Անպատվաբեր է

Անպատվաբեր է

Արցախցի քաղաքական գործիչ Վահան Բադասյանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունից հետո վարչապետ Փաշինյանը նոր հասկացավ, որ Արցախի իշխանությունները «հակահեղափոխության կենտրոն են հանդիսացել եւ համախմբում են իրենց շուրջը հին ռեժիմի ներկայացուցիչներին» եւ «շարունակում են քայքայիչ եւ պառակտիչ քաղաքականությունը»: Ընդսմին, Բադասյանը կարծում է, որ Արցախի սպասվող նախագահական ընտրություններում շանս կունենան այն ուժերը, որոնց ՀՀ իշխանությունները կաջակցեն, բայց նաեւ համոզված է, որ հավանական թեկնածուներից ոչ մեկը չպետք է առաջադրվի, քանի որ խախտել են կարգը եւ քարոզչություն են իրականացրել:

Նա անուններ չի տալիս, բայց գտնում է, որ «Արցախի ժողովուրդը նոր ուժերի է սատարելու եւ նոր ուժեր են հանդես գալու»: Ըստ երեւույթին, նոր ուժ ասելով՝ նա իրեն նկատի ունի եւ հույս է պահում, որ Հայաստանի իշխանությունները կաջակցեն իրեն: Այս ֆոնին գործող իշխանություններին Բադասյանի ներկայացրած մեղադրանքները թողնում են վարչապետ Փաշինյանի համակրանքը շահելու փորձի տպավորություն: Նա, կարծես, ճիգ է անում իրեն առանձնացնել Արցախի ներքաղաքական կյանքի մյուս բոլոր դերակատարներից՝ նրանց ներկայացնելով որպես «հակահեղափոխական»: Ինքը, մինչդեռ, հանդես է գալիս որպես բացառապես անբիծ, հեղափոխության նվիրյալ: Թե ի՞նչ եզրակացության կարելի է գալ այսօրինակ ինքնամատուցումից՝ թողնենք Բադասյանը գնահատի:

Բայց մինչ այդ հարկ է արձանագրել, որ Արցախը չի եղել եւ չի կարող լինել հակահեղափոխության հարթակ: Եւ թյուր է այն մատուցումը, թե Արցախի գործող իշխանությունն իր շուրջն է համախմբում հին ռեժիմի ներկայացուցիչներին: Մարտական եւ քաղաքական ուղի անցած մարդուն ուղղակի չի պատշաճում նման հայտարարություններ անել եւ կամա, թե ակամա սպասարկել ինչ-որ խմբավորման շահեր, որոնք ոչ մի կապ չունեն հեղափոխության, Հայաստանի եւ Արցախի ապագայով մտահոգվածության հետ: Կան ուժեր, որ «միասնության» կոչով գնում են Հայաստան-Արցախ պառակտման: Նրանք արտաքին կենտրոնի կամակատարներ են: Այս խաղում Վահան Բադասյանը դերակատարություն չպետք է ունենա:

Նա արցախյան քաղաքական ուժի առաջնորդ է: Եւ եթե ունի որոշակի հավակնություններ, ապա ինքնադրսեւորման մի ասպարեզում միայն կարող է գործել՝ արցախյան իրականության մեջ: Հարկ է սթափ գնահատել հնարավորությունները, կողմնորոշվել եւ ընդունել որոշում: Լրատվամիջոցից-լրատվամիջոց թափառող նրա էքսցենտրիկ վերագրումներն արդեն մոտենում են կարմիր գծին: Հույս կա, որ Բադասյանը չի հատի այդ սահմանը: Քանի որ, թվում է, իր փորձառությամբ պետք է որ իմանա՝ նպատակահարմարությունից վեր կան անձեռնմխելի արժեքներ: Դրանք ուրացողը ոչ մի ճամբարում հարգանք չի վայելում: