Ադրբեջանը լկտիացել է, սթափվել է պետք

Ադրբեջանը լկտիացել է, սթափվել է պետք

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 18-22-ը այդ երկրի բանակը խոշորամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություն է անցկացնելու։ Վարժանքներին ներգրավվելու է շուրջ 10 000 զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և այլ զրահապատ տեխնիկա, շուրջ 200 միավոր տարբեր տրամաչափի հրթիռային և հրետանային կայաններ, ՀԿՌՀ-ներ, ականանետներ, ինչպես նաև շուրջ 30 միավոր ավիացիոն միջոցներ, տարբեր նշանակաության ԱԹՍ-ներ։ Անդրբեջանի տարածած հայտարարությանը արձագանքեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշելով․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, ս.թ. մայիսի 18-22-ը Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն: Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է: ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զորավարժության անցկացումը, ինչը տեղի է ունենալու համաշխարհային մարտահրավերի՝ COVID-19 համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտության պայմաններում և ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա.Գուտերեշի համաշխարհային զինադադարի հաստատման կոչին: 

Կոչ ենք անում ադրբեջանական կողմին զսպվածություն դրսևորել և հարգել միջազգային հանրության առջև ստանձնած հանձնառությունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ»։ 

Այս տարի սա Ադրբեջանի զինված ուժերի 2-րդ խոշորամասշտաբ զորավարժությունն է, նախորդը տեղի է ունեցել մարտ ամսին։ Թեև չի հայտարարվել այդ զորավաժության բնույթի մասին, սակայն, դատելով օգտագործված զինատեսակներից, այն ևս կրել է հարձակողական բնույթ․ օգտագործվել էին «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգեր, «Գիացինտ-Բ» հրետանի, «Գռադ» ՀԿՌՀ, «Խրիզանտեմա-Ս» հակատանկային ինքնագնաց համակարգեր։ Նշենք, որ ադրբեջանական կողմը չի նշել, թե որ ուղղություններով են լինելու զորավաժությունները։ 

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից ողջ աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացումը մեկ նպատակ ունի․ դիվանագիտական հարթությունում ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա․

«Հստակ է, որ ադրբեջանական կողմը լկտիացել է, քանի որ տեսնում է, որ ՀՀ իշխանությունները բանակցային հարթությունում իրավիճակը հասցրել են այն կետին, որից այն կողմ, ըստ ադրբեջանական ընկալումների, եթե ճնշում բանեցվի, հայկական կողմը գուցե ավելի հեռու գնա և զիջի իր դիրքերը։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել հետևյալը՝ թշնամին մնում է թշնամի՝ անկախ այն հանգամանքից, թե մեր երկրում ինչ իշխանություն է , և որ ադրբեջանական կողմը լկտիացել է և ուզում է ուժ ցուցադրել և ճնշումներ բանեցնել, դա էլ է փաստ։ Մեր պատասխանը պետք է լինի կտրուկ և ադեկվատ, իհարկե, նման իրավիճակներում միշտ էլ Զինված ուժերն ու պաշտպանության բանակը ուշիուշով հետևում են զարգացումներին, և ես ուզում եմ հստակ ընգծել, որ մենք ունենք կայացած զինված ուժեր ու Պաշտպանության բանակ, կայացած կառույցներ են, և այստեղ շատ մեծ խնդիրներ չեմ տեսնում։ Խնդիրը մեր երկրի ներքին իրավիճակն է, երկրի կենսունակության, պաշտպանունակության թուլացման խնդրի առջև ենք կանգնած՝ ոչ պրոֆեսիոնալ կառավարում, ներքին լարվածություն և, իհարկե, բանակցային գործընթացում աննպաստ զարգացումներ։ Հիմա հակառակորդը փորձում է ճնշում բանեցնել, իրեն թովում է, թե այդկերպ Փաշինյանի իշխանությունը կարող է զիջումների գնալ։ Ես գտնում եմ, որ այս հարցում պետք է կտրուկ լինել, հստակ լինել, թշնամին պետք է տեսնի կա ընդդեմ ուժ, սա հստակ է, իսկ որ երկիրը վատ է կառավարվում և թշնամին սա տեսնում է, սա էլ է փաստ»։

Ջամալյանը ճիշտ է համարում ՊՆ-ի արձագանքը, իսկ հարցին, թե դիվանագիտական հարթություում պե՞տք է լինեն գործողություններ, փպատասխանեց․

«Բնականաբար, Դուք իրավացի եք, պետք է ասեմ, որ պաշպանական գերատեսչության արձագանքը ադեկվատ է, ճիշտ է և այդպես էլ պետք է լինի, մենք մեզ միշտ պետք է վերապահենք նախահարձակ ակտիվությունը զսպելու, կանխարգելիչ հարված հասցնելու իրավունքը և դա դիվանագիտական հարթակում մատուցենք այնպես, որ այդ իրավունքը ընդունելի և ընկալելի լինի աշխարհի կողմից։ Մեր ԱԳՆ-ն էլ պետք է դիվանագիտական հարթակում  փորձի ճնշում բանեցնել հակառակորդի վրա, և առհասարակ մենք պետք է պատրաստ լինենք առաջնագծում ինչ-ինչ սրացումների, որովհետև ադրբեջանական կողմը չի համակերպվել այն գաղափարի հետ, որ իր տարածքը 12 հազար քառակուսի կիլոմետրով ավելի քիչ է, քան խորհրդային Ադրբեջանի տարածքը։ Ես էլի ուզում եմ ընդգծել, որ մեր ներքին խառնակչության բերող այս զարգացումները շատ վտանգավոր են և սթափվել է պետք։ Հասարակության պառակտված վիճակը գեղեցիկ հրավեր է ագրեսորի համար, երբ մենք պառակտվում ենք, մենք դառնում ենք մատչելի, մենք դառնում ենք խոցելի։ Այնպես որ մենք շատ մտածելու խնդիրներ ունենք»։