Իրավիճակ «սկի» չի փոխվել

Իրավիճակ «սկի» չի փոխվել
Հայկ Մարության

Չնայած հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները շուտասելուկի պես կրկնում են, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, միեւնույն է, մեզանում կան բաներ, որոնք եղել են, կան ու կմնան անփոփոխ:
Օրինակ, Նիկոլի ժամանակների տաքսիստը, թվում է, պետք է տարբեր լիներ Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի կամ Տիգրան Սարգսյանի ժամանակների տաքսիստներից: Բայց ոչ: Այսօր էլ, մինիմալի դեպքում, երբ հազարանոց ես տալիս, տաքսիստը նույն բանն է ասում` մանր չունեմ, ախպեր: Ու մի այնպիսի համոզիչ տոնով, ասես` դու ես պարտք մնացել: Էհ, չունես` ջանդ սաղ, ի՞նչ ասեմ, «ախպեր»:

Երեւանի քաղաքապետերը չփոփոխվող բաների շարքում երկրորդն են: Տեսեք, նույն հարցի հետ կապված՝ նույն բովանդակությամբ նամակներ ենք գրել Երեւանի վերջին երկու քաղաքապետերին: Երկուսից էլ ուղիղ էջուկեսանոց պատասխան ենք ստացել, ճիշտ նույն պատասխանը` առանց մեկ ստորակետի տարբերության: Մեր խնդրանքին` թույլ տալ շենքի բակում կառուցված ավտոտնակների միջեւ եղած տարածքը երկու կողմից ցանկապատել եւ մեքենան այնտեղ կանգնեցնել, թե՛ Տարոն Մարգարյանը եւ թե՛ Հայկ Մարությանը պատասխանել են, որ մինչեւ 2020 թվականը մեր բակում ստորգետնյա ավտոկայանատեղի են կառուցելու: Ինձ նրանց պատասխանների նույնականությունը չէ, որ զարմացնում է, այլ այն, որ երկուսն էլ բացահայտ ստում են, առանց ամաչելու: Դուք, ախր, մինչեւ 2020 թվականը ձեր շալվարը չեք կարողանա հագնել, ուր մնաց` մեր բակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցեք:

Սոցապնախարարություն` հիրավի անփոխարինելի մասունք անփոփոխելի իրականության: Հայտնի է, որ Հայաստանում հոգին ավանդող անապահովների համար ոչ թե տերտեր, այլ «Փարոսի» տեսուչ են կանչում: Այդ ավանդույթը պահպանվել եւ ավելի խստացել է Փաշինյանի օրօք: Մեզ էր դիմել մի նպաստառու քաղաքացի, որի կացարանը փլվել էր: ԱԻՆ-ը քաղաքացուն արգելել էր մուտք գործել փլված տուն, որպեսզի, Աստված չանի, առաստաղն իջնի: Սոցապից տեղի ունեցածը բոլորովին այլ կերպ էին ընկալել եւ շտապօգնության ծառայությունից արագ եկել ու կտրել էին քաղաքացու «Փարոսը»: ՀՀ շատ «անապահով» քաղաքացիներ, սակայն, որոնք ե՛ւ մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա, գազ ու ջուր են օգտագործում, ե՛ւ նույնիսկ ավտոմեքենա ներկրում Հայաստան եւ բանկերի հետ գործարքներ անում, շարունակում են անվրդով «Փարոս» ստանալ: Սա էլ հո Փաշինյանն է ասել, ինչո՞ւ ոչինչ չի փոխվում:

