33 տարի անց «Գիքորը» օպերան կրկին կներկայացվի հանդիսատեսին

33 տարի անց «Գիքորը» օպերան կրկին կներկայացվի հանդիսատեսին
33 տարի անց «Գիքորը» օպերան կրկին կներկայացվի հանդիսատեսին
33 տարի անց «Գիքորը» օպերան կրկին կներկայացվի հանդիսատեսին
33 տարի անց «Գիքորը» օպերան կրկին կներկայացվի հանդիսատեսին
33 տարի անց «Գիքորը» օպերան կրկին կներկայացվի հանդիսատեսին
33 տարի անց «Գիքորը» օպերան կրկին կներկայացվի հանդիսատեսին
33 տարի անց «Գիքորը» օպերան կրկին կներկայացվի հանդիսատեսին
33 տարի անց «Գիքորը» օպերան կրկին կներկայացվի հանդիսատեսին

Հայ մեծանուն կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը Հ․ Թումանյանի «Գիքորը» պատմվածքի հիման վրա 1973 թ. գրել է համանուն օպերան, որն առաջին անգամ բեմադրվել է 1974-ին՝ Ջրբաշյանի մահից հետո, եւ մինչեւ 1986-ը մնացել է օպերային թատրոնի խաղացանկում: Ժամանակին այն բավականին մեծ հաջողություններ է ունեցել, հյուրախաղերով ներկայացվել է Մոսկվայում, Թբիլիսիում, բայց 86-ից հետո պարտիտուրը կորել է, եւ շուրջ 33 տարի այն չի բեմադրվել, մինչեւ որ Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, երաժշտագետ, Կոնսերվատորիայի դասախոս Անահիտ Գեւորգյանը որոշել է գտնել կորած պարտիտուրն ու նորից այն բեմադրել։  

Նախագծի ղեկավար Անահիտ Գեւորգյանն ասում է, որ սա օպերա բեմադրելու իրենց 2-րդ փորձն է, առաջինն «Անուշն» էր, որը ներկայացվել է նաեւ ԱՄՆ-ում։ Ահա, ԱՄՆ-ում էլ գտնվելու ժամանակ օպերային երգչուհի Աննա Նշանյանը, ով ժամանակին «Գիքորում» մարմնավորել է Նատոյի կերպարը իրեն պատմել է, որ Ստեփան Ջրբաշյանն ունի նաեւ «Գիքորը» անունով օպերա։ Գեւորգյանը նկատում է՝ լինելով երաժշտագետ, ոչ մի տեղ չի հանդիպել եւ տեղյակ չի եղել, որ Ստեփան Ջրբաշյանը գրել է նման օպերա, բայց Երեւան գալով՝ ձեռնամուխ է եղել այդ օպերայի որոնման աշխատանքներին։ Կորած պարտիտուրը գտնելուց հետո էլ լծվել է աշխատանքի, եւ վոկալ մասի ղեկավար Շաքե Աշչյանի հետ փորձել են ամբողջ օպերան վերականգնել։ «Մենք իսկապես սիրահարվեցինք այդ օպերային եւ որոշեցինք այն կյանքի կոչել, երաժշտությունն ուղղակի չքնաղ է՝ ազգային տարրերով հարուստ, գեղեցկագույն եւ բարդագույն մի օպերա, թե՛ նվագախմբային պարտիաներն են բարդ, թե՛ վոկալը։ Պարտիտուրի վերականգնումը շատ բարդ գործընթաց էր, բայց, ի ուրախություն մեզ, Օպերայի երկարամյա գրադարանավարուհի Նազելի Մինասյանը հանձն առավ այդ դժվարին գործը։ Նա մեկ տարի շարունակ պահոցներից պրպտեց-գտավ բոլոր օպերային նվագախմբի պարտիաները, իսկ մեր դպրոցի երգչախմբի ղեկավար Ռուբեն Կարասեֆերյանը հանձն առավ պարտիտուրի վերականգնման գործը։ Պարտիաների թերթերը պատռված էին, բայց կարողացանք այն իրականություն դարձնել եւ վերջապես կկարողանանք վերադարձնել մեր ազգային արժեքը, որը 33 տարի Օպերայի խաղացանկից դուրս էր մնացել»,- ասում է Գեւորգյանն ու նկատում, որ սա օպերայի 2-րդ ծնունդը կարելի է համարել, որը բաղկացած է 2 գործողությունից եւ ունի գրեթե 2 ժամ տեւողություն։ Թե «Անուշի», թե «Գիքորի» հովանավորտ ամերիկաբնակ Սիրվարդ Կավուկչյանն է։    

Նախագծում ներգրավված է շուրջ 150 մասնակից, 40 հոգանոց դերասանական կազմը, ովքեր Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժնի սաներն են, «Տիգրանյան» նվագախումբը, ավագ երգչախումբը, «Real dance» պարախումբը, «Արտիստ» թատերական ստուդիայի սաները:

Թե ինչու է օպերայում Գիքորին գրեթե բոլոր ժամանակներում մարմնավորում աղջիկ, Գեւորգյանն ասում է, որ Ստեփան Ջրբաշյանն այնպիսի դիապազոնում է գրել Գիքորի ամբողջ պարտիաները, որ շատ դժվար է տղաների մեջ գտնել այդպիսի դիապազոն․ «Գիքորին մարմնավորում է մեր դպրոցի տաղանդավոր սան Անի Թամազյանը, ով Գիքորի առաջին դերակատարի՝ Ասյա Հայրապետյանի թոռնուհին է»։  

Ներկայացման դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյան, վոկալ մասի ղեկավար՝ Շաքե Աշչյան, կոնցերտմայստեր՝ Ռուզան Վարոսյան, պարուսույց` Գոռ Մկրտչյան։ Հագուստների նկարիչը Վերգինե Ալավերդյանն է։ Օպերայի ռեժիսորը եւ բեմանկարիչը` Նարինե Թարզիմկոյանը․ «Շատ տաղանդավոր մարդ, ով գրեթե մեկ ամիս իր վախերն էր հաղթահարում, որովհետեւ բարդ էր համադրել օպերան երեխաների հետ։ Իրոք, դժվար էր վոկալ առումով, չնայած երեխաները պատրաստ էին, բայց պետք է դա սինթեզվեր՝ դերասանական խաղը, վոկալը՝ պարտիաների հետ մեկտեղ։ Եվ ամենադժվարը սկսվեց, երբ վոկալ մենակատարները սկսեցին իրենց դերասանական խաղով միանալ նվագախմբին, ինչը շատ բարդ էր։ Վոկալ մասի վրա աշխատել ենք մեկ տարուց ավելի, բայց մարտ ամսից սկսեցինք օպերայի վրա ամբողջական աշխատանքը»։ 

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ «Գիքոր» օպերան կներկայացվի այսօր եւ հունիսի 28-ին, ժամը 19:00-ին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում, որը նվիրվում է Հ. Թումանյանի ծննդյան 150 ամյակին: «Գիքորը» կներկայացվի նաեւ մարզերում. հուլիսի 1-ին, ժամը 18:00-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական, հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Լուսանկարներն արվել են փորձերի ժամանակ։