Արցախի հետ մեր հարաբերությունները թույլ են տալիս ցանկացած հարց բարձրացնել առանց միջնորդի

Արցախի հետ մեր հարաբերությունները թույլ են տալիս ցանկացած հարց բարձրացնել առանց միջնորդի

Դաշնակցության նախաձեռնությամբ երեկ Ստեփանակերտում մեկնարկել է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։ ՀՅԴ-ն ցանկանում է ստորագրահավաքի միջոցով կյանքի կոչել ռազմաքաղաքական դաշինքը։ Այս թեմայով զրուցեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ։

- Պարոն Իգիթյան, դաշնակցականները սկսում են գործընթաց՝ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքը կյանքի կոչելու համար, որն օրակարգ բարձրացավ դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ՝ ապրիլյան պատերազմից հետո։ Ձեր կարծիքով՝ կա՞ նման դաշինքի անհրաժեշտություն, ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ինչպիսի՞ն է այս հարցի հետ կապված։

- Ես չգիտեմ, իրոք, թե ինչ դաշինքի մասին է խոսքը․․․ Իսկ ինչո՞ւ է Դաշնակցությունն այդ գործընթացն անում․․․

- Հաշվի առնելով ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունը, ինժեներական լայն թափով աշխատանքները սահմանին, Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները եւ այլն՝ կարծում են, որ կա նման փոխօգնության դաշինք կնքելու անհրաժեշտություն, որ Հայաստանն արդեն օրինական հիմքեր ունենա՝ աջակցելու Արցախին։

- Ես նախաձեռնության իմաստին տեղյակ չեմ, ենթադրում եմ՝ ինչ էլ որ անեն, պետությանը կդիմեն, որովհետեւ դաշինքները ստեղծում են պետությունները։ Ես ենթադրում եմ, որ դա այդպես է, եւ պետություններն էլ կպատասխանեն, իհարկե, հաշվի առնելով բոլոր կոմպոնենտները՝ թե՛ անվտանգության, թե՛ Մինսկի խմբի ձեւաչափն ու գործընթացները եւ այլն։

- Դուք՝ որպես իշխող ուժ, մեծամասնություն, անհրաժեշտ չե՞ք համարում, որ Արցախի ու Հայաստանի միջեւ իրավապայմանագրային դաշինքային հարաբերություններ ձեւավորվեն, փոխօգնության պայմանագիր կնքվի։

- Նախ` ոչ թե իշխող ուժ, այլ մեծամասնության ներկայացուցիչ, երկրորդը՝ պարզ է, որ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները համագործակցում են բոլոր ոլորտներում, եւ չեմ կարծում, որ որեւէ խնդիր կա, խոչընդոտ, որ այս համագործակցությունը լինի սահմանափակ, այսինքն՝ որեւէ ձեւով սահմանափակված չէ մեր համագործակցությունը, եւ նույնիսկ այն հանգամանքը, որ մեր անվտանգության խորհուրդները համատեղ նիստեր են անում, դա եւս մի օրինակ է, որ մենք համագործակցում ենք ամենաբարձր եւ ամենախորը ձեւով։

- Չե՞ք կարծում, որ համագործակցությունը մի բան է, դաշինքը՝ բոլորովին այլ։

- Ես չգիտեմ, մեր օրակարգում մենք նման հարց չունենք, ես գտնում եմ, որ ցանկացած երկկողմանի հարաբերությունների ձեւաչափ փոխելու համար պետք է լինի պատճառ կամ պետք է լինի որեւէ խոչընդոտ, որն անհնար է հաղթահարել՝ չունենալով որեւէ փաստաթուղթ։ Առայժմ ես չգիտեմ այդ ինֆորմացիան՝ արդյոք մեզ ինչ-որ բան խանգարո՞ւմ է Արցախի հետ համագործակցել բոլոր ոլորտներում, երբ որ ՀՅԴ-ն պատրաստ լինի, հավանաբար, կդիմի ե՛ւ Արցախի Հանրապետությանը, ե՛ւ մեզ այն մասով, ինչքանով լիազորված ենք, իհարկե, կքննարկենք։ Բայց այս պահին որեւէ առաջարկ, դիմում չի եղել։

- Պատճառների մասին այս տարիներին շատ է խոսվել՝ նկատի ունենալով Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը եւ այլն։

