Սենց որ գնա Դոնբաս էլ հումանիտար առաքելություն կուղարկենք

Սենց որ գնա Դոնբաս էլ հումանիտար առաքելություն կուղարկենք

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը վերլուծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնավարումից՝ մայիսի 8-ից  ի վեր հեռախոսազանգերը, ըստ որի՝ տարբեր երկրների ղեկավարների և պաշտոնյաների հետ 17 հեռախոսազրույցների մեծ մասը տեղի է ունեցել հիմնականում եվրասիական երկրների ղեկավարների հետ, առավելապես՝ Ռուսաստանի։

Անդրադառնալով եվրասիական հեռախոսազանգերին միավորման նախագահ Դանիել Իոնիսյանը գրել է․ «Սենց որ գնա Դոնբաս էլ հումանիտար առաքելություն կուղարկենք»։

Հիշեցնենք, որ նա քննադատել էր իշխանություներին՝ Սիրիա 83 հոգանոց հումանիտար առաքելությունն առանց խորհրդարանի ընթացակարգերով ուղարկելու, ինչպես նաև նրա համար, որ ըստ իր պնդման՝ առաքելության կազմում կան ռազմական ոստիկաններ։ Ինչ վերաբերում է հեռախոսազանգերի ամենամեծ հաճախականությունը, համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի, տեղի է ունեցել հենց 2018-ի մայիսին։

Այդ ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, անվանի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում հեռախոսազրույցների հաճախականությամբ երկրորդ ամիսը 2018 թվականի հուլիսն է, որի ընթացքում ՀՀ վարչապետը հեռախոսային զրույցներ է ունեցել Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

Ինչ վերաբերում է հեռախոսազանգերի աշխարհագրությանը, ապա ամենից հաճախ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունենում ՌԴ նախագահի հետ։ Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության, տեղի է ունեցել այդպիսի 5 հեռախոսազրույց։ Ընդ որում, 2018-ի դեկտեմբերի 30-ին, Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեղի են ունեցել միանգամից երկու հեռախոսազրույցներ՝ կապված գազի գնի հետ։ 

Կապված ՀՀ վարչապետի մյուս հեռախոսազրույցների հետ՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ին զրուցել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ, իսկ արդեն այս տարվա հունվարի 23-ին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։

Ընդ որում, ուշագրավ է, որ վերջին հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն ՀՀ վարչապետի կայքում չկա, իսկ դրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հենց Փաշինյանը։