Եթե Փաշինյանը եւ Ալիեւը հանդիպեն…

Եթե Փաշինյանը եւ Ալիեւը հանդիպեն…

Ադրբեջանում Եվրամիության դեսպան Կաստուտիս Յանկաուսկասն «Ինտերֆաքսին» ասել է, որ անցած շաբաթ ԵՄ-Ադրբեջան բանակցությունները շարունակվել են, առաջիկայում սպասվում են նոր քննարկումներ: Կոնկրետություն չմտցնելով` նա դիտել է տվել, որ կողմերի միջեւ համագործակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել մայիս ամսվա ընթացքում: Դիվանագետը նաեւ տեղեկացրել է, որ մայիսին ծրագրվում է Բրյուսելում անցկացնել ԵՄ արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված խորհրդաժողով, որին հրավիրված են նախկին խորհրդային վեց երկրների առաջնորդներ: Յանկաուսկասը ենթադրել է, որ դա ԵՄ-Ադրբեջան բանակցություններում կլինի վճռորոշ:

Փորձագիտական հանրությունը գտնում է, որ ԵՄ-Ադրբեջան գործընկերության համաձայնագրի շուրջ կողմերի տարաձայնությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող ձեւակերպմանը: Ադրբեջանը պնդում է, որ այն պետք է չտարբերվի Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ ստորագրված փաստաթղթում տեղ գտած եւ այդ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն անվերապահորեն պաշտպանող դրույթից: Եվրամիության բանագնացները հակված են նրան, որպեսզի Ադրբեջանի հետ համաձայնագրի տեքստը նույնական լինի ԵՄ-Հայաստան ընդլայնված համագործակցության մասին փաստաթղթի հետ, որտեղ ԼՂ խնդրի վերաբերյալ աջակցություն է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքներին` համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների:

Եթե մայիսիսն սպասվում է ԵՄ արեւելյան գործընկերության տասնամյակի խորհրդաժողով, որին մասնակցության հրավեր է ուղարկված Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին, ապա վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Իլհամ Ալիեւը նույն օրը կգտնվեն Բրյուսելում: Կողմերի միջեւ, ինչպես հայտնի է, կա պայմանավորվածություն` բաց չթողնել նման առիթները եւ շարունակել շփումները թեկուզ եւ ոչ պաշտոնական ձեւաչափով:

Ըստ երեւույթին, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Բրյուսելում շփում տեղի կունենա:  Մեծ է հավանականությունը, որ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատարը կփորձի կազմակերպել Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Իսկ եթե` ոչ, կնշանակի, որ ԼՂ կարգավորման բանակցություններում առաջընթացի հեռանկար չկա: