Օրենքները պետք է գան ու փոխարինեն խորհուրդներին

Օրենքները պետք է գան ու փոխարինեն խորհուրդներին

Նախօրեին Քաղաքաշինության պետական կոմիտեում կայացած հասարակական քննարկմանը մասնակցել է նաեւ «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը։ Հանդիպմանը խոսվել է տարբեր թեմաներից, հիմնականում խոսք է գնացել «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի եւ արտոնագրերի տրման ընթացակարգի մասին։ Խոսվել է նաեւ այն մասին, որ այսօր մարզերում ճարտարապետական բաժիններ եւ պարզապես մարզային ճարտարապետներ չկան։ «Պետք է ապակենտրոնացնել ամեն ինչ, չի կարելի Երեւանը դարձնել ամբողջ քաղաքաշինության խնդիրները լուծող կենտրոն։ Քննարկվեց լիցենզավորման հարցը, բայց դեռ ոչինչ հստակ չէ»,- ասում է Խաչատրյանն ու նկատում՝ քանի որ «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի շուրջ ժամանակին բավականին դժգոհություններ եղան, քննարկումը հենց այդ առիթով էր նախատեսվել, բայց նրա խոսքերով՝ Ճարտարապետության պալատի ներկայացուցիչները եկել են հանդիպմանը եւ անմիջապես էլ հեռացել, քանի որ տեսել են, որ քննարկմանը մասնակցելու են նաեւ հակառակ թեւի ներկայացուցիչներ՝ ինժեներներ, ճարտարապետներ, այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն արտոնագրերի հետ եւ դժգոհ են ընդունած օրենքից։  

Անդրադառնալով նոր ձեւավորված Քաղաքաշինական խորհրդին, որն իր կազմով ավելի քիչ է, քան նախորդը, Խաչատրյանն ընդգծում է, որ օրենքները պետք է գան ու փոխարինեն խորհուրդներին, որովհետեւ խորհուրդները սուբյեկտիվ են, իսկ օրենքները՝ օբյեկտիվ․ «Հատկապես այն խաղերի պայմաններում, որ լինում են մեր խորհուրդներում։ Օրենքները պետք է դետալավորված լինեն, դրանից հետո քո քաղաքաշինական ծրագրերն էլ նորմալ կլինեն։ Այս համատեքստում գլխավոր ճարտարապետի հաստիքն էլ պետք է հանվի, որովհետեւ մեկ մարդու քմահաճույքից չպետք է ամեն ինչ կախված լինի։ Մենք ամեն քայլափոխի խորհուրդ ունենք, նման բան երեւի անգամ ԱՊՀ-ում չկա, իսկ Եվրոպայում արդեն հաստատ չկա»։  

Խաչատրյանն անդրադարձավ նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչեցված մի քանի մտքերին, այդ թվում՝ մանսարդների հետ կապված հարցին․ «Մեսչյանն ասում է, որ հաճախ այդ օրենքները խոչընդոտում են իրենց մտահղացումներն իրականացնել, ու որից հետո մանսարդի գաղափարն է առաջ քաշում։ Օրենքում գրված է, որ բնակիչների 100 տոկոսանոց համաձայնությունը պետք է լինի մանսարդներ կառուցելու համար, հիմա քանի որ բնակիչների 100 տոկոսը չի տալիս իրենց համաձայնությունը, իրենք որոշեցին դա իջեցնել 2/3-ի մակարդակի։ Եթե իրենք նման բան են անում, ուրեմն վաղը, մյուս օրը կարող է այդ 2/3-ն էլ չհավաքեն ու այդպես իջեցնեն մինչեւ 10 տոկոսի։ Վտանգը սա է, որ եթե իրենք ուզում են մի ծրագիր իրականացնել, ապա ցանկացած դեպքում կիրականացնեն»։ 

Ինչ վերաբերում է Մեսչյանի այն դիտարկմանը, որ ժողովուրդն էլ պետք է մի քիչ «Սանիթեք» լինի եւ պատասխանատվություն վերցնի իր վրա քաղաքի մաքրության հարցում, Խաչատրյանն ինչ-որ առումով համաձայն է, բայց․ «Մյուս կողմից՝ մարդն այդ աղբն արտադրում է, ի՞նչ անի դա, ամեն մեկն առնի իր աղբը, տանի Սովետաշենի աղբավա՞յր։ Այսօր մենք արդեն բախվում ենք աղբի կուտակումների հետ բակերում, փողոցներում։ Եթե, օրինակ, ես օրական 3 կգ աղբ եմ արտադրում, դա պետք է բերի նրան, որ առաջին հերթին իմ կենցաղը փոխեմ, որ դառնա գոնե մեկուկես, իսկ դրա համար պետությունը նվազագույնը աղբամաններով պետք է ապահովի քաղաքը»։ 

Այն, որ ուզում են բարձրահարկերի բոլոր աղբատար խողովակները փակեն, ըստ նրա՝ նույնպես ողջունելի չէ․ «Պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, հիմա քիչ թե շատ դրանք փակ են, ու հոտ չես առնում, բայց եթե փակեն, ամեն մի շենքին պետք է առնվազն 3 աղբաման, ու այդ ամբողջ բակն այդ աղբի ամաններով պետք է լցվի, իսկ ամռանը ոչ միայն հոտի դեմը չեն կարողանա առնել, այլ նաեւ՝ առնետների։ Շենքի աղբատարները փակելը, կարծում եմ, բոլորովին նպատակահարմար չէ, ավելի լավ է այդ աղբատարները մաքրեն։ Բոլոր քաղաքակիրթ երկրներում այդպես են անում, տարին մեկ անգամ առնվազն Ֆրանսիայի աղբատարները մաքրում են։ Հետո՝ աղբի հետ կապված խնդիրները մշտապես առկա են մեր երկրում, որովհետեւ, բացի նրանից, որ աղբը շատ է, մենք դա նաեւ չենք տեսակավորում»։