Գոնե երկու բիոզուգարան կարելի է տեղադրել…

Գոնե երկու բիոզուգարան կարելի է տեղադրել…

Հավանաբար, քչերը գիտեն, որ աշխարհի պետություններից տասի պառլամենտի շենքերը ճանաչվել են որպես լավագույն ճարտարա-պետական ինքնատիպ կոթողներ, որոնց թվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքը` իր լանդշաֆտային դիրքով, բարեկարգ այգով (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան):

Ազգային ժողովի համալիր-կառույցն իր գոյության ընթացքում երկրորդ անգամ՝ 2019-ին, բացեց իր այգու դռները հանրության առջեւ (առաջինը 1991-ին էր):
Չզարմանաք․ այս այգի օտարերկրացի զբոսաշրջիկներ էլ են այցելում. նստում-հանգստանում են, լուսանկարում-լուսանկարվում են կառույցի ֆոնին, ցուցահանդեսներ, հանդիսություններ են կազմակերպվում:

Այգին գրավիչ է նրանով, որ լայնաշունչ է, մաքուր է, կան նստարաններ, աղբամաններ, շատրվան, «գիլիոտինի» տեսքով ցայտաղբյուր (ասում են՝ «գիլիոտինի» գաղափարը Գալուստ Սահակյանինն է):

Այգին գրավիչ է նաեւ նրանով, որ տարածքի հասարակական կարգը հսկող կոկիկ ոստիկաններն աչքի են ընկնում բարեկիրթ վերաբերմունքով ու գրագետ խոսքով:

Սակայն մի տհաճ իրողություն էլ կա. այգում չկա սանհանգույց: Այցելուներից հատկապես ծերերը, երեխաները, նույնիսկ օտարերկրացի զբոսաշրջիկները հաճախ են հայտնվում անհարմար վիճակում: Իսկ այգում հերթապահող ոստիկաններից ոմանք արագ քայլքով, երբեմն՝ գրեթե վազքով, մղվում են Ազգային ժողովի այգու աջակողմյան հարեւանությամբ գտնվող Սիրահարների այգու զուգարան՝ կտրելով կրկնակի 250 մետր ճանապարհ: Ինչ խոսք, Սիրահարների այգու զուգարանի սանիտարական վիճակը գերազանց է. ընդարձակ է, կահավորված, տաքացվում է եւ, որ ոչ պակաս կարեւոր է՝ անվճար է:

Կամ՝ ոստիկաններն այցելում են Ազգային ժողովի այգու ձախակողմյան հարեւանությամբ գտնվող Հայաստանի ճարտարապետների պալատ: Պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը թույլ է տվել ոստիկաններին օգտվել պալատի շենքի զուգարանից:

Ի դեպ, Ազգային ժողովի այգում հերթապահող ոստիկաններին արգելված է օգտվել այգու անկյունում գտնվող ընդունարանի շենքի սանհանգույցից:
Մնում է հուսալ, որ Ազգային ժողովի այգու սանհանգույցի խնդիրը չի քաղաքականացվի, այլ կապահովվի այգու բնականոն շահագործումը բոլոր այցելուների եւ ոստիկանների համար:
Գոնե երկու բիոզուգարան կարելի է տեղադրել…

ՀԳ. Նշված մտահոգությամբ՝ փետրվարի 27-ին նամակով դիմել ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ
ճարտարագետ-նախագծողներ