Ձեր կործանմանը չենք սպասում, Ձեր ձախողումը բոլորիս ձախողումն է լինելու

Ձեր կործանմանը չենք սպասում, Ձեր ձախողումը բոլորիս ձախողումն է լինելու

Ցավոք, անձնական շահով ապրող իմ որոշ հայրենակիցներ այսօր սպասում են մի նոր «հրաշքի», որը կրկին կկոչվի ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, բայց այս անգամ՝ այլոց դերակատարմամբ...
Առողջ քննադատությունը եղել ու մնալու է մարդուն փրկության ճանապարհին մոտեցնող ճշմարիտ կամուրջ: Քծնալի կամ չարության պաշարով բեռնված խոսքի մեջ կյանք չկա: Մինչեւ այս պահը, երբեք չեմ ցանկացել տեսնել այս իշխանությունների ձախողումը, որովհետեւ նախորդի ձախողումը մեր բոլորիս ձախողումը եղավ: Այդ ձախողման պատճառը ծնեց ու խթանեց եւ ահագնացող տեմպերի հասցրեց արտագաղթը, այդ ձախողումն էր, որ աղքատության մեջ պաշարեց բազմաթիվ հայ օջախների:

Այդ ձախողումն էր, ի վերջո, որ խելացի երիտասարդների պայծառ երազանքները հոշոտեց դաժանաբար ու դարձրեց նրանց գաղթի մասին մտածող, անհույս երիտասարդներ։
Որպես ՀՀ քաղաքացի՝ իմ քննադատություններով հանդերձ՝ պիտի ցանկանամ, որ նախորդների պես իրենք էլ չձախողեն այս տրված պահը: Ուզում եմ, որ ողջ ներուժով օգտագործեն իրենց ՀԱՅԱՄԵՏ գաղափարները՝ հանուն հզոր գալիքի: Հիշում եմ՝ երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը գնում էր բանակցությունների կամ հերթական հանդիպումն էր ունենում Իլհամ Ալիեւի հետ, ես, մոռանալով իմ ողջ տարաձայնություններն իր իշխանության հետ, մանկան նման բարձր գոռում էի՝ «ՍԵ՛ՐԺ, ԳԱ՛Զ ՏՈՒՐՐՐՐՐՐՐ ԴՐԱՆՑ, ԱԽՊԵ՛Ր», հա, հենց ԱԽՊԵՐ...
Իհարկե, Ս. Ս․-ով չեմ հիացել երբեք, բայց այդ պահին իր հաղթանակը մեր հաղթանակն էր: Հայ զինվորի արյամբ պահվող, մեզ «խաղաղ» թվացող այս անորոշ պահը պիտի իմաստավորել նոր գույներով, ծրագրերով ու գաղափարներով: Չարությունը մեր դիմագիծը կրծող գիշատիչ գազան է, որին տրվելը մեծ վտանգ է:

Խոսել եմ պարգեւավճարների մասին, բայց այդ (գուցե շատ կոպիտ) խոսքով փորձել եմ ճնշել անարդար մոտեցումը նորեկների:

Մի խնդրի վերաբերյալ ժամանակին նաեւ քննադատել եմ ներկայիս առողջապահության նախարարին: Հիմա, տեսնելով իր մարդասիրական որոշ ծրագրեր, ողջունում եմ եւ հավատով սպասում նոր, ավելի հզոր ծրագրերի իրագործմանը: Թիրախումս միշտ եղել են խնդիրներ, արատավոր երեւույթներ: Հենց դրա համար անձերի նկատմամբ ատելություն այդպես էլ չկուտակվեց իմ մեջ...

Օրինակ՝ հաճելի չէ տեսնել վարչապետի անհավասարակշիռ, տղամարդուն, առաջնորդին ոչ բնորոշ պահվածքը: Ասում է՝ մարդու աղքատությունն առաջին հերթին ուղեղում է, եթե մարդն այդտեղ աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես, արա՝ չի հաղթահարի, ուզում ես՝ տար ամեն օր 1000 դոլար տուր: Այս խոսքերում իսկապես կա ճշմարտություն, բայց մի հարց. եթե իրոք սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել է, աշխատատեղերի խնդիր էլ գոյություն չունի ՀՀ-ում, եւ ամենի մեղավորը մենք ենք, բա էդ դեպքում ինչպե՞ս իրեն դարձրինք վարչապետ, էն էլ՝ աղքատիկ ուղեղներով: Կարծում եմ՝ արագ իր տոնը փոխեց ժողովրդի հետ: Հենց այդտեղ էր իր մեծագույն սխալը:

Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումներով բազմաթիվ անգամներ է սեր խոստովանել ազգին, հիացել իր հայրենակիցներով, իսկ այսօր անհեռանկարային ծրագրով ներկայացել ու նույն այդ հայրենակիցներին հորդորում է, որ հաղթահարեն աղքատությունը ուղեղներում:
Ասում էր՝ Սահմանադրությունը մեկ մարդու հագով կարված կոստյում է, ու հիմա հագնում է այն սիրով: Արագաչափեր հանելն իր նախընտրական ծրագրի հիմքերից էր երեկ, իսկ այսօր...
ԱԺ ամբիոնից բազմիցս է մեղադրել Ս. Ս․-ին՝ գերատեսչություններն իր կուսակցականներով, ծանոթներով, բարեկամներով լցնելու համար, իսկ հիմա ինքն ի՞նչ է անում...

Բազմաթիվ անգամներ խոսել է աղքատության մասին ու, ցավոք, չի ասել, որ մարդը պետք է հաղթահարի աղքատությունը նախ ուղեղում: Նա միայն մեղադրում էր իշխանություններին, քանի որ համարում էր, որ նրանց ապաշնորհ քաղաքականության հետեւանքի ծնունդ էր աղքատությունը:
Եվ հիմա, երբ մարդիկ արդարացի իրենց մտահոգություններն են հայտնում, ասում է՝ չփորձեք ինձ ու Սերժ Սարգսյանին դնել մեկ հարթության վրա: Լավ, չենք փորձի: Էլի կապրենք մեր լավատեսության հաշվին, բայց Դուք էլ պիտի Ձեր մոտեցումները վերանայեք:
Մեզ դրսում ոչ թե նվիրվում, այլ ԽԱՂՈՒՄ են մեր պառակտվածությունից ծնվող հետեւանքների հետ:

Որպես երիտասարդ՝ երկրին աղետներ նվիրելու հայրենիք ես չունեմ:
Այս ճանապարհն անցնելիս օգտագործենք ԲՈԼՈՐԻ ներուժն ու հնարավորությունները...
Իսկ մենք տխրությանը քիչ ժպիտ՝ տրամաբանության հետ կխառնենք, հուսալքվածությունը հավատով կմաքրենք եւ նորից քայլ՝ դեպի մեզ այդքան համառող, մեր ներկայից խռոված հաղթանակները...

Ոչ մի իշխանություն հավերժ չի լինում, պարոն վարչապետ: Եվ հենց դրա համար կուզեի, որ բոլոր ապագա իշխանափոխություններն ու հեղափոխությունները ծնվեին չկեղծված ընտրությունների միջոցով...

Լռությունը մեծ զենք է: Ինքս ժամանակ առ ժամանակ լռում եմ: Էլի սիրով, համբերատար, առանց ատելության կտանեմ Ձեր սխալները, բայց հավաքվեք, լրջացեք ու ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵՔ...

Վաչագան ՄԱՆՈՒԿՅԱՆ