- Մենք պետք է տարանջատենք երկու գործընթաց։ Ցանկացած կուսակցություն զբաղվում է կուսակցական գործունեությամբ, որի նպատակն ընտրությունների ժամանակ ժողովրդի մոտ գալ ինչ-որ օրակարգով եւ ձայներ ստանալ։ Նախորդ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի մոտ չստացվեց, իրենք պետք է փորձեն իրենց օրակարգի մեջ նոր օրակարգ մտցնեն եւ առաջին հերթին ոչ թե դիմեն մեզ, որովհետեւ ՀՅԴ-ն իշխանության, մեծամասնության հետ խնդիր չունի, ինքը խնդիր ունեցավ հասարակության հետ, որը ցույց տվեցին ընտրությունները։ Խնդիրն այստեղ է, եւ առայժմ ես այդ գործընթացը դիտարկում եմ որպես կուսակցական գործընթաց, եւ դա առաջին հերթին ուղղված է հասարակությանը։

- Այսինքն՝ ՀՅԴ-ն անիրական, պոպուլիստական քայլեր է անում, եւ երկու պետությունների շահը չի՞ թելադրում նման դաշինք։

- Եկեք «պոպուլիստական» բառը չօգտագործենք, ես հարգում եմ կուսակցություններին եւ գտնում եմ, որ Հայաստանում կուսակցությունները պետք է ձեւավորվեն՝ հաշվի առնելով, որ մենք ունեցել ենք խորհրդարանական ազատ ընտրություններ, եւ համոզված եմ, որ էլի ենք ունենալու։ Եվ լավ է, որ կուսակցությունները հիմա սկսում են հասարակության հետ շփվելու նոր օրակարգ ձեւավորել։

- Պարոն Իգիթյան, Արցախի շուրջ չունե՞նք վտանգավոր իրավիճակ, որից բխում է նման դաշինքի կնքումը, եւ եթե նման իրավիճակ լինի, դուք՝ ինքներդ, կնախաձեռնե՞ք՝ չթողնելով ՀՅԴ-ին։

- Ես չեմ գտնում, որ մենք խնդիրներ ունենք Հայաստանի եւ Արցախի հարաբերությունների միջեւ, գոնե Արցախի կողմից ես այդպիսի բան չեմ լսել, մենք վերջերս եղել ենք այնտեղ եւ հանդիպումներ ունեցել բոլոր մակարդակներում, եւ չկա այդ խնդիրը։ Արցախի հետ մեր հարաբերությունները՝ բարեկամական, մտերիմ, թույլ են տալիս ցանկացած հարց բարձրացնել առանց միջնորդի, չպետք է մոռանանք, որ ոչ միայն Հայաստանն ունի իր խորհրդարանը, մեծամասնությունը, ընդդիմությունը, այլեւ նույնն ունի Արցախը։ Այնտեղ մենք որեւէ մակարդակով այս ուղերձը չենք լսել։

- Միգուցե Արցախում Նիկոլ Փաշինյանի հորդորներից հետեւություն են արել․ նախընտրական փուլում նա շատ խիստ կոչ արեց չխառնվել Հայաստանի հարցերին։

- Մենք պետք է սովորենք, որ ՀՀ-ում կան ընտրողներ, Սահմանադրություն, նույնն էլ՝ Արցախում, եւ ինչպես որ մենք ուղղակի ձեւով չպիտի խառնվենք ընտրական գործընթացին, այնպես էլ՝ իրենք։ Որովհետեւ, նախ, օրենքը դա թույլ չի տալիս, եւ երկրորդ՝ մենք պետք է սովորենք, որ Արցախի հարցը չպետք է շահարկման առարկա լինի ընտրություններում այնքանով, ինչքանով որ կարող է խանգարել այդ գործի լուծմանը։

- Այդուհանդերձ, նման դաշինք ստորագրելու հարցում ՀՀ իշխանություններն ակնհայտ հապաղում են, դա չարեց նախորդ իշխանությունը, հիմա էլ ձեր օրակարգում չկա, դա որոշակի վտանգներ պարունակո՞ւմ է։

- Տարբեր միջազգային փաստաթղթերով Հայաստանը երաշխավոր է հանդիսանում Արցախի անվտանգությանը։