Կոռուպցիա: Սա շատ վատ բան է, որ Հայաստանից այդպես էլ չի վերանում: Նախկինում բոլորը գիտեին, որ բոլորը կոռումպացված են: Մի տեսակ` հավասարակշռված վիճակ էր: Այսօր վիճակը շատ տարբեր չէ, միայն թե հավասարակշռությունն է վերացել, եւ այնպես է ստացվել, որ միայն Փաշինյանը գիտի, որ բոլորը կոռումպացված են: Եվ եթե առաջ ինչ-որ կոռուպցիոներ շատ էր համը հանում ու բռնվում իրենց հերթին կոռումպացված իրավապահների կողմից, ապա այժմ Փաշինյանն է միանձնյա որոշում` ում բռնել: Որպես այս թեմայի շարունակություն՝ նշենք, որ նախկինում օլիգարխ էին համարվում գրեթե բոլոր պատգամավորները, իսկ այսօր՝ միայն նրանք, ում վրա մատը կդնի Փաշինյանը: Հարց կարող է առաջանալ` իսկ նման հարցերը միանձնյա լուծող Փաշինյանը՝ ինքը, կոռումպացված չէ՞: Իհարկե, կոռումպացված է: Իսկ Հայաստանում այդ ո՞ր վարչապետը կոռումպացված չի եղել: Փաշինյանը, ինչ է, մեջների «կյա՞ժն» է: Լավ էլ կոռումպացված է: Կարծում եք էն ֆոնդը Աննայի՞նն է: Չսխալվեք: Նիկոլ Փաշինյանն այդ հիմնադրամը հավատարմագրված կառավարման է հանձնել Աննային: Մեկ տարում բոլոր վարկերը փակեց, ապառիկները վճարեց… Ինչո՞վ: Դեռ Արարատ Միրզոյանին էլ հեռուստացույցի փող տվեց: Օդից հո չընկա՞վ այդ փողը: Մի խոսքով` Փաշինյան Նիկոլի ընտանեկան բյուջեի հետ կապված (ինքն ասում է` «բյուդջջե») ամեն ինչ կարգին է, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչպես ստացվեց:

Ոչինչ չի փոխվել նաեւ Երեւանի փողոցներում: Ոչ մի հեղափոխություն, մեզ թվում է, ի զորու չէ լուծելու «տայանչիկների» խնդիրը: Նույն մարդիկ նույն տեղերում իրենց գործին են: Փողոցներ կան, որտեղ նույնիսկ «կարմիր գծերն» են քչություն անում: Օրինակ` Խորենացու փողոցի` ոսկու շուկային հարող տարածքում: Կարմիր գծերի մեջ, ամենուր, զանազան մետաղյա առարկաներ են շարված, որպեսզի «չուժոյ» հպարտ քաղաքացիները չկայանեն: Այդ առարկաներից շատերը, ինչպես նաեւ դրանք տեղաշարժելու «իրավունք ունեցող» ստայանչիկներն ինձ ծանոթ են դեռ Վլադիմիր Գասպարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներից: Ամեն ինչ նույնն է նաեւ Վլադիմիր Գասպարյանի թողած ժառանգության առումով` արագաչափեր, տեսանկարահանող սարքեր, ձեւական տեխզննություն, երթեւեկության մեջ մշտապես առավելություն ունեցող «ապերիկներ» եւ այլն, եւ այլն: Ի դեպ` վերջիններիս թիվը կտրուկ աճել է, եւ դա` շնորհիվ իմքայլական բիրդան աղաներ ավտոպարկի նորացման:

Չմոռանանք նաեւ աղբը: Երեւանը կար, կա եւ, հավանաբար, կմնա որպես աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից մեկը: Տարոնից առաջ մաքրում էին, Տարոնը մաքրում էր, Հայկոն մաքրում է (ինչքան կարողանում է), բայց մեկ է` աղբը ելել, երեւանցիներին տանում է:
Եվ վերջապես` հասարակական տրանսպորտը, խնդիր, որ Երեւանում առկա է անհիշելի ժամանակներից: Հայկ Մարությանը, ըստ երեւույթին, պետք է դադարի այդ հարցը լուծելու համար պատեպատ դիպչելուց: Ավելի լավ է թուլանա եւ հաճույք ստանա, որովհետեւ ինչ էլ ասի ու խոսի, միեւնույն է, մարդիկ գիտեն, որ նա ստում է Երեւանի բոլոր նախկին քաղաքապետերի հանգույն: