետաքրքրում է նրա՝ մեծատառով մարդ լինել-չլինելը: Հասկանալի է, բուհի ռեկտորը պետք է դոկտորի աստիճան ունենա, բայց դա շատ էական չէ: Ռեկտորն ուղղակի իրավունք չունի «չոբանի», այն էլ՝ երիտասարդ, գործառույթներ ստանձնել եւ դասախոս մարդկանց հետ վարվել ինչպես ոչխարների,  հիմք ընդունել մի քանի երես առած ուսանողի վկայություն եւ դասախոս մարդուն պախարակել աշխարհով մեկ, թե նա խաչապուրի է կերել քննասենյակում: Ո՞վ է այս դեպքում նախարար Արայիկ Հարությունյանը, որ բուհական նիստուկացի տարրական կանոններին չտիրապետող դուրսպրծուկին տանում-նստեցնում է ռեկտորի աթոռին: Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ ԵՊՀ-ում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո չի քաշում իր նախարարի եւ համալսարանում բուն դրած նրա լակոտների սանձերը: Վերջապես՝ ինչ անուն տանք այն ուսանողներին, որ չունեն դասախոսի աշխատանքը եւ դժվար կյանքը գնահատելու հասարակ գիտակցությունը:

Ժամանակին բողոքում էինք, որ իշխող կուսակցությունն ուսանողությանն օգտագործում է քարոզչական նպատակներով, միջոցառումների է քշում եւ այլն: Հավատացեք, որ դա դեռ ուսանողության այլասերում չէր, որովհետեւ ուսանողության շրջանում կային նաեւ մտածող, որոշակի գաղափարներով առաջնորդվող երիտասարդներ, որոնք հակադրվում էին իշխանությունների քայլերին, հրաժարվում ենթարկվել այդ համընդհանուր «պիոներիզացիային»: Հիմա նոր իշխանություն է, նոր իշխող ուժ, որն ավելի հմայիչ է, կարծես, ուսանողների համար: Պարզվում է, սակայն, որ այդ հմայքը պայմանավորված է ուսանողին լիակատար ազատություն տալով՝ ընդհուպ երաշխավորելով նրա՝ դասախոսին չենթարկվելու, տգետ մնալու, այդ կարգավիճակում բուհ ավարտելու եւ պաշտոն ստանալու «իրավունքը»:

Եվ ավարտեմ՝ կրկնելով թախանձագին խնդրանքս՝ պետության, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ երկրի ապագայի հետ կապված մնացած հարցերի հարգելի պատասխանատուներ, վերջ տվեք ձեր աշխատասենյակների պատուհաններից կյանքին նայելու այդ հիմար սովորությանը, դուրս եկեք եւ ձեր ամեն քայլին հետեւեք կողքից՝ ձեզ եւ ձեր արարած կյանքն ավելի լավ տեսնելու համար: