Արտահոսքը վերջերս եղավ, բայց գործընթացը սկսվել էր ամիսներ առաջ

Արտահոսքը վերջերս եղավ, բայց գործընթացը սկսվել էր ամիսներ առաջ

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն օրեր առաջ հանդիպել է մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների տնօրենների հետ եւ մի քանի պարզաբանումներ տվել այն փաստաթղթի շուրջ, ըստ որի՝ մի շարք ՊՈԱԿ-ներ պետք է լուծարվեն կամ վերակազմավորվեն։

Նազենի Ղարիբյանը մշակույթի գործիչներին վստահեցրել է, որ ՊՈԱԿ-ների փակման կամ լուծարման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ կարգավորված չէ համապատասխան օրենսդրական դաշտը, եւ չեն առաջարկվել կառավարման այլընտրանքային առավել արդյունավետ մոդելներ։ «Ուզում եմ եւս մեկ անգամ հայտարարել, որ մինչ տեղեկանքի արտահոսքը չենք հանդիպել ՊՈԱԿ-ների տնօրենների հետ եւ չենք քննարկել կարգավիճակների փոփոխության մասին հարցը, քանի որ սա ընդամենը ՀՀ կառավարության հանձնարարականն էր, եւ մենք պարզապես կատարել ենք մեր աշխատանքը: Հանձնարարականում օրակարգային է համարվում ոչ թե միջոցների խնայողությունը կամ հաստիքների կրճատումը, այլ պատասխանատվության համախմբումը եւ ռեսուրսների դիմաց առավելագույն արդյունքի ապահովումը»,- ասել է Ղարիբյանը:

Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, ով ներկա է եղել հանդիպմանը, կարծում է, որ հանդիպումն ավելի շատ մարդկանց հանգստացնելու համար էր կազմակերպված. «Այդ աղմուկը, որ բարձրացավ, կարող է ինչ-որ չափով ազդեցություն ունենալ, չնայած, գլոբալ առումով, չեմ կարծում, հատկապես եթե այնտեղ կա կրճատման, բյուջեն լցնելու խնդիր, չնայած հերքում են, որ դա բյուջեի հետ կապ չունի, բայց կարծում եմ՝ շատ լավ էլ ունի, եւ հիմնական խնդիրը հենց դա է։ Մյուս կողմից էլ՝ եթե ուզենանք մի հատ սանրել՝ ավելորդ բաներ շատ կան, դա լինի նախարարությունների, թե ՊՈԱԿ-ների դեպքում։ Ծանոթ, բարեկամ, կուրսեցի․ այդ բոլոր հանգամանքները մեր կյանքում դեր են խաղացել եւ կան, բայց հարցը նրանում է, որ նման դեպքերում, երբ սկսում են ռադիկալ քայլերի անցնել, ավելի շատ տուժում են արժանիները, քան թե անարժանները, ովքեր սովորել են՝ ինչպես կարելի է միշտ ջրի երեսին մնալ։ Իմ մտավախությունը հենց դա է, որ կարող է թացը չորի հետ խառնվել»։

Թե որքանով են նախարարի պաշտոնակատարի հավաստիացումներն իրեն համոզել, ապա կարծում է․ «Ես հիմա չեմ կարող պնդել, թե ինքն անկեղծ չէր խոսում, բայց հիմնական խոսքն այն էր, որ դա սեւագիրն էր, սա էլ աշխատանքային սովորական ընթացք է, դեռ ոչինչ չկա, ինչո՞ւ եք իրար խառնվել․․․ թե որքանով էին այդ պարզաբանումները շիտակ եւ անկեղծ՝ դժվարանում եմ ասել։ Մյուս կողմից էլ՝ խղճում եմ այդ կնոջը, ողջ կուժն ու կուլան իր գլխին ջարդվեց, որովհետեւ այս գործընթացները սկսվել են դեռ Մակունցի ժամանակվանից, նրանք թողեցին, հանգիստ դուրս եկան, մնաց այս ամեն ինչը սրանց վրա, սրանք էլ մի կերպ պիտի արդարացնեն կատարվածը»։ 

Երկանյանը նկատում է՝ նման գործընթաց սկսելուց առաջ պետք է խոսեին բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենների հետ, այդ թվում՝ 4-5 հոգանոց անձնակազմ ունեցողների, բայց դժվարանում է հավատալ, որ կարեւորություն կտային այդ փոքրիկ ՊՈԱԿ-ների տնօրենների խոսքին կամ կլսեին նրանց ձայնը. «Գուցե կան որոշ ՊՈԱԿ-ներ, որ իրար կրկնում են կամ չափազանցված են։ Նազենի Ղարիբյանը մի կարեւոր բան ասաց, որ այս դեպքում խոսքը չի գնում ստեղծագործական անձնակազմերի մասին, այլ վարչական մասի՝ հաշվապահներ, կադրերի բաժնի վարիչ, այսինքն՝ խոսքը վարչական աշխատողների կրկնողությունների մասին է»։ 

Արտահոսքը վերջերս եղավ, բայց գործընթացը սկսվել էր ամիսներ առաջ, կոմպոզիտորը նկատում է՝ եթե նախարարություններն են օպտիմալացնում, իրար միավորում, ՊՈԱԿ-ների դեպքում եւս կանեն։ Նա բերում է Կոնսերվատորիայի օրինակը. «Ես անգամ ռեկտորին եմ ասել, Կոնսերվատորիայում մենք ունենք դասարանների պակասություն, 3 ժամ պարապելու համար հաճախ 3 լսարան ես փոխում կամ սպասում, թե որ մեկը կազատվի․ ահա, այդ պարագայում ես հաշվեցի, որ միայն 33 սենյակ Կոնսերվատորիայում զբաղված է վարչական մասի աշխատակիցներով։ Ընդհանրապես, մեր կյանքում վարչական մեքենան շատ ուռճացված է, փոխանակ բանվորների, մտավորականների, գիտնականների թիվը շատ լինի, դրանց սպասարկող վարչական մասերն են շատ»։ 

«Հայֆեստ» փառատոնի տնօրեն, պրոդյուսեր Արթուր Ղուկասյանի կարծիքով՝ ռեֆորմները պետք է լինեն ժամանակին, ճիշտ մտածված․ «Ինչքան շատ փորձագետների կարծիք իմանա կառավարությունը յուրաքանչյուր ոլորտից, այնքան ավելի ճիշտ որոշում կկայացնի։ Պետք է վերլուծություն անել, եթե դա ճիշտ անեն, հեշտ կլինի որոշում կայացնողների համար ասել․ սա՝ այսպես, նա՝ այնպես։ Միաժամանակ պետք է հաշվի առնել նաեւ տարբեր երկրների փորձը։ Երբ քննարկվում էր ՊՈԱԿ-ների հարցը մեր՝ թատրոնի օրենքի մասին հանձնաժողովի մեջ, որտեղ նաեւ ես եմ ներգրավված, այնտեղ մենք ասացինք, որ պետք է փոփոխվի ՊՈԱԿ-ների գաղափարը, ՊՈԱ՞Կ, թե՞ մշակութային ՊՈԱԿ։ Իմ կարծիքով՝ դրանք պետք է տարբեր լինեն, որովհետեւ դրանք շատ տարբեր են, եթե անգամ համեմատենք թանգարանը թատրոնի հետ, նրանք էլի, ըստ բնույթի, տարբեր են, եւ պետք է լինեն որոշակի ավելացումներ օրենքի մեջ, որոնք կօգնեն ճիշտ զարգանալ տարբեր ոլորտների ՊՈԱԿ-ներին՝ լինի դա 4, թե 5 հոգանոց։ Կարծում եմ՝ արդյունքն է ավելի կարեւոր, թե չէ կարող է հազար հոգանոց լինել, բայց ընդհանրապես ոչ մի արդյունք չտալ»։ 

Ըստ նրա, միացնելուց առաջ պետք է մի շարք գործոններ հաշվի առնել․ «Կախված, թե դրանք ինչ տեսակի թատրոններ են, ինչ տեսակի ներկայացումներ, ինչ տեսակի հանդիսատես է գալիս, ինչ փառատոների են մասնակցում, ով է լինելու լոկոմոտիվ, իսկ ով՝ ուղղակի վագոն։ Միացնելը նշանակում է հազար ու մի հարց՝ աշխատավարձի ֆոնդ, աշխատատեղի փոփոխություն, մի կողմից՝ դրանք մանրուքներ են, բայց մյուս կողմից՝ ռեալ մարդիկ են կանգնած՝ իրենց թոշակներով, աշխատավարձով, սպասումներով, եւ մարդիկ, ովքեր ստեղծում են մշակութային ապրանք մարդկանց համար։ Պետք է նախ մտածել՝ կվնասվի՞ դրանով արդյոք մի բան, թե՞ ոչ։ Այստեղ արդեն բժիշկների առաջին կանոնն է կարեւորվում՝ մի վնասիր։ Այսինքն՝ եթե դա չի խանգարի, այլ կօգնի, ոչ մի խնդիր՝ միացրեք։ Ինձ թվում է՝ առանց հայեցակարգի տեսլականի, առանց կոնցեպտի փոփոխման, համակարգային փոփոխությունը կարող է վնասել։ Կարող է այդ 2 ոլորտներն անմիանալի են իրար։ Օրինակ, ես գրել եմ դրա մասին ու շարունակում եմ ասել, որ չի կարելի միացնել մշակույթն ու կրթությունը, դա կվնասի ե՛ւ մշակույթին, ե՛ւ կրթությանը։ Դա սխալ որոշում է, հասկանալի է, որ ինչքան քիչ նախարարություն, այնքան քիչ ծախս, բայց շվեդներին լսեք, իրենք էլ են ասում, որ փող չունեն, բայց իրենք ուրիշ շերտի վրա են եւ այդ հարթությունից են ասում՝ փող չունեն։ Միշտ կլինի քիչ գումար, հատկապես անցման փուլերում։ Ի վերջո, ամեն ինչ պետք է անենք, որ չտուժի ոչ թե դերասանը, այլ՝ հանդիսատեսը։ Մենք ինչ-որ բան անում ենք, որ խնայենք բյուջե՞ն, թե՞ որ արդյունքը լավ լինի։ Եթե ուղղակի փող խնայելու հարցն է, ապա դա վատ որոշում է»։