Կորոնավիրուսն ամրապնդեց նոր՝ արհեստական բանականության դարաշրջանի սկիզբը

Կորոնավիրուսն ամրապնդեց նոր՝ արհեստական բանականության դարաշրջանի սկիզբը

Ճգնաժամային այս բարդ իրավիճակում, երբ փոքրիշատե փաստերն ու երեւույթները բաղդատում ես, այն եզրահանգման ես գալիս, որ սկիզբ է դրվել մի նոր՝ արհեստական բանականության դարաշրջանի հիմքերի ամրապնդմանը: Համաճարակից բխող բոլոր փաստերը՝ աշխարհի մակարդակով փակել բոլոր դպրոցները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, առեւտրի կենտրոնները, մշակութային օջախները՝ համերգասրահներ, կինոթատրոններ, թանգարաններ, պատկերասրահներ, կարելի է երկար թվարկել... Եվ առանց մարդու հետ կենդանի հաղորդակցվելու, հիմնականում անցնել միայն հեռահար ուսուցման, արվեստի գործերի հեռահար դիտումների, հեռահար բուժսպասարկման։ Ամեն ինչ հեռահար՝ երկրի ղեկավարներն իրենց պետությունները հեռահար են կառավարում, եկեղեցական ծիսակատարություններն առանց հավատացյալների են կատարվում, եւ վերջապես՝ հեռահար ապրելակերպ, կենցաղ, նիստուկաց, ամուսնությունների հեռահար արարողություն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ գլոբալիզացիայի կամ արհեստական բանականության դարաշրջանի ամրապնդում։

Մարդու փոխարեն դրոնների ու ռոբոտների մասսայական կիրառում: Այն, ինչ ժամանակին կարդացել ենք ֆանտաստ գրողների վեպերում, վիպակներում, իսկ 80-ականներից տեսել ենք բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Տերմինատոր», «Մատրիցա», «2001 թվականի տիեզերական ոդիսականը»: Արդի գիտությունը, զարմանազան էպիդեմիաների ու բժշկական գործոնների օգնությամբ, կյանքի է կոչվում համաշխարհային մակարդակով: Թվում է, թե հիմք է դրվում բոլորովին նոր մի կրոնի, որտեղ իշխողը ոչ թե մինչ օրս կիրառվող կրոններն ու փիլիսոփայությունն է, այլ արհեստական բանականությունը, որը, մասնագետների կարծիքով, մոտ ապագայում կարող է տանել մարդու գործոնի արժեզրկմանն ու զգացմունքների ոչնչացմանը: Գիտնականների մի որոշ խմբի կարծիքով էլ՝ արհեստական ինտելեկտի, բանականության լիակատար զարգացումը կարող է տանել մարդկային ցեղի վերացմանը: Եթե ներկայումս, մարդու իրավունքների նման, լրջորեն քննարկվում է ռոբոտին տրվող իրավունքի հարցը, ապա դառնում ես անզոր ու անասելիք: 
Հավանաբար հիշում եք, որ 23 տարի առաջ ռոբոտ շախմատիստը հաթանակ տարավ աշխարհի չեմպիոն Գարիկ Կասպարովի նկատմամբ: Հանրահայտ «Սոդբի» ընկերությունը ռոբոտի նկարած գեղանկարն աճուրդում վաճառեց 2 միլիոն դոլարով, իսկ ճանաչված գեղանկարիչներինը՝ 20 հազարով: Նման օրինակները եզակի չեն: 

Այստեղ տեղին է հիշել, որ ժամանակին, երբ աշխարհում նոր-նոր էր զարգանում ինտելեկտուալ բանականությունը, Հայաստանը բոլորովին էլ երկրորդական դեր չէր կատարում: Հիշենք «Նաիրի», «Նաիրի 1», «Հրազդան» հաշվիչ մեքենաները: Ավելին, այդ ժամանակ խստագույնս արգելված էր խոսել, էլ չեմ ասում՝ տեղեկատվություն հրապարակել Երեւանի Մերգելյանի անվան ինստիտուտում ստեղծված «Սեւան» հաշվիչ մեքենայի մասին: Իսկ գիտե՞ք ինչու, որովհետեւ խորհրդային առաջնորդներից գիշեր-ցերեկ անբաժան «Յադեռնի չեմոդան» կոչվածի, այսօրվա խոսքով՝ չիպը, «Սեւան» հաշվիչ մեքենան էր: Ցավոք, Սեւանից այսօր Մերգելյանի անվան ինստիտուտի թանգարանում մնացել է միայն մանրակերտը: 90-ականներին գիտական մտքի ինչպիսի՜ տնավերություն, ինչպիսի՜ ոչնչացում․ այլ կերպ չես էլ կարող բնութագրել: 

Այնպես որ, մոլորակի մասշտաբով մեր այս մեկուսացումը կարծես մի շարժառիթ լինի՝ արագացված տեմպերով արհեստական բանականությանն անցնելու համար: Մենք էլ պիտի ժամանակին կորցրածը կամ ավերածը, ինչ գնով էլ լինի, արդեն այսօրվան համահունչ ետ բերենք, քանի դեռ գիտական պոտենցիալը Հայաստանում պահպանվում է, եւ վերջնականապես չենք ավերել: Այնպես որ կորոնավիրուսն ամրապնդեց նոր արհեստական բանականության դարաշրջանի անելիքը եւ խորհելու ու մտածելու առիթ է տալիս։

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