Ու՞ր մնաց տրամաբանությունը

Ու՞ր մնաց տրամաբանությունը

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կարծում է, որ «ՀՀ իշխանությունները բանակցային հարթությունում իրավիճակը հասցրել են այն կետին, որից այն կողմ, ըստ ադրբեջանական ընկալումների, եթե ճնշում բանեցվի, հայկական կողմը գուցե ավելի հեռու գնա եւ զիջի իր դիրքերը»: Ասված է առաջիկա օրերին ծրագրված՝ Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական խոշոր զորավարժությունների առիթով: Չեմ ուզում գործող իշխանության «փաստաբանը» լինել, մանավանդ ինքս էլ ԼՂ կարգավորման հարցում պաշտոնական Երեւանի կեցվածքին վերապահ վերաբերմունք ունեմ, բայց փորձագետի կարծիքին էլ դժվար է համաձայնել: Այն պարզ պատճառով, որ եթե Ադրբեջանը որդեգրել է «ռազմական դիվանագիտություն»՝ ինչպես Ջամալյանն է ասում, ուրեմն կարգավորման բանակցություններում կամ, ինչպես արտգործնախարար Մնացականյանն է ձեւակերպում՝ քննարկումներում հայկական կողմը որեւէ միակողմանի զիջման չի գնացել:

Այլապես ի՞նչ իմաստ ունի ժամանակ, միջոցներ ծախսել, հակադրվել միջնորդներին եւ լայնածավալ զորավարժություններ անցկացնել: Ընդ որում, չթաքցնելով, որ դրանք խաղարկում են հարձակողական սցենար, որը մշակված է հայկական կողմի պաշտպանության ողջ խորությամբ ուժգին հրթիռահրետանային եւ օդային հարվածներ հասցնելու տեսլականի հիման վրա: Տրամաբանությունը հուշում է, որ եթե բանակցություններն ընթանային Բաքվի համար ցանկալի հունով, ապա նման զորավարժությունների կարիք ամենեւին չէր զգացվի: Փորձագետի մյուս դիտարկումներին չեմ անդրադառնում, քանի որ դրանք ընդգծված քաղաքական են եւ չեն կարող արժանահավատ լինել: